«ԱՄՆ-ն այստեղ դեր ունի խաղալու». կոնգրեսականների այցը Երևան
ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան
«ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել բազմակողմ, երկկողմ բանակցություններում: Մինսկի խմբի համանախագահողի մեր դերը լրջորեն ենք ընկալում և հասկանում ենք, որ անվտանգությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների, և պահանջվում են անդադար քննարկումներ»,- Երևանում հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը:
Նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին է ժամանել Հայաստան: Երկօրյա այցի շրջանակներում կոնգրեսականները հանդիպումներ են ունեցել երկրի վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների հետ: Դեյվիդ Փրայսն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը այցի արդյունքները ներկայացրել են մամուլի ասուլիսի ընթացքում:
Սա այս տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների երկրորդ այցն էր Հայաստան։ Սեպտեմբերի 17-19-ը Երևանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Այցը հաջորդել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սեպտեմբերյան ռազմական գործողություններին: Փելոսին արձանագրել էր՝ «Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը», բայց չէր հստակեցրել՝ Նահանգները պատրա՞ստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, թե՞ ոչ:
Երևանում պատվիրակությունը քննարկել էր ինչպես հայ—ամերիկյան հարաբերությունները, այնպես էլ ստեղծված անվտանգային իրավիճակը։ Ուշագրավ է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակը չծրագրված այցով եղել էր նաև Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում։
Կոնգրեսականների այցի բոլոր մանրամասները, նրանց ասուլիսի կարևոր դրվագները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել բանակցություններում»
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ կոնգրեսականների հետ ունեցել են կարևոր և բովանդակային խոսակցություն, քննարկվող հարցերի մեջ անկյունաքարային են եղել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները: Պատվիրակության այցը Հայաստան Աղաջանյանը բնորոշել է որպես «հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական էտապ»:
Պատվիրակության ղեկավար Փրայսը երևանյան քննարկումներն արդյունավետ է որակել՝ նշելով, որ Հայաստանի խորհրդարանի հետ փոխանակում են լավագույն փորձը, խրախուսում ձեռքբերումներն ու սովորում միմյանցից:
Ընդգծել է՝ այցը տարածաշրջանի և Հայաստանի համար ծանր ժամանակներում է տեղի ունենում՝ նկատի ունենալով սեպտեմբերյան ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք, և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր: ԱՄՆ-ն այստեղ դեր ունի խաղալու, մասնավորապես՝ ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կառույցների հետ այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար»,- ասել է Փրայսը:
Նա բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի ձեռնարկած քայլերը ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, բայց և հավելել՝ նույնիսկ Նահանգներում կան սպառնալիքներ.
«Երբեք չի կարելի թերագնահատել սպառնալիքների առկայությունը, պետք է լինել սթափ և միմյանց աջակցել ցանկացած ժողովրդավարական գործընթացի հետագա քայլի իրականացման ընթացքում»:
Փրայսը կոնկրետ պատասխաններ չի տվել Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պահանջները զսպելու վերաբերյալ լրագրողների հարցերին:
Նշել է, որ ինտենսիվ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ կզարգանան, ներառյալ՝ անվտանգային տիրույթում:
Դեյվիդ Փրայսի խոսքով՝ Նահանգները չի ուզում, որ տարածաշրջանում որևէ կողմ ստանձնի իր կողմից կանխորոշված դեր՝ նկատի ունենալով Ռուսաստանի ներգրավվածությունը գործընթացներում: Ասում է՝ կողմնակից են այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա:
Անդրադառնալով Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն՝ կոնգրեսականը վստահեցրել է, որ մինչ այդ համոզվել են՝ այդ օգնությունը «երբեք չի օգտագործվի Հայաստանի դեմ՝ հարձակողական նպատակներով» ու հավելել, որ պաշտոնական Երևանն այդ երաշխիքն ունի:
«Շարունակելու ենք իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը». Փաշինյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Դեյվիդ Փրայսն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին:
«Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ կոնգրեսականը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը միտված հետևողական քայլերն ու ընդգծել հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը:
Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է ԼՂ-ի հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը:
Հայաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը: Ըստ նրա՝ փոխգործակցությունը կարևոր դեր ունի երկրում «ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում»:
«Հայաստանի քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին, և կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների հարուստ օրակարգը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի ոտնձգություններն անթույլատրելի են»
Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն ընդունել է նաև խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովից հայտնում են, որ միջխորհրդարանական երկխոսությունից բացի կողմերն անդրադարձել են նաև՝
- սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքներին,
- Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին:
«Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»,— շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Ազգային ժողովի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Աննա Օհանյանի խոսքով՝ ԱՄՆ-ի ակտիվությունը ՀՀ-ում ցույց է տալիս, որ Վաշինգտոնը շատ լուրջ է մոտենում միջազգային կայունությունն ապահովող ամենակարևոր նորմերից մեկին՝ տարածքների բռնազավթման արգելքին:
«Եթե Հայաստանի սահմանը կարողացան պաշտպանել և Ադրբեջանին հստակ ազդակներ հղել, դա ցույց կտա, որ կկարողանան պաշտպանել բռնի զավթման դեմ ուղղված այդ նորմը Եվրասիական աշխարհամասում»,— Factor TV-ի հետ զրույցում նշել է նա:
Օհանյանի խոսքով՝ կոնգրեսական պատվիրակությունների վերջին այցերը խոսում են այն մասին, որ Նահանգներն ակտիվացել է աշխարհում իր դերն առաջ տանելու գործում: Նկատում է՝ Հայաստանի համար սա կարևոր է, հատկապես՝ երկրի սահմանների վրա Ադրբեջանի հարձակումների պարագայում, բայց նաև հավելում՝ ներգրավվածությունը գերագնահատել պետք չէ.
«Կզգուշանամ ասել, թե ԱՄՆ-ն մտնելու է Հարավային Կովկաս և Հայաստանին տրամադրելու է 360 աստիճանի ապահովություն»:
Ասում է՝ Մոսկվան չցանկացավ պաշտպանել Հայաստանի սահմանները։ Թեև կոնֆլիկտը լուծելու համար ուներ գրեթե հարյուր տարի, բայց ոչինչ չարվեց: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, ըստ Օհանյանի, Ռուսաստանը չունի գործիքակազմ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն իրագործելու համար: Նրա դիտարկմամբ՝ առանց Արևմուտքի ներգրավվածության դա տեղի չի ունենա:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Վաշինգտոնը կփորձի պաշտպանել ԼՂ-ի հայերի անվտանգությունն ու իրավունքները:
«Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանից ԼՂ-ի անջատմանը: Վստահ չեմ, որ մինչև այդ քայլը կգնա: Ինձ թվում է՝ շեշտը կդնի Ալիևի վրա ճնշում գործադրելու և այն բանի վրա, որ Ղարաբաղն ունենա ստատուս, բայց Ադրբեջանի տարածքում»,— շեշտել է Աննա Օհանյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի Ադրբեջանի նման պետությունների վրա ճնշում գործադրելու լայն գործիքակազմ, այդ թվում՝ պատժամիջոցներ, բայց «չի կարող գալ, փրկել Ղարաբաղն ու տալ հայերին»:
Կարծում է՝ ստեղծված անվտանգային վակուումը լցնելու համար Հայաստանը պետք է ձեռնարկի մի շարք քայլեր՝
- կենտրոնանա իր ռազմական համակարգն ուժեղացնելու վրա,
- կարևորի համագործակցությունը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ,
- խորացնի կապերը տարբեր երկրների հետ՝ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Միջին Արևելքի,
- ուժեղացնի իր դիվանագիտությունը տարածաշրջանում:
ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան