Ամեն բան երբևէ պատահում է առաջին անգամ
Մադլեն Շամլյանը 49 տարեկան է: Մասնագիտությամբ մանկաբույժ: Հուլիսին ամուսնու և երկու որդիների հետ Հալեպից Հայաստան է եկել: Խոստովանում է. մտքով չէր անցնում, որ երբևէ կտոնի Նոր տարին Երևանում: Միշտ երազել է Ամանորը նշել Սիրայից դուրս: Ծիծաղով փաստում է՝ այս անգամ այդպես էլ ստացվեց:
Սիրիայում սկսված պատերազմի հետևանքով Մադլենն ու ամուսինը կորցրել են սեփական տունն ու Հալեպի հայկական թաղամասում գտնվող մանկական կլինիկան: Հայաստան են եկել լավատեսորեն տրամադրված, թեև դեռ միչև հայրենիք հասնելը շատերից լսել են, որ բնակարան վարձակալելը թանկ կլինի, աշխատանք հեշտ չեն գտնի, աշխատավարձն էլ բարձր չի լինի:
Եկան և համոզվեցին, որ Հայաստանում հեշտ չէ ապրել:
Սիրիահայ բժիշները առողջապահության նախարարությունից աշխատանք են խնդրել: Առաջարկել են մեկնել մարզեր, քանի որ մայրաքաղաքում գործ չկա: Նաև փորձել են համոզել, թե Երևանից դուրս բնակարանը ավելի մատչելի գնով կվարձակալեն և աշխատավարձը կբավականացնի ընտանիքի հոգսերին: Ամուսինները համաձայնվել են, բայց նախարարությունից մինչև օրս պատասխան չկա։
Հետո նրանք ինքնուրույն աշխատանք փնտրեցին և գտան՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկակական կենտրոնում: Մադլենն ասում է, որ ամենաշատը մտահոգում է բնակարանի հարցը. «Վարձակալման համար վճարվող գումարը դժվար է գալիս, հեշտ գնում»։
Դրանից բացի Մադլենին անհանգստացնում է ավագ որդու դպրոցում ունեցած խնդիրները: Արամը սովորում է ավարտական, 12-րդ դասարանում: Մայրն ասում է, իրեն օտար է զգում, չի հարմարվում, չի ուզում դպրոց գնալ: Լավ է, փոքր տղան, Հայկը և հարմարվել է, և ընկերներ գտել: Սա երեխաների համար էլ առաջին տոնն է Սիրիայից դուրս:
Հալեպում ընտանիքը ամուսնու հինգ եղբայրներից մեկի հետ է նշել Ամանորը: Ամեն տարի՝ մեկի տանը: Ամանորյա ավանդույթն այսպիսին էր. Երեկոյան սեղանները զարդարում էին, կեսգիշերին Ձմեռ պապն էր գալիս, բաժանում նվերները, լույսերը մարում էին, Հայր մեր աղոթում, մոմերը վառում, շնորհավորում իրար և սկսում զվարճանալ:
Այստեղ տոնածառ են ձեռք բերել՝ փոքր, բայց գեղեցիկ, վարձակալած բնակարանը զանգակներով, լույսերով են զարդարել. «Տոնական տեսք ենք փոխանցել, որ մի քիչ ուրախանանք: Մեզ մոտ կանաչ ծառով տարին դիմավորելը լավ է, բարի: Խեր է՝ կասեն: Այդ հավատքով էլ այս անգամ զարդարել ենք»:
Այստեղի բնակիչներից հետաքրքրվել են, թե ինչպիսին են հայաստանյան ավանդույթները և զարմացել են՝ մեկ շաբաթ սեղանները լիքն ու բաց են: Իրար տուն են այցելում, գինի և շոկոլադե տուփեր տանում՝ «բոնբոնյերկա»: Ծիծաղում են՝ արդեն գիտեինք, ինչ ենք նվիրելու հյուր գնալիս:
«Այն, որ այսքան տարվա մեջ առաջին անգամ Ամանորը Սիրիայից դուրս տոնեցի, մեծ նշանակություն ունի ինձ համար: Ոչ թե ինչ որ պատահական երկրում, այլ հայրենիքում: Հալեպում փոքրիկներին ասում էինք՝ Ձմեռ պապին սայլակով գալիս է Արարատ լեռից, ձյուների մեջից: Մենք հիմա այդ Արարատին մոտ ենք, տեսնում ենք այն»,- ասում է Մադլենը:
Աստծուց խնդրում է խաղաղություն՝ Հայաստանում և Սիրիայում, ասում է. պատերազմ տեսած մարդն ուրիշ բան չի կարող ուզել: Հույս ունի՝ 2016-ը բարի տարի կլինի, երևանյան պայմանները առավել կբարելավվեն, ներգաղթած հալեպահայերը կմնան այստեղ, ստիպված չեն լինի լքել հայրենիքը:
«Այլ երկիր գնալու մասին չենք մտածում: Սիրիայից եկել ենք այստեղ մնալու մտքով: Եթե երկիրս լավանա, կարող եմ վերադառնալ Սիրիա: Բայց, ինչպես ոմանք Հայաստանից գնում են Կանադա, Շվեդիա, Գերմիանիա, մենք չենք ցանկանում»,- ներկայացնում է Մադլենը իր և ամուսնու մոտեցումը: