«Ահազանգի կոչնակը հնչեցնելու պահն է»․ Արցախում շարժում է մեկնարկել
Անժամկետ համաժողովրդական շարժում Արցախում
Ստեփանակերտում այսօր հանրահավաք է կազմակերպվել, որով տրվել է համաժողովրդական շարժման մեկնարկը։ Շարժառիթը շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն է: Հունիսի 15-ից արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով արգելված է նաև հումանիտար բեռների մուտքը։ Նախօրեին տեսաուղերձով անժամկետ պայքար սկսելու մասին հայտնել էր պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու նշել, որ պետք է այդ կերպ «ուշքի բերել բոլոր դերակատարներին»։
«Ինչի՞ն եք սպասում, ուզո՞ւմ եք՝ ամեն օր այս հրապարակում մարդկանց դիակներ ունենանք, որ արձագանքե՞ք»,- այսօր Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ միջազգային հանրությանը, Ռուսաստանին և Հայաստանին նման հարց է ուղղել Ներսիսյանը։
Վերածննդի հրապարակում ելույթներով հանդես են եկել պետնախարարն ու մարդու իրավունքների պաշտպանը։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Կարմիր խաչի կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ և ռուս խաղաղապահների տեղակայման վայր։ Կարմիր խաչին ներկայացվել է պահանջ «միջազգային կառույցներին իրական և օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել Արցախում ստեղծված իրավիճակի մասին առանց Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության գործընթաց սկսած Ադրբեջանի ճնշումներին տուրք տալու»։
Ռուս խաղաղապահներին փոխանցվել է պահանջ «դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը»։ Ակցիայի մասնակիցները մտադիր են վրաններ տեղադրել խաղաղապահների շտաբի դիմաց և սպասել հրամանատարի որոշմանը։
Պետնախարարը շեշտել է՝ թույլ չեն տալու շարժումը ծառայեցնել որևէ մեկի անձնական կամ քաղաքական շահերին։
Հանրահավաքի կարևոր դրվագներն ու ելույթները՝ ամփոփ
Ի՞նչ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում
Հունիսի 15-ից Արցախն ամբողջությամբ շրջափակված է։ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշի տեղադրման անհաջող փորձից հետո Ադրբեջանը չի թույլատրում նույնիսկ հումանիտար բեռների մուտքը։ Պաշտոնյաները հայտարարում են՝ գոյատևում են ներքին ռեսուրսների հաշվին, սակայն դրանք անսպառ չեն։
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ շրջափակումը հասել է օրհասական կետի, լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու կյանք․
«Մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական և անհերքելի սպառնալիքի ներքո»։
Պետնախարարի խոսքով՝ ամեն օր ավելի ծանր ու դժվար է դառնալու։ Մատնանշել է մի շարք հանգամանքներ, այդ թվում՝
- համայնքները հաջորդաբար զրկվում են խմելու ջրի մատակարարման հնարավորությունից,
- գյուղերի բնակիչները դարձել են «գերիներ», շրջկենտրոնի և մայրաքաղաքի միակ կապը հեռախոսազանգն է,
- դադարեցվում են միջհամայնքային երթերը,
- մանկապարտեզներում երեխաները չեն սնվում,
- հիվանդանոցներում բուժվողներին տրվում է չնչին քանակի սնունդ։
«Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի և բժշկական օգնության հասանելիության խնդիր»,- նկատել է նա։
«Տեր կանգնեք ձեր մանդատին»
Հանրահավաքի մասնակիցները մի քանի անգամ հնչեցրել են միջազգային հանրությանն ուղղված կոչեր՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Ոչ Արցախի շրջափակմանը», «Կանխեք վերահաս աղետը»։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ մասնակիցները բերել էին նաև իրենց ուղերձները՝ պաստառների տեսքով։
«Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանային խաղաղության և կայունության բանալին է»,- գրված էր դրանցից մեկի վրա։
Մյուսը շրջափակման մասին էր և ընդգծում էր այն հանգամանքը, որ «Ադրբեջանը 120 հազար հայի պատանդ է վերցրել»։
Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացվեց նաև օտարալեզու լսարանի համար՝ անգլերեն և ռուսերեն։ Կոչը մեկն էր՝ կանխել Ադրբեջանի հերթական հանցագործությունը մարդկության դեմ, կանխել էթնիկ զտումն ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանությունը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շեշտել է, որ ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է։ Նա նույնպես կոչեր է հնչեցրել, մասնավորապես՝
- Ռուս խաղաղապահներին․ «Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»։
- ՀՀ-ում ապրող հայրենակիցներին․ «Ոտքի կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային»։
- Սփյուռքում ապրող հայերին․ «Կանխեք հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, պարտադրեք աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին՝ այլևս երբեք, պարտադրեք հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին»։
«Պարզվեց՝ բոլորը դիտորդի կարգավիճակում են»
Պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսպես է բնորոշել միջազգային հանրության, Ռուսաստանի և Հայաստանի գործելաոճը՝ նշելով, որ հույս ունեին, թե «ամենակարճ ժամկետում վճռական քայլեր կձեռնարկեին մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար»։
Ներսիսյանի փոխանցմամբ՝ երեք տարի է, ինչ հետևում են, թե «ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր վարում»։ Ասում է՝ ոչ արդյունքն են տեսնում, ոչ ազդեցությունն են զգում․
«Իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ և հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին»։
«Մտահոգված ենք, խիստ, խորապես մտահոգված ենք»
Օմբուդսմենի խոսքով՝ վերջին ամիսներին հենց նման հայտարարություններ են հնչում տարբեր միջազգային դերակատարների կողմից։
Ասում է՝ մինչ նրանք «մերկապարանոց մտահոգություններ» են հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների։
«Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան»,- շեշտել է նա։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ պետք է վերջ տալ խոսելուն, Արցախում ողբերգությունը կանխելու համար «անհապաղ և կոնկրետ գործողություններ» ձեռնարկել։
«Չենք կարող լինել Ադրբեջանի կազմում»
Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է նաև Արցախի կարգավիճակի թեմային և խոսել ինքնորոշման իրավունքի մասին։ Նրա խոսքով՝ աշխարհի շատ ժողովուրդների պետությունն ու պետականությունը «մատուցվել են սկուտեղի վրա», իսկ Արցախը «վաստակել է իր ինքնորոշման իրավունքը»։
«Արցախյան բոլոր պատերազմներում վճարված թանկ գինը, 7-ամսյա շրջափակման տառապանքները աղաղակող փաստեր են, որ մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում։
Բոլոր նրանք, ովքեր դեռ իլյուզիաներ ունեն այս առումով, թող պատասխանեն՝ արդյո՞ք հնարավոր էր պատկերացնել հրեաների կյանքը նացիստական Գերմանիայում։ Այո, Ադրբեջանը նույն նացիստական երկիրն է, որի հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայերի նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անժամկետ համաժողովրդական շարժում Արցախում