«Ջերմուկն ու Սևանա լիճը վտանգված են»․ Ամուլսարի շահագործման մասին
Ամուլսարի հանքը կշահագործվի
Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի։ Նախ այդ մասին հայտարարեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը Վահան Քերոբյանը, ապա ստորագրվեց է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև։ Հաղորդվում է, որ հանքի շահագործման դիմաց Հայաստանը ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։
Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ ռիսկերը մինչև վերջ հաշվարկված չեն։ Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ շահագործման պարագայում հանքի հարևանությամբ գտնվող առողջարանային Ջերմուկ քաղաքը և Սևանա լիճը՝ «որպես հանգստավայր կորցնելու ենք»։
Ի՞նչ է հայտարարել նախարարը, հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
- Հայաստանը գրավիչ է դառնում ներդրումների համար. ԱՄՆ Պետդեպ
- Հայաստանի «սև ոսկին»։ Ինչպե՞ս կարող է պղինձն օգնել հայկական տնտեսությանը
Գործարքի մանրամասները
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման լիցենզիան պատկանում է ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարար Վահան Քերոբյանը հիշեցրել է՝ այս հանքի վերաբերյալ «վաղուց արդեն պարտավորություններ» կան։
«Այսօր՝ ժամը 17:00-ին, 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել հանքի շահագործումը»,- ասել էր Քերոբյանը։
Շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Հարցին, թե արդյո՞ք կառավարությունը գնելու է այդ բաժնետոմսերը, Էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են՝ նշելով՝ «ոչ, կառավարությունը ոչ մի բան չի ծախսում»։
Ի՞նչ է նախորդել այս որոշմանը
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանին, առողջարանային Ջերմուկ քաղաքի հարևանությամբ։
Հանքի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ներդրումային ծրագրերից մեկն է։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում էր այն շահագործել 2018 թ․-ից , այնինչ բնապահպաններն ու հարակից համայնքների բնակիչները դեմ էին արտահայտվում, ակցիաներ իրականացնում՝ փակ պահելով դեպի հանքավայր տանող ճանապարհները։ Պնդում էին` հանքի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առաջացնելու առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի համար:
Սա պարզելու համար Հայաստանի կառավարությունը 400 հազար դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների: Սակայն վերջիններս եզրակացրին, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար: «Լիդիանի» մասնագետները, իրենց հերթին, նշում էին, թե բոլոր ռիսկերը հաշվարկել են, բնապահպանական վտանգները հասցրել նվազագույնի։ Վերջին ակցիաները 2020 թ․-ի օգոստոսին էին։ 44-օրյա պատերազմից հետո թեման աստիճանաբար օրակարգից դուրս եկավ։
Հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակը
2022 թ․-ին պետբյուջեի եկամուտների 10%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը։ Նախօրեին լրագրողների հեր զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
«2022 թվականին Հայաստանի պատմության մեջ աննախադեպ՝ մոտ 2 տրլն դրամի չափ եկամուտներ են հավաքագրվել: Այդ 2 տրլն-ի մոտ 10%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը, մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել»,- նշել է նա։
Ջհանյանի դիտարկմամբ՝ անցյալ տարվա մուտքերը 2023 թ․-ին չեն լինի: Ըստ նրա՝ դրա համար կան մի շարք պատճառներ, այդ թվում՝ մետաղական խտանյութերի համար սահմանված արտահանման տուրքի հանումը։ Նկատում է՝ մարտահրավեր է մնում նաև դրամի արժևորումը․
«Բայց արդեն հաջորդ տարիներին, երբ արտադրողականությունը կավելանա, սպասում ենք, որ այդպիսի հարկային մուտքեր կլինեն»։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի խոսքով՝ երկրում հիմնական արտադրատեսակ է պղնձի կոնցենտրատը, որը պարունակում է նաև ոսկի և ֆերոմոլիբդեն: Նրա փոխանցմամբ՝ պղնձի կոնցենտրատի հիմնական շուկան միշտ եղել է Չինաստանը, իսկ ֆերոմոլիբդենինը՝ եվրոպական շուկան, վերջինիս մի փոքր մասն արտահանվել է Ռուսաստան։
Փետրավարի 22-ին խորհրդարանում պատգամավորները Էկոնոմիկայի նախարարին հարցեր ուղղեցին հանքարդյունաբերության ցուցանիշի նվազման մասին։ Նախարար Քերոբյանը հաստատեց և նշեց, որ «փորձում են տնտեսության կառուցվածքը փոխել այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, բայց նպատակը նվազումը չէ»։
«Նվազում տեղի է ունեցել երկրորդ խոշոր հանքի՝ Թեղուտի կանգնած լինելու պատճառով։ Սեփականատերը և գործընկերները հայտնվել են սանկցիաների տակ։ Ընկերությունը հնարավորություն չի ունեցել իր տնտեսական գործունեությունն իրականացնել։ Աշխատում ենք իրենց հետ, որպեսզի գտնենք լուծումներ հանքի վերագործարկման համար»,- ընդգծել է նա։
Փորձագիտական կարծիք
Բնապահպան Սիլվա Ադամյանի հետ զրուցեցինք, երբ նա և մի խումբ այլ բնապահպաններ հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Ասաց՝ քիչ ենք, բայց տեղում։ Որոշումը փորձագետների համար անակնկալ է եղել, տեղեկացնել են Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունից։ Նրա դիտարկմամբ՝ ստեղծվել է խայտառակ իրավիճակ։
«Տարիներ շարունակ բոլորս պայքարել ենք՝ ամեն բնապահպանական խումբ իր ուժերի չափով։ Լուրջ փորձագիտական խումբ ենք ունեցել, որը պայքար է տարել շահագործման դեմ, տվյալներ ներկայացրել կառավարություն։ Այսօր, ինչպես տեսնում եք, ոչ մի բան հաշվի չի առնվել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Ադամյանը։
Ասում է՝ «որոշումը Փաշինյանինն է, նա է երկրի ղեկավարը», այդ պատճառով հավաքվել են հենց կառավարության շենքի դիմաց։ Վստահ է՝ պայքարը շարունակել դեռ հնարավոր է։ Սիլվա Ադամյանի կարծիքով՝ առաջիկայում այս թեմայով բնապահպանները հայտարարություն էլ կտարածեն։
Խոսելով Ամուլսարի շահագործման դեպքում հնարավոր հետևանքների մասին՝ բնապահպանը նկատում է․
«Ջերմուկը՝ որպես հանգստավայր կորցնելու ենք։ Ջերմուկն այն վայրերից է, որտեղ հստակ չէր կարելի որևէ հանքարդյունաբերական գործունեություն ծավալել։ Երբ ասում են՝ գիտեք, մեր տեխնոլոգիաները շատ առաջադեմ են, մինիմալ ենք աղտոտելու շրջակա միջավայրը, մեզ համար պարզ է, որ այդպես չի լինելու»։
2016 թ․-ից սկսած մինչև 2021 թ․-ի հունիս Ադամյանն ու ևս երեք փորձագետներ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերի վերաբերյալ հետազոտություն են իրականացրել։
Ասում է՝ խորքային ստորգետնյա ջրերի հետ կապված ռիսկեր կան, որոնք «մինչև վերջ հաշվարկված չեն»։ Սա կարող է վատ անդրադառնալ նաև Սևանա լճի վրա։ Այդ մասին ևս փորձագիտական խումբն ահազանգել է, բայց ապարդյուն․
«Խոսեցինք այն մասին, որ խորքային ջրերի հետազոտությունը լավ արված չէ։ Հանքարդյունաբերողները պատասխանեցին, որ նորից կանեն, նոր փաստաթղթեր կբերեն։ Ոչ մի բան էլ չարվեց։ Կասկածում ենք, որ Սևանա լճի հետ կապված խնդիրներ կառաջանան, բայց ոչ մի հստակ տվյալ չկա, որ կարողանանք հասկանալ՝ որքան է վնասվելու»։
Բնապահպան Սիլվա Ադամյանը իրավիճակը փոխելու հույս դեռ ունի։ Հանրային բողոքի ակցիաները, ըստ նրա, կարող են օգնել նաև փաստաթղթի ստորագրումից հետո։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ամուլսարի հանքը կշահագործվի