ԱՄՆ պետքարտուղարը պաշտպանել է ադրբեջանցի փաստաբանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերականգնել փաստաբան Շահլա Գումբաթովայի աշխատանքը։ Ադրբեջանի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն արձագանքել դրան։ Ո՞վ է Շահլա Գումբաթովան։ Ինչո՞ւ են նրան հեռացրել աշխատանքից։
- Ռուսաց լեզուն պաշտոնական է հայտարարվել Ստեփանակերտում․ Բաքվի արձագանքը
- Հայաստանի տնտեսությունը «գրեթե վերականգնվե՞լ է»։ Նախարարը տարեվերջին երկնիշ աճ է ակնկալում
ԱՄՆ պետքարտուղարի թվիթը
2021 թ-ի մարտի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրառում է արել Թվիթերում՝ ի աջակցություն ադրբեջանցի փաստաբան Շահլա Գումբաթովայի։
«Ես մտահոգվեցի, երբ իմացա, որ 2020 թ-ի Կանանց խիզախության միջազգային մրցանակի ադրբեջանցի դափնեկիր Շահլա Գումբաթովան զրկվել է իր փաստաբանական կարգավիճակից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեության համար։ Մենք կոչ ենք անում շուտափույթ վերականգնել Շահլայի աշխատանքը և շարունակելու ենք սատարել նրան», — նշել է Բլինքենը։
Ո՞վ է Շահլա Գումբաթովան
2020 թ-ին ադրբեջանցի փաստաբան Շահլա Գումբաթովան ներառվել է Կանանց խիզախության միջազգային մրցանակի (International Women of Courage Award) 12 դափնեկիրների ցուցակում։
ԱՄՆ պետքարտուղարի այս մրցանակը շնորհվում է 2007 թ-ից ի վեր ամեն տարի ողջ աշխարհի կանանց, որոնք քաջություն և առաջնորդություն են դրսևորել հանուն խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման պայքարի։
Շահլա Գումբաթովան այն սակավաթիվ փաստաբաններից մեկն է, որոնք պաշտպանում են իրավապաշտպաններին, լրագրողներին, բլոգերներին, ակտիվիստներին, ընդդիմադիրներին և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որոնց պետությունը հետապնդում է նրանց հայացքների կամ իրավունքների և ազատությունների պահպանման պահանջի համար։ Ընդ որում, Գումբաթովան ինքը պարբերաբար բախվում է սպառնալիքների և հետապնդման իր գործունեության պատճառով։
Ինչո՞ւ են նրան հեռացրել աշխատանքից
Միջազգային մրցանակը ստանալուց ուղիղ մեկ տարի անց Շահլա Գումբաթովան դուրս է մնացել Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայից։ Այդպես նա զրկվել է որպես պաշտպան դատարաններում ելույթ ունենալու իրավունքից։
Կոլեգիայից Գումբաթովային դուրս թողնելու մասին որոշումն ընդունվել է Բաքվի վարչական դատարանի կողմից։
Փաստաբանի կարծիքով՝ այդ որոշումը քաղաքական բնույթ է կրում։ Իսկ փաստաբանների կոլեգիան դա բացատրել է նրանով, որ Գումբաթովան չի վճարել կոլեգիայի անդամավճարը վեց ամիս շարունակ։