Վառոդի տակառ Փաշինյանի կառավարության համար․ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի կարողանում լուծել Ամուլսարի հարցը
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը կարելի է համեմատել ղարաբաղյան հակամարտության հետ։ Երկու դեպքում էլ «ստատուս քվո» է հաստատվել, որի խախտման դեպքում իրավիճակը միայն վատթարանոմ է։ Եվ Հայաստանի իշխանությունները նախընտրում են առանձնապես չսրել իրավիճակը, հնարավոր է, հույս ունենալով, որ այն ինքնաբերաբար կլուծվի։
Սակայն եթե Ղարաբաղն արտաքին դիմակայություն է, և երկրի բոլոր բնակիչները իշխանությունների հետ համակարծիք են, ապա Ամուլսարն, ընդհակառակն, աստիճանաբար «արնահոսող վերք» է դառնում Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։
Ակտիվիստներն ու բնապահպանները վարչապետին կշտամբում են հարցը լուծելու ցանկության բացակայության համար։ «Lydian Armenia» ընկերությունը, որը ոսկու արդյունահանման իրավունք է ստացել, դեռևս բացահայտ չի մեղադրում իշխանությանը։ Սակայն այստեղ էլ ակնհայտ է աճող դժգոհությունը։
● Հայաստանում բնապահպանական ցույցը վերածվում է քաղաքականի
● Ամուլսարի հանքի շահագործման արգելքի հիմքեր չկան․ Հայաստանի վարչապետ
Դիմակայության նոր ալիք
Մինչ «վերևները» լռում էին, «Lydian Armenia» ընկերությունը փորձեց ինքնուրույն լուծել իր խնդիրներն ու մի պահ խախտեց հաստատված «ստատուս քվոն»։
Սարի տանող ճանաճարհին վագոն–տնակներ են տեղակայված, որոնցում արդեն ամիսներ շարունակ ապրում են ակտիվիստները։ Նրանք փակել են ճանապարհն այնպես, որ ծանր տեխնիկան չկարողանա հանք հասնել։
Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները հեռացրել էին ակտիվիստների տնակներն ու իրենցը տեղադրել։ Այս ամենը բախման էր բերել, որին ստիպված էր միջամտել ոստիկանությումը։ Տասնյակ քաղաքացիներ ձերբակալվեցին։ Իրավիճակը հանդարտվեց, երբ հեռացվեցին «Lydian Armenia»–ի տնակները։
Սրացման հերթական ալիքը ոչինչ չտվեց կողմերից և ոչ մեկին, միայն հաստատեց․ Ամուլսարի համար պայքարը շարունակվում է։
Ակտվիստների դիրքորոշումը
Ամուլսարի շուրջ կոնֆլիկտը մի քանի կողմ ունի։ Հանքի շահագործման հակառակորդների ճամբարում անզիջում պայքար են տանում բնապահպաններն ու սարի հարակից բնակավայրերի բնակիչները։ Առաջին հերթին, նրանք Դիլիջան առողջարանային քաղաքի բնակիչներն են։ Տեղանքը հայտնի է իր հանքային ջրերի աղբյուրներով, առողջարար գեյզերներով և ջրվեժներով։
Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարաններից մեկն է։ Ակտիվիստներն ասում են, որ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ոսկու արդյունահանումը կոչնչացնի զբոսաշրջային ներուժն ու շրջակա միջավայրին անդառնալի վնաս կհասցնի։
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն արդեն մի քանի տարի է՝ մասնակցում է հանքի շահագործման դեմ բողոքի շարժմանը։ Տնակների հետ կապված վերջին «սադրանքից»՝ ինչպես ինքն է այն անվանում, հետո ինքն ու իր համախոհները բողոքի տարբեր ցույցեր են կազմակերպել, այդ թվում՝ ավտոերթ Ջերմուկից մինչև բնապահպանության նախարարություն։ Շիրակն ասում է, որ եթե իշխանությունները չլսեն իրենց ձայնն, իրենք պայքարի այլ մեթոդների կդիմեն․
«Մենք թույլ չենք տա հոշոտել Ամուլսարը։ Կոչ ենք անում լսել մեր ձայնը։ Կամ էլ ավտոերթը խաղաղ անհնազանդության ակցիաների մեկնարկ կդառնա։
Իշխանություններին քաղաքական կամք եմ ցանկանում այս հարցի լուծման համար։ Մենք պատարստ ենք դիմակայության։ Սակայն արդեն լուրջ չենք վերաբերվում հանքի շահագործման մասին դատարկ խոսակցություններին, քանի որ դա անհեռանկար է»։
Վտանգավո՞ր է արդյոք հանքի շահագործումը
2018 թ–ին Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել շրջակա միջավայրին վնաս հասցնելու կասկածանքով։ Հարցերի պատասխանները պետք է տար միջազգային փորձաքննությունը։
Ընտրությունը կանգնել էր «ELARD» (Earth link & Advanced Resources Development) լիբանանյան ընկերության վրա, որը մոտ մեկ տարի ուսումնասիրեց շրջակա միջավայրի վրա ոսկու հանքի շահագործման ազդեցությունը։
Ի վերջո, հրապարակվեց փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի համար ռիսկերը մինիմալ են և կառավարելի։
Սակայն ցույցերը չէին դադարում, և Հայաստանի կառավարության քննարկումները հետազոտողների հետ նույնպես շարունակվեցին։
Արդյունքում, «Էլարդ» ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին նոր հետազոտության անցկացման անհրաժեշտության մասին։
«Ըստ էության՝ Lydian ընկերության առաջարկած միջոցառումները թերություններ ունեն։ Պետք է վերանայել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը», — հայտարարեց նախագծի համակարգող Ռիկարդո Խուրին։
● Հայաստանում չեն կարողանում որոշել ոսկեբեր սարի ճակատագիրը։ Ամուլսարի փորձաքննության շուրջ զարգացումները
Պարզվեց, որ խորհրդատվական ընկերությունն աշխատանքի ընթացքում հիմնվել էր այն հետազոտությունների վրա, որոնք ավելի վաղ իրականացրել էին տեղական կառույցներն, այլ ոչ թե սեփական թարմ ուսումնասիրություններ էր կատարել։ Իսկ կառույցներից մեկից ստացված հետազոտության մեջ, Ռիկարդո Խուրիի խոսքով, «ELARD»-ի մասնագետները հայտնաբերել էին բազմաթիվ թերություններ։
Փաստորեն, «ELARD»-ի եզրակացությունը հստակություն չմտցրեց հանքի շահագործման անվտանգության հարցում։ Այն դեպքում, որ այդ հետազոտության համար երկիրը վճարել էր 400 հազար դոլար։ Լրացուցիչ հոնորարի դիմաց ընկերությունը պատրաստակամություն հայտնեց լրամշակել փաստաթուղթը, սակայն կառավարությունը նոր հետազոտության համար էլ չվճարեց։
«Կանաչներն» էլ կարծում են, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական սպառնալիքների նոր փորձաքննություն, այնուամենայնիվ, պետք է անցկացնել։
«ELARD ընկերության եզրակացության մեջ հստակ նշվում է, որ Lidian Armenia ընկերության տրամադրած տեղեկությունների հիման վրա անհնար է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի նախագծի ազդեցության հնարավոր ռիսկերի մասին գնահատական տալ։ Հետևաբար, նոր փորձաքննություն է անհրաժեշտ», – ասում է բնապահպան Լևոն Գալստյանը։
Ամուլսարի հանքն Արփա և Որոտան գետերի հովտում է։ Բնապահպաները մտավախություն ունեն, որ ոսկու արդյունահանումը կհանգեցնի դրանց ջրերի աղտոտման։ Դա էլ, իր հերթին, կանդրադառնա Սևանի՝ Հայաստանի խոշորագույն քաղցրահամ լճի էկոհամակարգի վրա, որի հետ դրանք հաղորդակցվում են։ Անդառնալի վնաս կհասցվի նաև Ջերմուկի հանքային աղբյուրներին։
Բանն այն է, որ թանկարժեք մետաղը հանքից դուրս բերված հումքից կորզելու համար օգտագործվելու է ցիանիդ։
Արդյո՞ք բոլոր բնակիչներն են դեմ շահագործմանը
Հայաստանում ընդունված է համարել, որ Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչների բացարձակ մեծամասնությունը դեմ է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Սակայն «Lydian Armenia»–ն հայտարարում է, որ բողոքի ակցիաները «վճարված են», իսկ ակտիվիստների և բնապահպանների գործողություններն՝ ապօրինի։
Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ հարյուրավոր մարդիկ հետաքրքրված են հանքի շահագործմամբ, քանի որ աշխատանքի կարիք ունեն։
Աննան աշխատում էր հանքի շահագործման կապալառու ընկերություններից մեկում։ Աղջիկն ապրում է Գնդևազ գյուղում, որը հանքին շատ մոտ է գտնվում․
«Հանքը պետք է աշխատի։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Այս ծրագիրը կանգնեցնելու ոչ մի հիմքեր չկային։ Փորձաքննություն են անցկացրել, որը ևս ապացուցել է, որ Ամուլսարը կապված չէ Ջերմուկի ստորգետնյա ջրերի հետ»։
Աննան պնդում է, որ գյուղում քչերն են իրենց թույլ տալիս բացահայտ կարծիք հայտնել, քանի որ «վախի մթնոլորտ է տիրում»․
