Այստեղ քնում են, բայց ոչ միայն
Երբ խոսքը է գնում Սուխումի մասին, միանգամից պատկերացնում են կապիկների բուծարանն ու բուսաբանական այգին, դե մեկ էլ հայտնի Բրեխալովկան:
Սակայն Սուխումի բնակչության մեծ մասն այստեղ չի ապրում: 80 հազ. քաղաքացիների մեկ երրորդն ապրում է «էկոնոմ կարգի» շրջանում՝ Նոր թաղամասում, որն Աբխազիայի մայրաքաղաքից դեպի արևմուտք է գտնվում: Ինչպես հասկացվում է անվանումից, Նոր թաղամասը համեմատաբար նոր է: Առաջին հինգ-հարկանի շենքերն այստեղ կառուցել են 60-ականներին:
Տեղացիներն այն պարզապես «թաղամաս» են անվանում: Եթե տաքսու վարորդը հարցնի՝ ուր եք գնալու, պատասխանեք՝ թաղամաս, ձեզ անկասկած կբերեն հենց Նոր թաղամաս: Սա քաղաք է քաղաքում կամ, ինչպես սուխումցիներն են կատակում՝ զուգահեռ քաղաք:
«Բոլոր նրանք, ովքեր կենտրոնում են ապրում այստեղ են գալիս հարսանիքի կամ թաղման: Այդ պատճառով էլ, երբ հայտնվում են այստեղ, լավ չեն կողմնորոշվում: Միատեսակ բարձրահարկները ցրված են մեծ տարածության վրա այնպես, որ նույնիսկ համարակալումը չի օգնում պետք եղած հասցեն գտնել: Կարելի է այստեղ ժամերով պտտվել, մինչև տեղացիներից մեկը ձեռքը բռնած չհասցնի ձեզ փնտրած շենքի մոտ: Աներձագս տարին մեկ գալիս է ինձ հյուր և ամեն անգամ իրեն լաբիրինթոսում է զգում», — պատմում է տաքսու վարորդ Արմենը:
Նոր թաղամասի բնակիչները բնականաբար գերազանց են կողմնորոշվում: Չէ՞ որ աշխատանքի վայրերն այսպես թե այնպես Սուխումի կենրոնում են: Նրանք ստիպված են ամեն օր գալ-գնալ:
Հուշարձաններ այստեղ չկան, շենքերը դասական սովետական են՝ արագ և էժան բնակարաններ տալու համար կառուցված: Սակայն սա Սուխումի ամենաբնակեցված թաղամասն է, որի նշանակությունը հենց այդպիսին է՝ գալ քնել աշխատանքից, դասից կամ ժամանակ անցկացնելուց հետո: Ընդ որում, Նոր թաղամասը ամբողջովին հարմարեցված է կյանքին: Այստեղ կան դպրոցներ, խանութներ, մանկապարտեզներ, ֆուտբոլի դաշտեր, սեփական տոնածառը՝ Ամանորից առաջ և նույնիսկ սեփական ելքը դեպի ծով: Իսկ հասարակական տրանսպորտն աշխատում է ավելի լավ ու երկար, քան Սուխումի այլ թաղամասերում:
Ասիդան համալսարանի ուսանողուհի է: Ծնունդով Գուդաուտիից է, իսկ քանի որ այնտեղից դժվար է դասի գալ, ընկերուհու հետ Նոր թաղամասում բնակարան է վարձում: Նրան դեռևս գոհացնում է միայն վարձը՝ ընդամենը երեք հազա ռուբլի (մոտ 40$) երկու սենյականոց բնակարանի դիմաց. սա գտած բան է: Սուխումի կենտրոնում բնակարանները տասն անգամ ավելի թանկ են: Չնայած, այս դրական կողմը «փոխհատուցվում է» համալսարան տանող ճանապարհով:
«Դասի եմ գնում միշտ սպորտային կոշիկներով, առանց կրունկների: Այլ կոշիկ պարզապես չեմ կարող հագնել: Իմ շենքից մինչև կանգառ երեք բակ պետք է անցնեմ քանդված մայթերով, որոնք ծածկված են մանրաքարով: Բարձր կրունկներով չես անցնի: Սովորաբար երթուղայինով եմ գնում դասի՝ տրանսպորտ փոխելով: Երբեմն, եթե շատ գումար չունեմ՝ տրոլեյբուսով, որը, ցավոք, մինչև սարի վրա գտնվող համալսարանի շենք չի հասնում: Ստիպված եմ լինում 300 մետր բարձրանալ ոտքով», — պատմում է Ասիդան:
Առաջին կուրսում նա դեռ փորձել է կրունկներով դասի գնալ, սակայն դադարել է, երբ դասի գնալիս կոտրել է կոշիկի կրունկը և ոտքը դուրս գցել: Այդ օրվանից միայն սպորտային կոշիկներ է հագնում:
Այստեղ բնակարաններն իրոք համեմատաբար թանկ չեն: Մեկ-սենյականոց տունը կարելի է գնել 400 հազ. ռուբլով (մոտ 5300 դոլար), երկու սենյականոցը՝ 700 հազ. ռուբլով [մոտ $9,000]. Շատ երիտասարդ ընտանիքներ հենց այստեղ են բնակվում, իսկ եթե չեն կարողանում տուն գնել, ապա վարձակալում են:
