ԱՄՆ Պետդեպ․ Վրաստանի կուսակցությունները սեփական շահերն ավելի բարձր են դասում երկրի շահերից
ԱՄՆ Պետդեպարտամենտը հիասթափված է Վրաստանի ընդդիմության և կառավարության միջև տարաձանություններից և համարում է, որ քաղաքական ճգնաժամի համար առանձնահատուկ պատասխանատվություն է կրում երկրի կառավարությունը։ Այս մասին խոսվում է հայտարարությունում, որը հրապարակել է «Ամերիկայի ձայն» պարբերականը Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցից հետո։
«Միացյալ նահանգներն ուզում են, որ Վրաստանն ընթանա եվրատլանտյան ինտեգրման ճանապարհով և դառնա անվտանգ և զարգացած ժողովրդավարական երկիր», սակայն խնդիրներ են ստեղծում երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև հակասությունները, ասված է հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ՝ Վրաստանի ընդդիմությանն ու իշխող կուսակցությանն օգնելու հաղթահարել կոնֆլիկտը։ Հանրային և մասնավոր զրույցներում մենք բոլոր կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը, կառուցողական երկխոսություն վարել և փոխզիջման գնալ, որպեսզի Վրաստանը հնարավորություն ստանա առաջ գնալու»։
Ամերիկացի դիվանագետները հիասթափված են, որ կոնֆլիկտի կողմերը Վրաստանի շահերն իրենց սեփական քաղաքական շահերից վեր չեն դասում։
«Ե՛վ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է աշխատեն փոխզիջման հասնելու համար։ Թեև, փոխզիջման հասնելու համար առանձնահատուկ պատասխանատվություն է կրում իշխող կուսակցությունը։ Ծայրահեղ կարևոր է, որ կուսակցությունները գործեն՝ ժողովրդավարական հիմնարար նորմերին համապատասխան, որոնք եվրոպական և եվրատլանտյան միությունների արժեքների հիմքում են», — ասված է հայտարարությունում։
Պետդեպն ընդծում է, որ ԱՄՆ-ն բազմիցս ամենաբարձր մակարդակով իր դիրքորոշումն է հայտնել Վրաստանի քաղաքական առաջնորդներին։
Պետդեպարտամենտի հայտարարությունը հայտնվել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորած վրացական պատվիրակության Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ֆոնին։ Նա հանդիպումներ է անցկացնում Կոնգրեսում, շփվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա պետք է հանդիպի նաև սենատոր Ջիմ Ռիշի հետ։
Վրաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2020 թ-ի հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։ Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքներն ու հրաժարվել է մասնակցել խորհրդարանի աշխատանքին։
Իրավիճակը սրվել է փետրվարին՝ ամենապոպուլյար «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքին զուգահեռ։
Քաղաքական գործընթացներն այժմ տեղի են ունենում փողոցներում, որտեղ ընդդիմությունն ու քաղակտիվիստները մշտական հանրահավաքներ են անցկացնում՝ երկու հիմնական պահանջով․ քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարում։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ գրեթե միակուսակցական խորհրդարան է գործում։
Երկրում հավատարմագրված դիվանագետները, որոնք միջնորդ էին այս գործընթացներում, չկարողացան ելք գտնել քաղաքական փակուղուց։ Չի օգնել նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցը․ Վրաստան էր ժամանել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, որից հետո երկու անգամ երկիր էր այցելել նրա հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը։ Վարչապետ Ղարիբաշվիլին նույնպես Բրյուսել էր հրավիրվել։ Բոլոր հանդիպումներն ու բանակցություններն ապարդյուն են անցել։