Բաքուն պատրա՞ստ է բանակցել ԼՂ-ի հետ․ Ալիև-Վարդանյան հեռահար բանավեճը
Ալիև-Վարդանյան հեռահար բանավեճը
«Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին»,- Ադրբեջանի նախագահի հայտարարությանն այսպես է արձագանքել Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Անդրադառնալով Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներին ու անվտանգությանը՝ Իլհամ Ալիևը նշել էր, որ Բաքուն պատրաստ է խոսել «մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են ապրել այնտեղ», բայց ոչ Վարդանյանի, ում «Մոսկվայից այնտեղ են ուղարկվել հստակ օրակարգով»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Ալիևը փորձում է լուծել երկու խնդիր՝ ցույց տալ, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսության, սակայն բացառել Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող նոր միջազգային ձևաչափի ստեղծումը:
Ալիևի հայտարարությունը, Արցախի պետնախարարի արձագանքը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Պատրաստ չենք խոսել Մոսկվայից գործուղված Վարդանյանի հետ»․ Ալիև
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Բաքուն պատրաստ է «խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են ապրել այնտեղ»։ Նրա դիտարկմամբ՝ այդ գործընթացը «կապ չունի Փաշինյանի ու նրա կառավարության հետ»։
«Եթե [Հայաստանը] ուզում է խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, դա չի ստացվի, մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ, որի գրպաններում ռուս ժողովրդից գողացված միլիարդներ են։ Նա ուղարկվել է այնտեղ շատ հստակ օրակարգով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ գործընթացը շատ ավելի արագ կզարգանա, եթե որոշ երկրներից չլինեն «արտաքին միջամտություն ու Ղարաբաղի հայերի հետ կապերին խոչընդոտելու փորձեր»։
Նա նաև նշել է, որ Հայաստանը փորձում է ԼՂ-ի հայերի իրավունքների ու անվտանգության հարցը ներառել խաղաղության պայմանագրում, ինչն իր համար անընդունելի պահանջ է։
«Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլև ստորագրում են Պրահայում և Սոչիում։ Միաժամանակ ցանկանում են պայմանագրում ներառել Ադրբեջանի հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք դրան չենք համաձայնի»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։
«Ո՞րն է այդ «հստակ օրակարգը»․ Արցախի պետնախարար
Ֆեյսբուքյան էջում Ռուբեն Վարդանյանը հրապարակել է գրառում, որով ողջունել է Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը, բայցև ընդգծել՝ այդ գործընթացում «Արցախը պետք է սուբյեկտ լինի»։ Վարդանյանն Ադրբեջանի նախագահին առաջարկել է «անցնել ավելի կառուցողական տոնի» և պարզաբանել, թե ինչ նկատի ունի «հստակ օրակարգ» ասելով․
«Բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։
Արցախի պետնախարարը ողջունել է միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը։ Հիշեցնելով օրերս Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն ու «Լեռնային Ղարաբաղի ճանաչման» մասին հիշատակումը նա շեշտել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միջնորդների շարքում պետք է լինի նաև Ֆրանսիան։
Վարդանյանի գնահատմամբ՝ այսօրվա ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ երկու ժողովուրդների ապագա սերունդների համար, ինչը նշանակում է, որ «երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»:
Նշանակումից հետո «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում գործարար Ռուբեն Վարդանյանը նշել էր, որ երբեք պետական համակարգում չի եղել, չնայած ներդրումային բանկիրի հիմնական գործառույթը բանակցելն է։
«Բիզնեսում իմ փորձը ցույց է տալիս, որ ես կարող եմ պայմանավորվել շատ տարբեր մարդկանց հետ»,- ասել էր նա։
Խոսելով Արցախի ճակատագրի մասին՝ Վարդանյանն ընդգծել էր՝ հարցը պետք է որոշվի ԼՂ-ի մասնակցությամբ, քանի որ Հայաստանի ղեկավարությունը «մանդատ չունի, որ Արցախի փոխարեն որոշի, թե ինչպես են այնտեղ ապրելու»։
Ստեփանակերտը համաձա՞յն է Բաքվի առաջարկին
Վերոնշյալ ֆեյսբուքյան գրառմամբ Ռուբեն Վարդանյանն, ըստ էության, Ստեփանակերտի անունից բանակցելու պատրաստակամություն է հայտնել։ Մինչդեռ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է՝ «Ստեփանակերտը համաձայն չէ Բաքվի առաջարկին՝ ուղիղ խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ»։
«Այն, ինչ Ալիևն է ասում, սա ոչ այլ ինչ է, քան պարզապես վերջնական կապիտուլյացիա»,- «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, բայց միայն միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
Արցախի արտգործնախարարի փոխանցմամբ՝ չեն էլ քննարկել, թե ով է լինելու բանակցողը, քանի որ բանակցությունների ձևաչափ չկա։ Չի բացառում, որ Ալիևը նախագահի փոխարեն պետնախարարի անունը հնչեցրած լինի «ներքին լարվածություն ստեղծելու» նպատակով։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ խոսելով «արտաքին միջամտության ու Ղարաբաղի հայերի հետ կապերին խոչընդոտելու փորձերի» մասին Իլհամ Ալիևը նկատի է ունեցել Ռուսաստանը։ Сivilnet.am-ում հրապարակված հոդվածում նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահն այս հայտարարությամբ արձագանքում է օրերս ԱՄՆ Սենատում կազմակերպված լսումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի ելույթին։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցի շուրջ բանակցություններին աջակցելու համար պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ»,- ասել էր Ռիքերը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահը փորձում է լուծել երկու հիմնական խնդիր․
«Մի կողմից Ալիևը փորձում է ցույց տալ, որ կառուցողականորեն է տրամադրված և պատրաստ է երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը փորձ է կատարում բացառել Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող նոր միջազգային ձևաչափի ստեղծումը»։
Նրա խոսքով՝ Բաքուն պատրաստ կլինի Արցախի ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսել միայն սեփական օրակարգով։ Նկատում է՝ պատահական չէ, որ Արցախի իշխանությունների հետ շփումներն Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանն են ներկայացնում որպես, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի գործընթացի մաս»։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ քանի դեռ չկա Ադրբեջանի հետ գրավոր պայմանավորվածություն, որը կերաշխավորի միջազգային ձևաչափի ներքո Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունները, Հայաստանը խաղաղության պայմանագիր չպետք է ստորագրի։
Կարևորում է, որ այդ մեխանիզմի վերաբերյալ սեփական առաջարկներով հանդես գան նաև Երևանն ու Ստեփանակերտը։
«Ստեփանակերտը չպետք է հրաժարվի Բաքվի հետ ուղիղ բանակցություններից, եթե դրանք տեղի ունենան միջազգային մեխանիզմի կամ ձևաչափի առկայության պայմաններում»,- ամփոփում է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ալիև-Վարդանյան հեռահար բանավեճը