Տուն փնտրողները հիմնականում Նոր թաղամասը դիտարկում են որպես ժամանակավոր կացարան, մտածում են, որ մի քանի տարի կապրեն, փող կհավաքեն և կտեղափոխվեն կենտրոն, սակայն այս ծրագիրը կարողանում են իրականացնել միայն հատուկենտ մարդիկ:
«Մարդիկ սովորում են ու էլ ոչինչ չեն ուզում փոխել: Իսկ ինձ նման ինչ-որ մեկին, խանգարում են անհամար ֆինանսական խնդիրները: Եվ կրկին փաստ չէ, որ եթե մի քանի տարի հետո ես կենտրոնում բնակարան գնելու փող ունենամ, այդպես էլ անելու եմ: Տեղին ես սովորում, հարևաններդ են լավը, վերանորոգել ես տունը, երեխաների դպրոցը չես ուզում փոխել», — ասում է Վիկտորը:
Մինչև տանսհինգ տարեկանը նա ապրել է կենտրոնում՝ ծովին մոտ: Հետո ծնողները Նոր թաղամասում տուն են ստացել և այդ ժամանակվանից նա այստեղ է ապրում՝ չհաշված Ռոստովում սովորելու տարիները: Երեսուն տարի է անցել, բայց չի կարողանում հարմարվել: Մասնագիտությամբ ինժեներ է, սակայն համապատասխան աշխատանքի բացակայության պատճառով վաղուց չի աշխատում որպես ինժեներ: Այժմ աշխատում է էքսկուրսիաների բիզնեսում:
«Սեզոնին աշխատանքով կարծես թե վատ չեմ վաստակում, կարող եմ այդ գումարին նույնիսկ բնակարան գնել կենտրոնում, բայց այդ ժամանակ ապրելու համար գումար չեմ ունենա: Մի խոսքով, երևի դա ինձ համար չէ», — պատմում է Վիկտորը:
Բայց, օրինակ, մի ընկեր ունեմ, ով լավ է վաստակում՝ այստեղ մեծ մթերային խանութ ունի: Նրան Նոր թաղամասից ոչ մի գայթակղություն դուրս չի հանի: Երկու բնակարան է գնել, միացրել է իր բնակարանին և պալատներ սարքել: Մեծ ավտոտնակ ունի, տանը բոլորը մեքենայով են ման գալիս: Եվ իրոք, ինչի՞ն է պետք ինչ-որ բան փոխել, եթե բոլորը գոհ են, հատկապես՝ կինը»:
1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Նոր թաղամասը մնացածներից ավելի շատ է տուժել, քանի որ պատերազմական գոտուց հեռու չի եղել: Տներից շատերի վրա պահպանվել են կրակահերթերի հետքերը: Շատ բնակարաններ, իսկ տեղ-տեղ նույնիսկ շենքեր չեն վերականգնվել և լքված են մինչ այժմ:
Աստիճանաբար Նոր թաղամասը վերականգնվում է ինչ-որ տեղ բնակիչների ուժերով, ինչ-որ տեղ էլ՝ պետբյուջեի:
Վերջին մի քանի տարում պետությունը տարբեր ծրագրերի միջոցով թաղամասը վերածել է ապրելու համար հարմար բնակավայրի: Ասֆալտապատվել են շատ ճանապարհներ, հայտնվել են այգիներ ու պուրակներ, մի քանի ժամանակակից սպորտային և մանկական հրապարակներ են կառուցվել: Բացի այդ վերանորոգվել են բոլոր բարձրահարկ շենքերի տանիքները, վերելակները, որոշ տեղերում էլ նորերն են տեղադրվել:
«Նախկինում, երբ կառավարությունը ոչինչ չէր անում, տեղացիներն անտարբեր էին թաղամասի հանդեպ: Աղբը նետում էին ուր խելքներին փչեր, սեփական շենքերի բակերն ու մուտքերը չէին մաքրում: Ամենուրեք կեղտ էր: Ոմանք նույնիսկ անասուն էին պահում լքված բնակարաններում», — պատմում է թոշակառու Վալենտինա Կուլակովան:
«Իմ հարևաններից մեկն առաջին հարկի իր բնակարանը հարմարացրել խոզանոց էր դարձրել: Մի քանի տարի խոզ էր բուծում: Այդ տարածքում ահավոր հոտ ու հակասանիտարական վիճակ էր, իսկ նրա պետքն էլ չէր: Ուր ասես՝ չեմ գնացել բողոքել, բայց ոչ ոք չէր կարողանում ազդել նրա վրա: Իսկ ինչ կարող էին նրանք անել, եթե նույն բանը Նոր թաղամասի գրեթե բոլոր տներում էր: Այժմ, երբ պետությունը նույնպես գումար է ծախսում թաղամասի բարեկեցության վրա, խոզերն անհետացել են, իսկ բնակիչների ինքնագիտակցությունը բարձրացել է: Այն, ինչ հինգ տարի առաջ էր, ու ինչ ունենք այժմ՝ շատ են տարբերվում»:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի