Աղջիկներին չի կարելի աշխատել
Հարցը պարզ էր հնչում. ինչպե՞ս են իրենց նույնականացնում կանայք Ղարաբաղում, ի՞նչ իրավունքներ, հնարավորություններ ու հեռանկարներ ունեն նրանք:
Պարզվեց՝ այդ հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխանել: Սակայն որքան էլ համատեքստը բարդ լինի, տարբեր կանանց, տղամարդկանց, փորձագետների և գենդերային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնական անձանց հետ զրույցի արդյունքում հետևյալ եզրահանգումը ձևավորվեց. Ղարաբաղում կնոջ կյանքի գործը կոկիկ տունը, երեխաներն ու ամուսին է: Եվ վերջ:
Բռնություն առանց բռնության
Ղարաբաղի պաշտոնական կառույցներում կանայք ներկայացված են, իսկ որոշներում՝ անգամ բավականին շատ: Վերջին մի քանի տարվա ընթացքում այստեղ 4 կին պատգամավոր է եղել (պատասխանատու են եղել շինարարության, արդարադատության, սոցիալական ապահովության և մշակույթի համար):
Այդ մի քանի կանայք բոլորի տեսադաշտում են: Մնացած բոլորի համար լայն տարածում ունեն այլ կանոններ ու ավանդույթներ:
Դուստրերի, կանանց և հարսների՝ բարձրագույն կրթություն ստանալը խրախուսվում է, դիպլոմը հարգի է: Սակայն հետո գալ ու աշխատելու, այն էլ՝ լրիվ դրույքով, ինչպես նաև կարիերա անելու համար ամուսնու թույլտվությունն է պետք: Իսկ երբ այդ թույլտվությունը կա, կինը պետք է գիտակցի, որ սկզբից նա պետք է ապահովի տան, երեխաների, ամուսնու կոկիկությունը, իսկ դրանից հետո կարող է աշխատել և կարիերա ձևավորել:
«Նման մոտեցումն ինքն իրենով բռնություն է: Սակայն շատ կանայք անգամ չեն գիտակցում դա, քանի որ բռնի գործողություն ասելով նրանք հասկանում են միայն ծեծը կամ, լինում է նաև, սպանությունը», — ասում է Կանանց ռեսուրս կենտրոնի տնօրեն Գայանե Համբարձումյանը:
Գայանեն պատմում է, որ իր անցկացրած քննարկումների և թրեյնինգների ժամանակ նրան տարակուսանքով հարցնում են. մի՞թե բռնությունը բռնաբարությունը չէ: Եվ նույնիսկ երբ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, շատերը չեն ուզում ընդունել, որ բռնության են ենթարկվում, և իրենց փորձը երրորդ դեմքով են ներկայացնում:
Ֆիզիկական բռնություն
Ղարաբաղում կանանց ծեծում են: Եվ հաճախ են ծեծում: Ընդ որում, կանայք հաճախ են արդարացնում ամուսիններին, օրինակ, նրանով, որ «նա պարզապես հարբած էր»:
«Բռնության դեպքերը հաճախ կրկնվում են: Եվ շատ հաճախ ընտանեկան բռնությունը դիտարկվում է որպես պատերազմի «ժառանգություն», — ասում է Հանրապետական բժշկական կենտրոնի հոգեբան Գեղանուշ Սաֆարյանը:
«Պատերազմի ընթացքում տղամարդկանցից շատերը կոնտուզիա են ստացել: Դա հաճախականությամբ երկրորդ խնդիրն է. նրանք նյարդային անկումներ են ունենում և ծեծում են իրենց կանանց»:
Լինում են դեպքեր, երբ կնոջը ծեծում է ոչ թե ամուսինն, այլ սկեսուրը: Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության կենտրոնի հոգեբան Իննա Պետրոսյանը չի կարողանում մոռանալ, թե ինչպես մի անգամ սկեսուրը հարսին պարզապես հրեց հոգեբանի սենյակ:
«Նա ցանկանում էր ներկա գտնվել մեր զրույցին, ես բնականաբար արգելեցի: Երբ սկեսուրը դուրս եկավ, կինը սկսեց պատմել, թե ինչպես է սկեսուրն իրեն ստիպում հղիությունն ընդհատել», — պատմում է Իննա Պետրոսյանը:
Ընտանիքում արդեն երկու աղջիկ էր ծնվել, և սկեսուրն ուզում էր, որ երրորդը տղա ծնվի: Եվ հարսն արդեն մի քանի անգամ ընդհատել էր հղիությունը:
Աշխատել արելի է միայն ընտանեկան բիզնեսում
Ղարաբաղում քիչ չեն այն ընտանիքները, որոնցում ամուսինը կնոջը թույլ չի տալիս աշխատել:
«Ամուսինս, այո, աշխատում է: Իսկ ես տան գործերն եմ անում: Նա ինձ թույլ չի տալիս աշխատանքի գնալ», — պատմում է 43-ամյա Ջուլիետան:
35-ամյա Արմինեն արդեն 20 տարի է՝ ամուսնացած է: Ասում է, որ ամուսինն իրեն թույլ է տվել աշխատել ընդամենը մի-երկու տարի առաջ: «Դրանից առաջ նա չէր համաձայնում, սակայն երբ երեխաները մեծացան, և ծախսերն աճեցին, նա ստիպված էր ինձ թույլ տալ աշխատել: Այլ տարբերակ չկար, նրա եկամուտն ակնհայտորեն չէր հերիքում»:
Լինում են նաև դեպքեր, երբ երիտասարդ հարսին նոր ընտանիքում ստիպում են կամ թողնել ուսումը, կամ հեռակա ուսուցման անցնել: Դա հաճախ է պատահում, երբ նորապսակներն ուսանող են լինում:
Մի քանի տարի առաջ Ղարաբաղում օրենք ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնանալ 17 և անգամ 16 տարեկանում այն պայմանով, որ առկա է ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությունը, ինչպես նաև եթե զույգերից մեկի 18 տարեկանը լրացել է: Ստացվում է, որ հանրապետությունում օրինականացրել են մի իրավիճակ, երբ աղջիկները դպրոցն ավարտելուց հետո կամ նույնիսկ չավարտած միանգամից ամուսնանում են՝ ուսումը կիսատ թողնելով՝ հայրերի և ամուսինների որոշմամբ:
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի հոգեբան Գեղանուշ Սաֆարյանի խոսքով՝ ամուսնության 4-րդ-5-րդ տարվանից կանայք սկսում են զղջալ, որ իրանց զրկել են կրթույթուն ստանալու իրավունքից:
«Հաճախ եմ լսում, որ կանայք ասում են. ամուսինս չթողեց՝ սովորեմ, — ասում է հոգեբանը: — Սակայն դա ընտանեկան բռնության թերևս ամենաանմեղ արտահայտումներից է»:
Ղեկավար կանայք
Այնուամենայնիվ, ասել, որ Ղարաբաղում բնակվող բոլոր ընտանիքներում նման իրավիճակ է տիրում, սխալ կլինի: Քիչ չեն դեպքերը, երբ կանայք ոչ միայն ազատ են աշխատանքի ընտրության հարցում, այլ նաև բարձր պաշտոններ են զբաղեցնում:
Հիմա Ղարաբաղում միայն մի կին նախարար կա: Խորհրդարանի 33 պատգամավորներից 5-ը կին է: 7 վարչական շրջաններից ոչ մեկը կին չի գլխավորում: Նման բան երբեք չի էլ եղել: