«Մենք երրորդ պատերազմ սկսելու մտադրություն չունենք». Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը երրորդ պատերազմ սկսելու մտադրություն չունի։ Խոսելով Զանգեզուրի միջանցքի կառուցման անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի իրականացումը պատմական անհրաժեշտություն է»։ «Հայաստանն ուզի, թե ոչ, այն կիրականացվի»,- հավելել է նա։ Ալիևն անդրադարձել է նաև Լաչինի ճանապարհին շարունակվող բողոքի ակցիային և Ղարաբաղում բնակվող հայերի ճակատագրին։
- «Պատերազմի ուրվականը թափառում է Հարավային Կովկասում». վերլուծություն Բաքվից
- «Կատարյալ չի լինելու»․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
- «Ադրբեջանը կրակի հետ է խաղում»․ հայ քաղաքագետ
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին։
JAMnews-ն առանձնացրել է երկրի հինգ առաջատար հեռուստաալիքների թղթակիցների հետ Ալիևի զրույցի ամենահետաքրքիր դրվագները։
Զանգեզուրի միջանցքի մասին
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Զանգեզուրի միջանցքի տնտեսական արդյունավետությունը.
«Իհարկե, մեզ համար այս նախագիծը ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական ծրագիր է։ Մենք միանգամայն համոզված ենք, որ այս ծրագրի իրականացումը մեր բնական իրավունքն է։ Բացի այդ, դրա իրականացումն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ։
Ճիշտ է, «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չկա։ Որովհետև «Զանգեզուրի միջանցք» տերմինն աշխարհաքաղաքական լեքսիկոն ներմուծեցի ավելի ուշ։ Այնուհանդերձ, այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, և Հայաստանը պետք է դա ապահովի։
Այսօր Հայաստանը փորձում է դրանից խուսափել։ Փաստորեն, երկու տարուց ավելի է, ինչ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Բայց դա մեզ չի կանգնեցնի: Այսինքն՝ սա ռազմավարական նախագիծ է մեզ համար, և ոչ միայն մեզ համար, այլև մի քանի հարևան երկրների և մեծ աշխարհագրության համար։
Իհարկե, Զանգեզուրի միջանցքի իրականացումը պատմական անհրաժեշտություն է։ Ուստի ես ասացի, որ Հայաստանն ուզի, թե ոչ, այն կիրականացվի»։
Ալիևը նշել է, որ դա «Հայաստանում ընկալվում է որպես հերթական սպառնալիք».
«Թեև նման բան իմ մտքով չի էլ անցել։ Դա ուղղակի անխուսափելի է։ Վաղ թե ուշ, դա կլինի։ Իհարկե, մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա ավելի շուտ, որքան հնարավոր է շուտ»:
Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքում ռազմական օպերացիաների պատճառների մասին
Լրագրողների հետ զրույցում Իլհամ Ալիևն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից վերահսկվող տարածքներում իրականացված մի քանի ռազմական օպերացիաներին և նշել դրանց պատճառները.
«Փառուխի բարձունքը գրավելու օպերացիայի հիմնական պատճառը մեր բանակի կողմից չվերահսկվելն էր։
Մի մեծ տարածք մնացել էր այդ բարձունքից հրետակոծության սպառնալիքի տակ, և հայկական անօրինական զինված խմբավորումները պարբերաբար օգտվում էին դրանից։
Մյուս կողմից՝ նման պայմաններում հնարավոր չէր վերանորոգել Խաչինչայի ջրամբարը։
Փառուխի բարձունքը վերահսկողության տակ վերցնելը լուծեց այդ խնդիրները»։
«Հայերը մտածում էին, թե Ադրբեջանը երբեք չի համարձակվի ռազմական օպերացիաներ սկսել այդ տարածքում։ Բայց մենք կոտրել ենք նաև այդ միֆը։ Դա մեր տարածքն է։ Մենք այնտեղ ռազմական օպերացիաներ չենք իրականացնում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկից վախենում ենք, մենք դրան փորձում ենք հասնել քաղաքական ճանապարհով»,- հավելել է նա։
Ադրբեջանի նախագահը հիշատակել է նաև Ղարաբաղում՝ խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքում երկրորդ օպերացիան՝ Սարիբաբա բարձունքի գրավումը.
«Մեր աչքի առաջ Սարիբաբայի և Գըրխգիզի բարձունքներում, ինչպես նաև այլ ուղղություններով, ակտիվորեն ականապատման աշխատանքներ էին իրականացվում։
Այն բանից հետո, երբ այդ տարածքներն անցան մեր վերահսկողության տակ, այդ բոլոր ականները հայտնաբերվեցին։ Դրանք արտադրվել են Հայաստանում 2021 թվականին, բայց ինչպե՞ս են հայտնվել այնտեղ։ Ռուսական խաղաղապահ զորախումբն այս հարցին մինչև հիմա չի պատասխանել: Ի՞նչ են պատասխանելու։
Մենք նրանց հրավիրեցինք այնտեղ, հրավիրեցինք նաև Ղարաբաղում թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցներին, ցույց տվեցինք մեր գտածը և հարցրինք՝ ո՞վ է բերել այստեղ, ո՞վ է պատասխանատու սրա համար։
Բայց սա նույնպես դաս չեղավ հայկական կողմի համար, և տեղի ունեցավ սեպտեմբերյան բախումը»։
«Մենք երրորդ պատերազմ սկսելու մտադրություն չունենք»
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք երեք անգամ ցույց ենք տվել, որ ոչ ոք չի կարող մեզ դիմակայել։ Մենք հասնում ենք այն ամենին, ինչ ուզում ենք, իսկ Երևանի հովանավորները չեն կարող օգնել նրանց։ Սա առաջին հերթին:
Երկրորդ՝ ադրբեջանա-հայկական սահմանի բարձունքները, որոնց մենք հասել ենք, մեզ ռազմավարական մեծ առավելություն են տալիս։ Դրանք հնարավորություն են տալիս հայտնաբերել ցանկացած պոտենցիալ վտանգ և ժամանակին կանգնեցնել այն։
Հուսով եմ, որ կարճ ժամանակում երեք անգամ ռազմական և քաղաքական պարտություն կրած Հայաստանն արդեն հասկանում է, որ խաղաղության պայմանագիրն անխուսափելի է։ Որքան շուտ նրանք դա հասկանան և իրենց մեջ ուժ գտնեն համաձայնելու, այնքան լավ կլինի մեր տարածաշրջանի համար»,- հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երրորդ պատերազմ սկսելու մտադրություն չունի.
«Մենք նման մտադրություն չունենք։ Կարծում եմ, որ 2023 թվականը կդառնա ղարաբաղյան երկրորդ պատերազմի իրական ավարտը, և նման իրադարձություններ այլևս չեն կրկնվի»։
Լաչինի ճանապարհին բողոքի ակցիայի մասին
Խոսելով Լաչինի ճանապարհին ադրբեջանցի ակտիվիստների բողոքի ցույցի մասին՝ Ալիևն ասել է, որ «որևէ շրջափակման մասին խոսք լինել չի կարող».
«Այս մեկ ամսվա ընթացքում այդտեղով անցել է խաղաղապահների մոտ 400 մեքենա։
Իհարկե, մինչ այդ էլ Լաչինի ճանապարհի ողջ երթևեկությունը մեր վերահսկողության տակ էր։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էինք իմանալ իրանական մեքենաների և Ղարաբաղ մտած Իրանի 20 քաղաքացիների մասին։ Մինչև հիմա այդ հարցի վերաբերյալ պարզաբանում չենք ստացել։
Մենք գիտենք, որ ռուս խաղաղապահների մեքենաներն այնտեղ, ի թիվս այլ բաների, տեղափոխում են նաև հայ բնակչության համար սննդամթերք և դեղամիջոցներ։ Մենք դեմ չենք դրան, քանի որ մեր նպատակը շրջափակումը չէ։
Կարմիր խաչի աշխատակիցները դիմում են, թույլ ենք տալիս անցնել։
Պարզապես պետք է հասկանալ, որ սա հերթական հակաադրբեջանական շոու է, տեղի ունեցողը այլ կերպ չեմ կարող անվանել։ Հայերն ու նրանց հովանավորները կարծում են, որ սրանով ինչ-որ բանի կհասնեն, բայց ոչնչի չեն հասնի։ Բոլորը գիտեն մեր արդար պահանջների մասին։
Այս ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք հասանելիություն ստանանք հանքավայրերին: Մեր պահանջները չափազանց արդար են։ Մենք հասնելու ենք մոնիթորինգի, հաշվետվողականության և ապօրինի հանքարդյունաբերության դադարեցման։ Ուստի այս իրադարձությունները շրջափակում անվանելն ուղղակի անամոթություն է»։
Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին
Իլհամ Ալիևն իր հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրին.
«Ես խոսել եմ այս մասին և ուզում եմ նորից կրկնել՝ այնտեղ պայմաններ կստեղծվեն նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել Ադրբեջանի դրոշի ներքո։ Ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները, նրանք ևս կունենան իրավունքներ, կապահովվի նրանց անվտանգությունը։
Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպը դրա վկայությունն է։ Մեկ հոգու վերադարձրել են, և ոչ թե հենց այնպես, լի ձեռքերով։ Նա եկել է մեր զինծառայողներից ծխախոտ խնդրելու, երկու տուփ ծխախոտ են տվել։ Այսինքն՝ մենք ոչ միայն ապահովելու ենք նրանց իրավունքներն ու անվտանգությունը, այլև նրանք էլ ավելի լավ են ապրելու։
Իհարկե, ի՞նչ կարժենա դա մեզ վրա։ Ոչինչ։ Եթե մի ժամանակ անջատողական շարժում չսկսեին, ապա հիմա էլ կապրեին ողջ Ադրբեջանում այնպես, ինչպես ապրում էին։ Իսկ նրանց կյանքի այսօրվա պատկերը բոլորի աչքի առաջ է։
Ովքեր չեն ուզում մեր երկրի քաղաքացի դառնալ, ճանապարհը փակ չէ, կարող են հեռանալ։ Նրանց ոչ ոք չի խանգարի։ Կարող են մեկնել խաղաղապահների բեռնատարների բեռնախցիկում, ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։
Սահմանազատման մասին
«Եթե հայերը չեն ուզում սահմանների սահմանազատում, ապա պետք էլ չէ։ Սա նշանակում է, որ սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք ենք ուզում։ Արդեն ստիպված եմ օգտագործել այս տերմինաբանությունը։
Սահմանը սահմանազատված չէ. Իսկ ո՞վ կարող է ասել, որ այն անցնում է ոչ թե այնտեղով, այլ այստեղով։ Ես կարծում եմ, որ այն անցնում է այստեղով: Դրա համար ունեմ հիմնավորումներ՝ պատմական, քարտեզագրական։ Սա առաջին հերթին նրանց պետք է անհանգստացնի։
Մենք կարող ենք այսպես ապրել երկար ժամանակ։ Չլինի խաղաղության պայմանագիր, պետք էլ չէ։ Ի՞նչ կլինի հետո։ Կտեսնենք: Կարծում եմ՝ նրանք ինձ կլսեն և ճիշտ որոշման կգան։
Ես չեմ ուզում հանդես գալ որպես ճնշում գործադրող կողմ։ Երբեք և ոչ մի դեպքում անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել նույնիսկ նրա հանդեպ, ով հարգանքի արժանի չէ: Բայց պետք է ասեմ այս մասին։
Իմ կարծիքով՝ 2023 թվականը կլինի վերջին հնարավորությունը։ Որովհետև հետո կգա 2024 թվականը, իսկ 2025 թվականին կավարտվի ռուս խաղաղապահների առաքելությունը։ Նրանք պետք է իրենց քթից թեկուզ մի փոքր այն կողմ տեսնեն»,- ամփոփել է Ալիևը։