Ամենապոպուլյար անձինք Հայաստանում վարչապետը, նախագահն ու պաշտպանության նախարարն են․ GALLUP International-ի հարցումը
Հայաստանում առավել մեծ ժողովրդականություն են հիմա վայելում երկրի վարչապետն ու նախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդականություն վայելել 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նրա վարկանիշը երկրի պաշտոնատար անձանց շրջանում ամենաբարձրն է՝ 83.2%։ Նրան շատ մոտ է այս տարի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 83%-ը։
Այս մասին են վկայում MPG (Marketing Professional Group) ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Այն միակ սոցիոլոգիական կազմակերպությունն է Հայաստանում, որը երկրում պաշտոնապես ներկայացնում է GALLUP International-ը։
Մարդկանց հարցրել են նաև, թե ինչ խնդիրներ են նրանց ամենաշատն անհանգստացնում։ Եվ պարզվել է, որ այժմ գործազրկությունն ու ցածր կենսաթոշակները Հայաստանի բնակիչներին ավելի շատ են անհանգստացնում, քան կոռուպցիան։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն, ապա հարցվածների մոտ 30%-ը կարծում է, որ երկիրը պետք է հավասարակշռություն պահպանի համաշխարհային ազդեցության կենտրոնների հետ հարաբերություններում։ Ավելի քիչ մարդ՝ 27.6%-ը, կարծում է, որ Հայաստանը պետք է շարժվի Ռուսաստանի ուղղությամբ, 21.1%-ը նախապատվությունը տալիս է Եվրամիությանը, 15%-ն՝ ԱՄՆ-ին։
• Հայաստանի պաշտպանության նախարարը՝ ռուսական ռազմաբազայի և 2016 թ-ի «ապրիլյան պատերազմի» մասին
Մանրամասն՝ բոլոր հարցերի մասին, որոնք ներառվել են հարցման մեջ, ինչպես նաև պատասխանները վերլուծելու փորձ։
Արդյո՞ք հեղափոխությունից հետո արդարացել են սպասումները
MPG ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը հայտարարել է, որ մեծ մասի՝ հարցվածների 67.21%-ի ակնկալիքները հեղափոխությունից արդարացել են որոշ չափով։ Միայն 9.1%-ի բոլոր սպասումներն են արդարացել։ Ամբողջությամբ հիասթափվել է 13.8%-ը։
«Քաղաքացիներին, որոնք պատասխանել են «որոշ չափով չեն արդարացել» և «և ընդհանրապես չեն արդարացել», խնդրել են պատասխանել այն հարցին, թե ինչու չեն արդարացել։
32.2%-ը նշել է, որ նոր իշխանության անփորձության պատճառով, 28.1%-ը նշել է, որ ակնկալիքներն ավելի բարձր են եղել, 27%-ը հայտարարել է, որ հին պատճառների խորության հետևանքով, 17.8%-ն ասել է, որ նոր իշխանության ոչ բավականաչափ քաղաքական կամքի պատճառով», — ասել է Արամ Նավասարդյանը։
• Նիկոլ Փաշինյանի մասին․ թե ինչպես ընդդիմադիր գործիչը դարձավ Հայաստանի վարչապետ
Կառավարության գործունեության մասին
Հարցվածների կեսից ավելին, ավելի ստույգ՝ 54.9%-ը, կառավարության աշխատանքը հաջող է գնահատում, 36.3%-ը կտրականապես համաձայն չէ այդ կարծիքին։
Ինչ վերաբերում է առանձին անձանց, ապա կառավարության անդամների շրջանում առավել պոպուլյար է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ամենացածր վարկանիշը կրթության նախարար Արայիկ Հարությունյանինն է։
• Ինչո՞ւ են Հայաստանում պահանջում կրթության նախարարի հրաժարականը
Անձամբ վարչապետի աշխատանքն ամբողջությամբ դրական է գնահատել հարցվածների 37.4%-ը։ Մոտավորապես նույն կերպ են մարդիկ գնահատել Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործչի։ Լիովին դրական է նրան գնահատել 36.8%-ը։
Եթե համեմատենք վարչապետի վարկանիշը 2018 թ-ի սեպտեմբերի թվերի հետ, այսինքն՝ «թավշյա հեղափոխությունից» մոտ կես տարի անց, ապա այն ժամանակ նրա գործունեությունը լիովին դրական էր գնահատել 61.2%-ը։
Վարչապետի գլխավոր բացթողումները
Որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր բացթողում հարցվածները նշել են․
• 42%-ն՝ անհաջող կադրային քաղաքականությունը,
• 9%-ը՝ բարեփոխումների դանդաղ ընթացքը,
• 27%-ը՝ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ մեղմ վերաբերմունքը,
• 8%՝ կոշտ միջոցներ չկիրառելը,
• 7%-ը՝ քաղաքական կամքի բացակայությունը։
Խորհրդարանի աշխատանքի գնահատականը
Խորհրդարանի գործունեությունը դրական է գնահատել 43.1%-ը, հակառակ կարծիքին է 46%-ը։
Հարցումը պարզել է խորհրդարանական ընդդիմության ցածր վարկանիշը։
«Շուրջ 50 տոկոսը դժգոհ է խորհրդարանական ընդդիմության գործունեությունից։ Սա մեծ թիվ է», — ասել է Արամ Նավասարդյանը։
Պարզվել է նաև, որ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին՝ 61,3%-ը, կրկին կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Այսինքն՝ նախկինի պես բարձր վարկանիշ ունի քաղաքական ուժը, որն իշխանության է եկել «հեղափոխական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գլխավոր խնդիրների մասին
Հարցվածներին խնդրել են նշել իրենց ամենաշատն անհանգստացնող խնդիրները։
Ահա հիմնական պատասխանները․
• քաղաքացիների 34.1%-ը նշել է գործազրկությունը,
• 34.1%-ը՝ ցածր կենսաթոշակները,
• 32.8%-ը՝ տնտեսական վիճակը,
• 24.1%՝-ը ղարաբաղյան հակամարտությունը,
• 15.2%-ը՝ կրթական համակարգի վատ վիճակը,
• 10.3%-ը՝ առողջապահության ոլորտի վատ վիճակը,
• 7.7%-ը` միգրացիան,
• 7.4%-ը` արտաքին քաղաքականությունն ու պաշտպանության հարցերը,
• 7.2%-ը` գների աճն ու գնաճը,
• 7% – կոռուպցիան։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը մեկնաբանել է, թե ինչ է կանգնած թվերի հետևում, ինչո՞ւ են մարդիկ ավելի շատ հավատում կառավարությանը, քան խորհրդարանին․
«Դա ավանդական բան է։ Հայաստանում, և ոչ միայն այստեղ, կառավարության վարկանիշը գրեթե միշտ ավելի բարձր է, քան խորհրդարանինը։ Դա այսպես է ընկալվում․ կառավարությունն այն մարմինն է, որն ինչ-որ բան է անում, անմիջականորեն քաղաքականություն է վարում, իսկ խորհրդարանն այն մարմինն է, որտեղ բոլորը պարզապես խոսում են։ Բացի այդ, առավել որակավորված կադրերը միշտ կառավարությունում են, ավելի թույլերը՝ խորհրդարանում։ Այդ պատճառով էլ այս իրավիճակը նորմալ է»։
Միքայելյանը մեկնաբանել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի բարձր վարկանիշը։ Երկրի՝ խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո նախագահն ավելի շատ արարողակարգային ֆիգուր է դարձել, քան վճռորոշ խաղացող։ Սակայն իր ներկայացուցչական պարտականություններն, ինչպես կարծում է քաղաքագետը, Սարգսյանը «գերազանց է կատարում»։ Նախագահի բարձր վարկանիշն, ըստ Միքայելյանի, ապահովում են նաև այլ գործոններ․
«Քանի որ նա դիրքորոշում չի հայտնում ոչ մի քաղաքական հարցի վերաբերյալ, բախումների չի գնում, ոչ մեկին չի նեղացնում, հետևաբար, նրան չսիրելու պատճառները քիչ են։ Բացի այդ, չմոռանանք, որ նախագահի վարչակազմը բավականին հաջող փիար-արշավ է վարում»։
Ինչ վերաբերում է կառավարության գործունեության գնահատականին, ապա քաղաքագետը կարծում է․
«Եթե ի սկզբանե կառավարությունը լեգիտիմության և հավանության լիցք ուներ, որը ստացել էր հեղափոխությունից, ապա այժմ այն շատ հարցերում կարողացել է սեփական իներցիան, տրամաբանությունը ձեռք բերել։
Ամռանը կառավարության, ինչպես նաև իշխող թիմի վարկանիշն իջել էր։ Սակայն աշնանն արդեն վերականգնվեց։ Ստացվում է, որ տվյալ պահին հասարակական կարծիքն արտահայտված դինամիկա չունի։ Իրավիճակը ստաբիլ է, հավանության մակարդակը՝ բարձր»։