«Ովքեր կողմ են արտահայտվում հանքի շահագործմանն, ակտիվիստների գրոհին են ենթարկվում։ Նրանց հայհոյում են փողոցում։ Նրանք անընդհատ ինչ–որ ճնշման են ենթարկվում։ Այն մարդիկ, ովքեր աշխատում էին հանքում, բարձր աշխատավարձ էին ստանում։ Իսկ հիմա նրանք անգործ են մնացել»։
Ինչո՞ւ է հանքն այդքան կարևոր Հայաստանի համար
«Lydian Armenia»–ն ոսկու հանքը հայտնաբերել է դեռևս 2005 թ–ին։ Այն 40 տոննա մաքուր ոսկի է պարունակում։
Մինչև 2012 թ–ը ընկերությունը ներդրողներ էր փնտրում և հանքի շահագործման ծրագիր մշակում։ Այդ նույն 2012-ին «Lydian Armenia»–ն և Հայաստանի կառավարությունը հանքի շահագործման համաձայնագիր են ստորագրել, ընկերությունը իրավունք է ստացել շահագործել այն։
Ամուլսարի հանքն անկախ Հայաստանի խոշորագույն ներդրումային նախագծերից է համարվում։ Ըստ որոշ գնահատականների՝ «Lydian» ընկերությունն արդեն 400 մլն դոլարի ներդրում է արել։ Այն դեպքում, որ ոսկու արդյունահանումը դեռ չի սկսվել։ Եթե նախագիծը գործարկվի, այն զգալի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։
Էկոնոմիկայի նախարարությունում հաշվարկել են, որ արտադրության ծավալներն առաջին տարիներին կկազմեն մոտ 250 մլն դոլար։ Դա նշանակում է, որ հանքը կարող է ապահովել տարեկան կտրվածքով ՀՆԱ 1-1,4 տոկոս աճ։
Տնտեսագետները հաշվի են առնում նաև այն փաստը, որ Ամուլսարի ներդրումները դրսից են գալիս։ «Lydian Armenia»–ն օֆշորում գրանցված «Lydian International»–ի դուստր ձեռնարկությունն է։ Եվ եթե հանքը չաշխատի, դա Հայաստանից բացասական ազդակ կլինի արտաքին ներդրողների համար։
2018 թ–ից արտաքին ուղիղ ներդրումների ծավալի անկման պայմաններում դա կարող է ցավալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, վստահ է Հայաստանի խորհրդարանի «Իմ քայլն» իշխող դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը․
«Դա շատ բացասական ազդակ է պոտենցիալ ներդրողների համար։ Եթե հանքի փակման մասին որոշում կայացվի, դա կնշանակի նման որոշման հավանականություն մնացած բոլոր ներդրումների դեպքում։ Հնարավոր է, ինձ համար տնտեսական ռիսկերն ավելի տեսանելի են։ Բայց այս պահին տնտեսական ռիսկերն, իմ տեսանկյունից, շեշտակի ավելի բարձր են և կանխատեսելի, քան բնապահպանական ռիսկը»։
«Lydian Armenia»–ն իրեն իրավունք է վերապահում հարցը դատական կարգով լուծել միջազգային արբիտրաժի միջոցով։ Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք դրա համար իրավական հիմքեր կան։
Իրավապաշտպան Նազելի Վարդանյանը կարծում է, որ այդպիսի հնարավորություն ընկերությունը չունի, քանի որ գրանցված է օֆշորային գոտում․
«Lydian International ընկերությունը, որը գրանցված է Բրիտանական Վիրգինյան կղզիների օֆշորում, չի կարող պահանջել ներդրումների պաշտպանության մասին հայ–բրիտանական պայմանագրի պահպանում, քանի որ այն չի տարածվում օֆշորային գոտիների վրա։
Այդ պատճառով էլ դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակումից հետո Lydian–ը երկու ընկերություն է գրանցել՝ Բրիտանիայում և Կանադայում, որոնց միջոցով կառավարությանը տեղյակ է պահել իր մտադրությունների մասին։ Սակայն հայցի ներկայացման օրենքով նախատեսված բոլոր ժամկետներն արդեն սպառվել են»։
2018 թ–ի հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակտիվորեն սկսեց զբաղվել Ամուլսարի հարցով։ Թվում էր, թե կհաջողվի երկար վեճում վերջնական լուծում գտնել։ Փորձագետները նշում էին, որ դրա համար իշխանությունն աննախադեպ հանրային աջակցություն ունի։
Սակայն երկու տարի անց կառավարությունը մեծ մասամբ լռում է։ Եթե տարեսկզբին Փաշինյանը զգուշորեն հայտարարում էր, որ դեպի սարը տանող ճանապարհը անհրաժեշտ է բացել, ապա այժմ Ամուլսարի վերաբերյալ հայտարարություններ գրեթե չկան։ Այս իրավիճակում, կողմերից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ կշեռքի նժարը իր կողմը թեքելու փորձ է ձեռնարկում։