ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արձագանքն Հայաստանում, Թուրքիայում և աշխարհում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։ Բանաձևի օգտին է քվեարկել 405 մարդ, դեմ է արտահայտվել միայն 11 կոնգրեսմեն, երեքը ձեռնպահ են մնացել։ Ընդ որում, բանաձևին սատարել են ինչպես դեմոկրատներն, այնպես էլ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները։ Նախագահ Դոնալդ Թրամփը հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչն է։
Այժմ փաստաթուղթը պետք է Սենատին ներկայացվի։ Եթե Սենատը նույնպես հաստատի դա, բանաձևը կներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։
Մինչ այս ԱՄՆ նախագահներն, այդ թվում՝ Դոնալդ Թրամփն, իր պաշտոնական ելույթներում 1915թ-ի իրադարձությունների մասին խոսելիս դեռ չեն օգտագործել «ցեղասպանություն» եզրը։
Հայերի ցեղասպանությունը 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված զանգվածային ջարդն է։ Դրանից առաջ Օսմանյան կայսրության տարածքում շուրջ երկուսուկես միլիոն հայ էր ապրում։ Սպանությունների և զանգվածային վտարման հետևանքով նրանց կեսից ավելին զոհվեց։
Ողբերգական դեպքերն Օսմանյան կայսրությունում անցյալ դարասկզբին ցեղասպանություն են ճանաչվել և դատապարտվել ազդեցիկ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում են Կանադան, Արգենտինան, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Ռուսաստանը, Բելգիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Նիդերլանդներն, Ուրուգվայը, Հունաստանը, Կիպրոսը, Վատիկանը, Գերմանիան, Լիբանանն, ԱՄՆ 48 նահանգ։
Թուրքիան «ցեղասպանություն» ձևակերպումը կտրականապես մերժում է։
Ինչո՞ւ հենց հիմա
Ինչպես նշում է Reuters գործակալությունն, ԱՄՆ Կոնգրեսը տարիներով ձգձգում էր հայերի ցեղասպանության ճանաչման հարցը ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մտավախության պատճառոով։
• Բունդեսթագն արտասանել է «ցեղասպանություն» բառը
Սակայն բանաձևի արագացված քննարկման հետևում ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն է։ Վերջերս իրավիճակի վրա ազդել է մի քանի գործոն․
• Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը, որոնք ամերիկացիների առանցքային դաշնակիցներն էին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հանկարծակի հայտարարել է Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու մասին։
• Ռուսական ԶՌԿ Ս-400-ը [հակաօդային պաշտպանության համակարգ] գնելու Թուրքիայի որոշումը՝ չնայած ԱՄՆ դժգոհությանը։
Ի դեպ, բանաձևի ընդունման աշխարհաքաղաքական համատեքստը չեն թաքցնում նաև դրա կողմնակիցները։ Սիրիայում թուրքական գործողության մեկնարկի օրը կոնգրեսմեն Թեդ Լյուն, որը ներկայացնում է զգալի հայկական բնակչություն ունեցող շրջանը, Թվիթերում գրել էր, որ հիմա ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
• Հոլանդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում
Ավելին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունից անմիջապես հետո Ներկայացուցիչների պալատի հայ պատգամավորները ճնշող մեծամասնությամբ աջակցություն են հայտնել օրենքին, որը Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։
Ըստ օրինագծի՝ առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ներառյալ պաշտպանության նախարարին, արգելափակել թուրք պաշտոնյաների ակտիվներն ու պատժամիջոցներ մտցնել թուրքական բանկերի դեմ։
Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է Կոնգրեսին տրամադրել Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքի ԱՄՆ-ում գտնվող ակտիվները հետագա քննարկման համար։
Ինչպե՞ս են արձագանքել Հայաստանում
Առաջիններից մեկն, ով արձագանքել է բանաձևի ընդունմանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է եղել։
«Ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 296-րդ բանաձևը համարձակ քայլ է ճշմարտությանը և պատմական արդարությանը ծառայելու ճանապարհին, որը սփոփանք կբերի Ցեղասպանության ժամանակ փրկված հայերի միլիոնավոր սերունդներին», — գրել է Փաշինյանը Թվիթերի իր էջում։
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին․
«Շնորհակալ եմ ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունը և ճշմարտությունը միասնական են թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրին։ Ես լիզորված եմ շարունակելու աշխատել զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»:
Ինչպե՞ս են արձագանքել Թուրքիայում
Թուրքիան ճանաչում է, որ շատ հայեր, որոնք ապրել են Օսմանյան կայսրությունում, սպանվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած բախումների ընթացքում, սակայն վիճարկում է թվերն ու հերքում, որ սպանությունները սիստեմատիկ կազմակերպված են եղել և կարող են ցեղասպանություն որակվել։
Ինչ վերաբերում է այս հարցում արտասահմանյան միջամտությանն, ապա Անկարան դա գնահատում է որպես սպառնալիք իր ինքնիշխանությանը։
Թուրքական մամուլը նորությանն արձագանքել է՝ վերատպելով պաշտոնական հաղորդագրություններն ու մեկնաբանությունները։
Օրինակ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սարդար Քըլըջը Թվիթերում գրել է․
«Պատմական ճշմարտությունից հեռու, անաչառ հետազոտությունների և գնահատականների, այդ թվում՝ ներգրավված երկրների արխիվային փաստաթղթերի վրա չհիմնված, արտասահմանյան պատգամավորների սահմանափակ որոշումները, որոնք նրանք ընդունում են հայտնի լոբբիի ազդեցության տակ, ստվեր չեն գցի մեր երկրի փառահեղ պատմության վրա»։
Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ում ընդունված փաստաթուղթը՝ հայտարարելով, որ ցեղասպանության մասին բանաձևը «զուրկ է որևէ պատմական կամ իրավական հիմքից»։
Թուրքիայի ԱԳՆ-ում նույնպես մերժել են բանաձևն ու հայտարարել, որ այն չունի պատմական և իրավական հիմքեր, ինչպես նաև որևէ իրավաբանական ուժ։ Ավելին, փաստաթուղթն անվանել են «անիմաստ քաղաքական քայլ», քանի որ Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար այն «բացարձակապես անվավեր է»։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն ամերիկացի կոնգրեսմենների որոշումն անվանել է «քաղաքական նպատակների հասնելու համար պատմությունն օգտագործելու» փորձ։
Անկարայում ԱՄՆ դեսպանն արդեն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, սակայն բողոքի պաշտոնական նոտա հղելու մասին հաղորդագրություններ դեռ չկան։
Ավելի վաղ պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում հետ կկանչի Վաշինգտոնում իր դեսպանին։
Սոցցանցերի թուրքական տիրույթում ամբողջությամբ աջակցություն են հայտնում պաշտոնական դիրքորոշմանը։ Ընդհանուր առմամբ, օգտատերերը գրում են, որ Թուրքիային փորձում են պատժել «Խաղաղության աղբյուր» գործողության համար, որը Թուրքիայի քաղաքացիների անվտանգության ապահովման միջոց էր ընդամենը․
«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շանտաժ։ Երբ նրանց դուր չի գալիս ինչ-որ բան, որ անում է Թուրքիան, նրանք խաղարկում են ցեղասպանության խաղաթուղթը»։
Միջազգային արձագանքը
Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի կովկասյան հարցերով ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը Թվիթերի իր էջում նույնպես անդրադարձել է ընդունված բանաձևին։
«Ես կիրառում եմ «ցեղասպանություն» եզրը, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել 1915-16թթ-ին, իրոք համապատասխանում է ՄԱԿ Ցեղասպանության կոնվենցիայի բնորոշմանը», — գրել է դը Վաալը։
Սակայն քաղաքագետը կարծում է, որ բանաձևն ընդունվել է Թուրքիային պատժելու համար․
«Պատմական ռեկորդը սահմանված է․ ԱՄՆ օրենսդիրներն արդեն դրա լիազորությունները չունեն։ Մենք գիտենք, որ նրանց մեծ մասը ջանքեր է թափել, ավելի շուտ, պատժելու Էրդողանի Թուրքիային, քան հայերին հարգանքի տուրք մատուցելու համար․․․ Եթե իրենց դեմ դավադրությունների մասին ավանդական պարանոյայով որոշ թուրք ազգայնականներ ի պատասխան սկսեն հետապնդել հայերին Ստամբուլում, չեղարկեն թռիչքները դեպի Հայաստան կամ հայկական բնակչությանը վնաս հասցնեն, դա հաղթանակ չի լինի»։
Ըստ դե Վաալի՝ իսկական քննարկումները պետք է Թուրքիայում ծավալվեն․
«Իսկական քննարկումները պետք է վարվեն թուրքական հասարակությունում, որտեղ 20 տարում զգալի առաջընթաց է գրանցվել, և շատ պատմաբաններ ու այլոք ճանաչում են 1915թ-ի սարսափելի իրադարձությունները։
Ներկայացուցիչների պալատում քվեարկությունն օգտակար կլինի, եթե դա ինչ-որ բանի սկիզբ հանդիսանա, այլ ոչ թե ավարտ»։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նույնպես ողջունել է բանաձևը։ Թվիթերում արված իր գրառման մեջ նա ընդգծել է, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունն, ամերիկացիները ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում սպանված հայերի հիշատակին, այլև ասում են «այլևս երբեք»։
ԱՄՆ հայկական սփյուռքի արձագանքը
System of a Down ամերիկյան խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն ԱՄՆ Սենատին կոչ է արել հետևել Ներկայացուցիչների պալատի օրինակին․
«Այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, զգալի քայլ է արդել դեպի արդարություն և պատշաճ հարգանքի տուրք մատուցել պատմությանը։ Կոնգրեսի շատ առաջնորդներ և քաղաքական գործիչներ անխոնջ աշխատել են տասնամյակներ շարունակ, որպեսզի դա տեղի ունենա»։
Արտահայտվել է նաև ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Թվիթերի իր էջում նա հրապարակել է լուսանկար, ուր երևում է, թե Ներկայացուցիչների պալատի քանի անդամ է կողմ քվեարկել բանաձևի ընդունմանը, քանիսը՝ դեմ․
«Հապա տեսեք այս անհավանական թվերն, ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․․․ Մենք պատմություն ենք կերտել»։
Փորձագիտական կարծիք Երևանից
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ բանաձևի ընդունումն անսպասելի իրադարձություն չէր։
«Սպասում էի, քանի որ ակտիվ աշխատանք էր տարվում նաև լոբբիստների և առանձին կազմակերպությունների կողմից, այդ պատճառով էլ ամեն ինչ այսքան արագ ստացվեց»։
Ըստ Սարգսյանի՝ փաստաթղթի ընդունման վրա երկու գործոն է ազդել․ վատթարացումը թուրք-ամերիկյան հարաբերությունների, որոնք «այժմ ամենալավ մակարդակում չեն», և հայ լոբբիսների ակտիվ աշխատանքը։
«Գլոբալ հակաթուրքական տրամադրություններ կան։ Այս փուլը համընկավ մեր լոբբիստների ակտիվ աշխատանքի հետ, որոնք այս ժամանակահատվածն օգտագործեցին շատ գրագետ և պրոֆեսիոնալ», — նշել է Սարգսյանը։
Այն հարցին, թե արդյոք բանաձևի ընդունումը Թուրքիային «պատժելու» միջոց էր, քաղաքագետը պատասխանել է․
«Կարևորն այն է, որ ցեղասպանության ընդունման մասին բանաձևից բացի երկրորդ բանաձևն է ընդունվել հակաթուրքական պատժամիջոցների վերաբերյալ։ Եթե նպատակը թուրքերին պատժելն էր, դրա համար ուրիշ բանաձև կար։ Իսկ Ցեղասպանության բանաձևն, առանձին վերցրած, հենց այդ հստակ թեմային է վերաբերում»։
Ի՞նչ են գրում սոցցանցերի հայկական տիրույթում
Դեռ հոկտեմբերի 29-ի գիշերվանից Ֆեյսբուքի հայկական տիրույթը քննարկում էր միայն մեկ նորություն․ արդյո՞ք Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Սա չափազանց կարևոր իրադարձություն է։ Կարևոր է, որովհետև այժմ արդեն դժվար կլինի խոսել այն մասին, որ կատարվածը ցեղասպանություն չէր, այլ պարզապես, պարզապես (!!!) հայերի զանգվածային սպանություն, որոնք հինգերորդ շարասյուն էին փլուզվող Օսմանյան կայսրությունում։
Սակայն անձամբ ինձ համար շատ ավելի կարևոր է այն, որ սա մեծ քայլ է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց նկատմամբ արդարության վերականգնման ճանապարհին, որոնք սպանվել են այն տարիներին»։
«Ես շատ կուզեի, որ իմ նախնիները, որոնք վերապրել են այն բոլոր սարսափելի իրադարձությունները, կարողանային այսօր կատարվածն իրենց աչքերով տեսնել»։
«Միգուցե գոնե հիմա մեկուկես միլիոն հայերի հոգիները կարողանան խաղաղությամբ հանգչել»։
«Նահանգներին պետք էր իրենց գործընկերոջը պատժել Սիրիայի համար։ Done։ Փայլուն քայլ Նահանգների համար, հուսով եմ, ոչ կործանարար՝ Հայաստանի համար»։
«Իսկ ի՞նչ է փոխվելու նրանից, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս է դա ազդելու Թուրքիայի վրա։ ԱՄՆ-ն ճանաչել է, և Էրդողանը ձայնը կտրելո՞ւ է ու այլևս չի գոռալո՞ւ բոլոր ամբիոններից, որ ժամանակակից Հայաստանը նույնպես Թուրքիա է։ Պատժամիջոցներ լինելո՞ւ են»։
«Ամեն ինչ լավ կլիներ, եթե միայն նրանք դա չանեին բացառապես Էրդողանին պատժելու համար։ Ցեղասպանության ճանաչումն Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիք է, այլ ոչ թե արդարություն»։
«Մենք միշտ եղել և լինելու ենք խաղաքարտ՝ խոշոր պետությունների խաղերում»։