Ամերիկացի փորձագետն առաջարկում է Վրաստանի Ջավախք շրջանում ամերիկյան զինվորականներ տեղակայել
Ամերիկացի վերլուծաբան Լյուկ Քոֆին, որը Heritage Foundation ազդեցիկ պահպանողական ինստիտուտի անդամ է, առաջարկում է Սիրիայից դուրս բերված ամերիկացի զինվորականներին տեղակայել Վրաստանում՝ երկրի հարավում գտնվող Ջավախք շրջանում, որի բնակչության մեծամասնությունը հայեր են։
Այս մասին նա գրել է Թվիթերում։
«Շարունակություն․ Սիրիան լքող ամերիկյան զորքերը կարող են ուղղվել Վրաստան և ԻԼԻՊ-ի վերականգնման դեպքում արագ պատասխանի համար «հորիզոնից այն կողմ» ուժ դառնալ։ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի ռուսական հին ռազմաբազան, որը Ռաքայից 740 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այժմ Վրաստանն Իրաքից ավելի հուսալի է», — գրել է Քոֆին։
Proposal: US troops leaving Syria could be sent to Georgia & become an “over the horizon” force to respond quickly if ISIS reconstitutes.
USA could use old Russian base at Akhalkalaki which is only 460 miles (740km) from Raqqa.
Georgia more dependable than Iraq right now. 👇🏻 pic.twitter.com/VdIjEONwcO
— Luke Coffey (@LukeDCoffey) October 24, 2019
Քոֆին ընդգծում է, որ դա իր անձնական գաղափարն է, և Վաշինգտոնում այն չի քննարկվում։ Քննադատներին, որոնք կարծում են, որ Վրաստանում ամերիկյան զինվորականների տեղակայումը կփչացնի Թուրքիայի հետ Վրաստանի հարաբերությունները, Քոֆին խորհուրդ է տալիս ավելի լավ ուսումնասիրել թուրք-վրացական հարաբերությունները։
«Շատերն են հարցնում, թե ինչպիսի՞ն է լինելու լոգիստիկան։ Դա ընդամենը 750 կմ է։ Կարծում եմ, որ ԱՄՆ ռազմական ուժերն ի վիճակի են հաղթահարելու այդ տարածությունը։ Իսկ նրանք, ովքեր հարցնում են, թե ինչպիսին կլինեն Թուրքիայի հետ հարաբերությունները, պարզապես չեն հասկանում թուրք-վրացական հարաբերությունները։ Եվ այո, դա կկանգնեցնի նաև Ռուսաստանին», — գրում է Քոֆին։
•Կարծիք․ Վրաստան-ՆԱՏՕ։ Տեղում դոփելու տասը տարի
Վրաստանում թերահավատորեն են վերաբերվում Քոֆիի առաջարկի ռեալ իրականացմանը։
«Լյուկ Քոֆին հետաքրքիր գաղափարներ ունենում է, նա լավ վերլուծաբան է և Վրաստանի ընկեր։ Սակայն թե նրա գաղափարներից ինչը կարելի է կյանքի կոչել, իսկ ինչը՝ ոչ, դա արդեն այլ հարց է։ Ընդհանուր առմամբ, այդ մարդն անում է այն, ինչ պետք է անի Վրաստանի կառավարությունն, իսկ ավելի ճիշտ, նա «անհանգստացնում է» Արևմուտքին և ողջ աշխարհին Վրաստանի վերաբերյալ գաղափարներով և Վրաստանի թեման միշտ արդիական է պահում», — կարծում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն և պաշտպանության ոլորտի փորձագետ Նոդար Խարշիլաձեն։
Միջազգային հարաբերությունների փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն ասում է, որ Քոֆիի նախաձեռնությունը հաճելի է հնչում, սակայն հեռու է իրականությունից։
«Շատ հաճելի է լսել այդ Քոֆիին։ Սակայն, ավելի լավ կլինի չմանրանալ և պահանջել ամերիկացի զինվորականներին տեղակայել ուղիղ Գորիում [շրջան, որը հարում է վրաց-օսական հակամարտության գոտուն, որտեղ տեղակայված են ռուս զինվորականները _JAMnews]», — գրում է Շարաշենիձեն Ֆեյսբուքում։
____________________
• 2018թ-ի փետրվարին Heritage հիմնադրամի հետազոտող և միջազգային քաղաքականության տեսաբան Լյուկ Քոֆին հոդված էր հրապարակել, որում գրել էր ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նոր մոդելի մասին։ Նա կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինք Վրաստանի արագացված ընդունումը հնարավոր է մեկ պայմանով, եթե ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածը, որը հավաքական պաշտպանություն է նախատեսում, ժամանակավորապես չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա։
• Այս շաբաթ ԱՄՆ բանակի մի քանի ստորաբաժանումներ, որոնք դուրս են բերվել Սիրիայի հյուսիս-արևելքից նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, ուղղվել են դեպի արևմտյան Իրաք։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի խոսքով՝ նրանք շարունակելու են գործողություններն «Իսլամական պետության» դեմ։ Միաժամանակ հինգշաբթի Պենտագոնում հաստատել են, որ պատրաստ են լրացուցիչ ուժեր ուղղել դեպի Սիրիայի հյուսիս-արևելք՝ նավթահանքերն ահաբեկչական կազմակերպության զինյալներից պաշտպանելու համար։