ԱՄՆ-ն լքում է ՅՈւՆԵՍԿՕ-ն նրա հակաիսրայելական դիրքորոշման պատճառով
ՅՈւՆԵՍԿՕ-ի փարիզյան շտաբ-բնակարանը REUTERS/Philippe Wojazer
2018թ-ի դեկտեմբերին ԱՄՆ-ն կլքի ՅՈւՆԵՍԿՕ-ն, և դա կդառնա այդ կազմակերպության համար ամենամեծ հարվածը, քանի որ ԱՄՆ-ն ապահովում է ՄԱԿ-ին կից այդ մշակութային-կրթական կառույցի բյուջեի մեկ հինգերորդ մասը, հաղորդում է Reuters-ը:
«Այդ որոշումն արտացոլում է ԱՄՆ կասկածները ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանման մեծ ծախսերի, հիմնարար բարեփոխումների անհրաժեշտության, ինչպես նաև Իսրայելի դեմ կազմակերպության նախատրամադրվածության վերաբերյալ», — հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նորթը:
Դ եռևս 2001թ-ին ԱՄՆ-ն դադարել է զգալի ներդրումներ կատարել այդ կազմակերպության բյուջեում: Վաշինգտոնն այն ժամանակ այդ որոշումը բացատրել է նրանով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն լիարժեք անդամակցություն է տրամադրել Պաղեստինին:
«ԱՄՆ-ն սատարում է ապագայում Պաղեստինի անկախ պետության ստեղծման գաղափարին, սակայն այն պետք է ստեղծվի որպես խաղաղ բանակացությունների արդյունք, և Պաղեստինի ճանաչումը միջազգային ցանկացած կազմակերպության կողմից նախքան պետության ստեղծումը, բացասական գործոն է», — հայտարարվել է 2011թ-ին:
Իսրայելը բազմիցս մեղադրել է ՅՈւՆԵՍԿՕ-ին նրա համար, որ կազմակերպությունն աջակցում է Երուսաղեմի և պաղեստինյան տարածքների նշանակալից վայրերի և շենքերի շուրջ իսրայելա-արաբական վեճի կեղմերից մեկին:
Թել Ավիվը բուռն կերպով կողմ էր արտահայտվում ՅՈւՆԵՍԿՕ-ն լքելու ԱՄՆ ներկայիս որոշմանը:
«Այսօրվա օրը ՄԱԿ համար նոր դարաշրջանի սկիզբ է: Այն Իսրայելի հանդեպ խտրականության գինն է», — հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը:
Նշվել է նաև, որ Իսրայելն ԱՄՆ օրինակով կլքի ՅՈւՆԵՍԿՕ-ն:
ՅՈւՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել կազմակերպությունը լքելու ԱՄՆ որոշման վերաբերյալ: Կազմակերպության պաշտոնական հայտարարությունում ասված է, որ «այդ քայլը կորուստ կլինի աշխարհի և ՄԱԿ ընտանիքի բազմամշակութային զարգացման համար»: