Անգելա Մերկելի դժվար հաղթանակը
Անգելա Մերկելը վերընտրվել է չորրորդ անգամ, իսկ ազգայնականները գերմանական ընտրություններին աննախադեպ հաջողության են հասել: Քրիստոնեա-դեմոկրատական-միություն-Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական դաշինքը Մերկելի գլխավորությամբ ցույց է տվել վերջին 70 տարվա վատագույն արդյունքը, սակայն գերմանական խորհրդարանում շարունակում է առաջատար ուժ լինել: Նման պարտություն Քրիստոնեա-դեմոկրատական միությունն (ՔԴՄ) ու Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ) չէին կրել 1949թ-ից ի վեր, երբ Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացան:
Բի-Բի-Սիի թղթակցի կարծիքով՝ Մերկելի ոչ համոզիչ արդյունքի գլխավոր պատճառը 900 հազար միգրանտներին և առանց փաստաթղթերի փախստականներին երկիր մուտք գործելու կանցլերի որոշումն էր:
ՔԴՄ-ՔՍՄ ներկայիս գործընկեր սոցիալ-դեմոկրատները հայտարարել են ընդդիմության շարքերը համալրելու մտադրության մասին այս ընտրություններում կրած աննախադեպ պարտությունից հետո:
Առավել հավանական սցենարն այսպես կոչված «ճամայկյան» կոալիցիայի կազմավորումն է (դրա մասնակիցների կուսակցական դրոշների գույները Ճամայկայի դրոշն են կազմում). ՔԴՄ-ՔՍՄ (սև), ազատ դեմոկրատներ (դեղին), որոնք խորհրդարան են վերադառնում քառամյա բացակայություից հետո, և «կանաչների» կուսակցություն:
«Այլընտրանք Գերմանիայի համար» նոր ուժը Բունդեսթագում, օգտվեց Սիրիայի պես պատերազմով բռնկված երկրներից միգրացիայի ոլորտում Մերկելի քաղաքականության դեմ հասունացած տրամադրություններից: Կուսակցությունը հանդես է գալիս միգրանտների և հատկապես՝ իսլամի դեմ: Այն ձգտում է արգելել մինարեթները և իսլամը գերմանական մշակույթի հետ անհամատեղ է հայտարարել:
«Այլընտրանքի» որոշ թեկնածուներ ծայրահեղ աջ կոչերով են հանդես եկել: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ֆրաուկե Պետրին Թվիթերում ընտրությունների արդյունքի վերաբերյալ գրել է, որ երկիրը «քաղաքական երկրաշարժ» է վերապրել: «Այլընտրանքի» արդյունքները կանխատեսումներից ավելի լավն էին: