«Այստեղ բյուրոկրատիա չկա ոչ մի մակարդակում»: Վրաստան տեղափոխված ռուսաստանցիների պատմությունները
Վերջին 6 տարում Վրաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 32 հազար մարդ: Նրանցից մոտ 20 հազարը ռուսաստանցի են, որոնցից շատերը հաջողությամբ բիզնես են անում Վրաստանում:
«Նովայա գազետան» մի քանի պատմություն է հրապարակել, որոնցում հերոսները պատմում են, թե ինչպես է ստացվել իրենց տեղափոխությունը:
Նյութի ամբողջական տարբերակը՝ «Նովայա գազետայի» կայքում
Վլադիսլավ Զուբով. «Ինձնից առաջ այստեղ «Ճաճա» անվանումով ոչ մի հաստատություն չկար»
“Ես Մոսկվայից Վրաստան եմ տեղափոխվել 2015թ-ին Ռուսաստանում կատարվող իրադարձությունների հետ ընդհանուր անհամաձայնության պատճառով: Վրացիները շատ զիլ բաներ են արել, կոռուպցիան տապալված է, օրինակ: Ես խնայողություններ ունեի, և ճաճա-բար բացեցի սկզբից Բաթումում, երկրորդն արդեն՝ Թբիլիսիում:
Այստեղ շատ հետաքրքիր խմիչքներ կան, բայց ոչ ոք դրանցով չէր զբաղվում: Պատկերացնո՞ւմ եք, իմ բարից առաջ Վրաստանում ոչ մի սրճարան չկար «Ճաճա անունով»: Շուկայում տնական ճաճայի մեկ լիտրը 6 լարի է (2,5 դոլար): Խմելիս չես մեռնի, բայց առավոտյան վատ ինքնազգացողություն կունենաս: Իսկ մեզ մոտ խմիչքի 50 գրամը նվազագույնը 4 լարի (1,5 դոլար) է: Բայց դա բարձր մակարդակի խմիչք է, որը մրցակցում է ցանկացած իտալական, պերուական և այլ երկրի իր «ազգակիցների» հետ:
Սկզբում ես շատ էի ամաչում, երբ ինձ մոտ վրացիներ էին գալիս՝ գինու սրճարանների տերեր: Ասում էի. «Տղաներ, կներեք, որ քիթս խոթում եմ ձեր ավանդականի մեջ»: Ինձ պատասխանում էին. «Դե լավ, եղբայր, մենք ընդհանրապես չենք հասկանում, թե դու դա ինչպես ես անում»: Զարմանում էին, թե ինչպես եմ ես ճաճայի նրբերանգներ և տոներ տարբերում: Ծանոթ շատ վրացիներ, բանկի աշխատակիցներ, ապահովված մարդիկ ասում էին. «Մեզ համար վիրավորական է, որ դա մենք չենք արել, չէ՞ որ դա մեր հարազատ խմիչքն է, բայց մեզ համար շատ հաճելի է այն, թե ինչպես ես դու դա անում»: Ես զբաղվում եմ ազգային վրացական ապրանքի զարգացմամբ: Ես չեմ փորձում ինձնից ինչ-որ բաներ ավելացնել:
Ճաճան ընկալում են ինչպես ցանկացած այլ ինքնաթոր օղի: Իսկ ես ցույց եմ տալիս, որ դա զարմանալի խմիչք է, դրանից մշակույթ եմ սարքում: Երբեմն էքսպատներն իրեն վրացի հյուրերին են բերում, նրանք իրենց դեմքն են ծամածռում, հետո ես նրանց համար դասախոսություն եմ կարդում, և նրանք մեղմանում են:
Մինչև 2015թ-ը Վրաստան էին մեկնում ճանապարհորդներ, որոնք հեռուստացույցի պրոպագանդայի զոհ չէին, ավելի գիտակից անձինք էին: Երեք տարում երկրի մթնոլորտը փոխվեց. ամորֆության աճն ակնհայտ է”:
Քսենյա Իվանովնա. «Թվում է, թե մենք նույն խմորից ենք, բայց իրականում՝ ոչ»
“Ես մեկ ութերորդ մասով վրացի եմ, սակայն առաջին անգամ այստեղ եկել եմ գիտակից տարիքում. ապագա ամուսնուս հետ դահուկասահքի էինք եկել: Վրաստանում հարսանիք արեցինք, հաճախ էինք գալիս հանգստանալու: Մի պահ հասկացա. ինչո՞ւ ենք մեկնում այստեղից, եթե մեզ այդքան լավ ենք զգում այստեղ:
HR-ի հետ կապված մի բան անելու գաղափարն արագ ծնվեց. ես կրթությամբ հոգեբան եմ, Մոսկվայում նույնպես զբաղվել եմ անձնակազմի գնահատումով: Վրաստանն այնպիսի երկիր է, որտեղ ամեն ինչ ծանոթությամբ է, անգամ՝ անձնակազմ հավաքագրելը, և անձնակազմ հավաքելն ամենից շատ դժվար է էքսպատների համար: Մենք որոշել են զբաղեցնել այդ նիշան:
Մեր առաջին հաճախորդները մեր ընկերներն էին, որոնք այստեղ իրենց հարսանեկան գործակալությունն ունեն: Սկզբում մտածում էինք, որ աշխատելու ենք միայն զբոսաշրջային բիզնեսի, հյուրանոցների, ռեստորանների հետ, բայց հետո որոշեցինք. բոլոր էքսպատներին մենք պատրաստ ենք օգնել ցանկացած հաստիքի առումով:
Վրաստան աշխատելու են գալիս Եվրոպայից, Ամերիկայից, Իրանից, Թուրքիայից:
Ընկերությունը գրանցելը շատ հեշտ էր, Վրաստանում ոչ մի մակարդակում բյուրոկրատիա չկա: Եկանք Արդարադատության տուն, մեկ ժամում բոլոր թղթերը պատրաստ էին: Հաջորդ օրն sms եկավ. «Ձեր ընկերությունը գրանցված է»: Դրանից հետո հաշվապահի հետ բառացիորեն մեկ րոպեով հարկային ենք մտել՝ հաշվառման կանգնելու:
Վրաստանում կես տարի ապրելու հիմնական եզրակացությունը. այն, որ վրացիները ռուսերեն գիտեն, մեզ ու նրանց մտածողությամբ մոտ չի դարձնում: Թվում է, թե մենք նույն խմորից ենք, բայց իրականում՝ ոչ:
Ես վերջերս վրացական հեքիաթներ էի կարդում՝ հասկանալու համար, թե վրացիներն ինչով են մեզնից տարբերվում: Մեզ կարելի է բազային առումով հասկանալ՝ շնորհիվ Իվան-հիմարիկի. նա ծուլանում է, ծուլանում է, բայց հարկ եղած պահին մոբիլիզացվում է և անում է՝ ինչ պետք է: Վրացական ազգային կերպարը Նացարկեկիան է, նա շատ հնարամիտ է, երբ պետք է մտածել, թե ինչպես անել, որ ոչինչ չանել:
Մենք այստեղ ամեն օր ինչ-որ քննադատության չենք բախվում, սակայն հստակ կարելի է ասել. Ռուսաստանի հանդեպ բացասաբար տրամադրված վրացիների թիվն աճում է: Դա զգացվում է ազգային տրամադրության մակարդակում: Երբ մենք ֆուտբոլ էինք նայում, ոչ ոք Խորվաթիային այդպես մոլի չէր երկրպագում Ռուսաստանի դեմ խաղում, ինչպես վրացիները: Նույնիսկ, երևի, խորվաթները”:
Դմիտրի Գորդեև. «Ռուսաստանից հետո այստեղ բիզնես անելը հեշտ է. պարզապես աշխատիր»
Դմիտրի Գորդեև, շինարարական ընկերության տեր: Լուսանկարն՝ արխիվից
“Դեկտեմբերին արդեն 7 տարի կլինի, որ Վրաստանում եմ ապրում: Ես պատգամավոր եմ եղել Նովոսիբիրսկում և սեփական շինարարական բիզնեսն ունեի, իմ դեմ քրեական գործ հարուցեցին: Մեղադրանք առաջադրեցին, և ես Վրաստան մեկնեցի: Օդանավակայանում միանգամից ապաստան խնդրեցի: Մինչ խնդրում էի, հայրենիքում ինձ զրկեցին պատգամավորի լիազորություններից: Ես այն կյանքիս վրա էլ ուշադրություն չեմ դարձնում: Ես հասակացա, որ վերջ: Ոչ մի արդարություն Ռուսաստանում չեմ ստանա. ողջ ընտանիքս տեղափոխվեց ինձ մոտ:
Մինչ այդ ես Վրաստանում չէի եղել: Պարզվեց, որ այստեղ ապրելը շատ հարմար է. կենցաղային վեճեր, ինչպես Ռուսաստանում է, չկան, ընդունված չէ միմյանց կյանքը փչացնել: Բոլորը խաղաղ ապրում են, հարմարավետ միջավայր է: Անգամ եթե մեքենայով փակել ես երթևեկությունը, քեզ ոչ մի վատ բան չեն ասի: Վրացի շատ լավ ընկերներ գտանք:
Վրաստանում ես իմ բիզնեսը բացեցի. զբաղվում եմ ցածրահարկ շենքերի շինարարությամբ: Մեկ տարվա մեջ՝ մեկ-երկու փոքր քոթեջ, 100-150 քառակուսի մետր: Գնորդների մոտ հիսուն տոկոսը Ռուսաստանից է: Այստեղ անշարժ գույքի հարկ չկա, շատերն են ձգտում իրենց համար ինչ-որ բան գնել: Ռուսաստանից հետո Վրաստանում շատ հեշտ է բիզնես անել, ուղղակի աշխատիր: Կինս զբոսաշրջային բիզնեսով է զբաղվում, նրա ընկերությունը Վրաստանի գործակալությունների թոփ տասնյակում է: Մեր աղջիկն ազատ խոսում է վրացերեն, հաճախում է Գերմանիայի դեսպանատանը կից դպրոց:
Վրացիները նայում են, թե ինչպիսի մարդ ես, պահվածքիդ: Ոչ մի անգամ չեմ տեսել, որ ազգությունս մատնանշվի: Թեև երբեմն Հաղթանակի օրը ռուսները գալիս են գեորգիևյան ժապավեններով: Վրացիների համար դա անընդունելի է: