Վրաստանի քաղաքացիները պետք է մինչև 15․000 դոլար գրավ վճարեն ԱՄՆ վիզայի համար դիմելիս
ԱՄՆ-ի վիզայի նոր կանոններ Վրաստանի համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները պարտավոր կլինեն վիզա ստանալու համար վճարել գրավ՝ բավականին խոշոր գումար։
Այս որոշմամբ Վրաստանը դառնում է միակ եվրոպական երկիրը, որի համար ԱՄՆ-ն սահմանել է մինչև 15,000 դոլարի չափով գրավ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ գրավի պահանջը պայմանավորված է Վրաստանի քաղաքացիների կողմից ԱՄՆ վիզային քաղաքականության խախտումների բարձր մակարդակով։
Ի՞նչ են ենթադրում նոր կանոնները
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նոր կանոնները ուժի մեջ կմտնեն այս տարվա ապրիլի 2-ին և կազդեն նաև տուրիստական վիզաների տրամադրման վրա։ Փոփոխությունների համաձայն՝ որոշ երկրների քաղաքացիներ պարտավոր կլինեն վիզայի համար դիմելու ընթացքում վճարել 5000-ից մինչև 15000 դոլար կանխավճար (դեպոզիտ)։
Վերջնական գումարը կորոշվի հյուպատոսարանում՝ հարցազրույցի ժամանակ։
Վրաստանից բացի, ցուցակում են նաև Կամբոջան, Եթովպիան, Գրենադան, Լեսոտոն, Մավրիկիոսը, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Պապուա Նոր Գվինեան, Սեյշելյան կղզիները և Թունիսը՝ երկրներ, որոնք գնահատվել են որպես վիզային քաղաքականության խախտումների համեմատաբար բարձր ռիսկ ունեցող։
Այս որոշումը «բարձր ռիսկի» երկրների թիվը հասցնում է մոտավորապես 50-ի։ Վրաստանը ցուցակում միակ եվրոպական երկիրն է։ Այս հանգամանքը, հավանաբար, կհանգեցնի երկրի միջազգային դիրքավորման վերաբերյալ հետագա քաղաքական և հասարակական քննարկումների։
Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ գրավի վճարումն ավտոմատ կերպով չի երաշխավորելու վիզայի ստացում։ Դա ֆինանսական երաշխիք է, որ վիզա ստացողը կհետևի սահմանված կանոններին և ժամանակին կլքի Միացյալ Նահանգների տարածքը։ Գրավն ամբողջությամբ կվերադարձվի հայտատուին, եթե նա վերադառնա իր հայրենիք մինչև վիզայի ժամկետի ավարտը կամ ընդհանրապես չմեկնի Նահանգներ։
Վիզայի հաստատումից հետո Վրաստանի քաղաքացիները կունենան 30 օր գրավը վճարելու համար, ինչից հետո նրանց կտրամադրվի մեկանգամյա մուտքի վիզա, որը վավեր կլինի ոչ ավելի, քան 3 ամիս։
Ընթացակարգը պահանջում է նաև համապատասխան երաշխավորագրի ներկայացում, որով կապահովվի ֆինանսական երաշխավորություն վիզայի պայմանների կատարման համար։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս մոտեցումը կարող է լրացուցիչ խոչընդոտ դառնալ սովորական զբոսաշրջիկների համար։ Ասում են՝ այն արտացոլում է ԱՄՆ ներգաղթային քաղաքականության խստացման միտումը։
Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը
«Վրաստանի քաղաքացիների համար ոչ ներգաղթային վիզաների համար գրավ սահմանելու ԱՄՆ որոշումը, ցավոք, կապված է Վրաստանի քաղաքացիների կողմից ԱՄՆ վիզային քաղաքականության խախտումների բարձր մակարդակի հետ, ինչը պարզաբանել է նաև ամերիկյան կողմը։
Նախագահ Թրամփի վարչակազմի ներգաղթային խիստ քաղաքականությունը լավ հայտնի է, և այն արտացոլվում է կոնկրետ միջոցառումներում։ Այս որոշումը նաև ներգաղթային քաղաքականության խստացման մաս է։
Համապատասխանաբար, մենք Վրաստանի քաղաքացիներին կոչ ենք անում խստորեն պահպանել ԱՄՆ վիզային կանոնները և չխախտել գործող վիզային ռեժիմը, ինչը թույլ կտա Վրաստանին շարունակել այս հարցի շուրջ ամերիկյան կողմի հետ գործակցությունը»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԱՄՆ-ի վիզայի նոր կանոններ Վրաստանի համար