«Ալիևը բորբոքում է ադրբեջանական ագրեսիան». արձագանքներ ԼՂ-ից
Ադրբեջանի նախագահի հայատրարությունները և դրանց արձագանքը Արցախից
Ադրբեջանի ղեկավարը հատուկ է թիրախավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ու մեղադրանքներ հնչեցրել ռուս խաղաղապահների հասցեին: Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունն այսպես է արձագանքել օրեր առաջ ԶԼՄ-ների հետ զրույցում Իլհամ Ալիևի հնչեցրած մտքերին:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Արցախի խորհրդարանը:
«Մինսկի խմբին թույլ չենք տա զբաղվել Ղարաբաղյան հարցով». Ալիև
Լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և ռուս խաղաղապահների գործունեությանը: Ալիևը կարծիք էր հայտնել, թե Մինսկի խումբը պետք է ձևավորի իր օրակարգը, բայց «չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ. այն արդեն լուծված է».
«Այդ հարցը մենք լուծել ենք նրանց փոխարեն: Նրանք պետք է ընդունեն նոր իրողությունները, որքան էլ դա դժվար լինի իրենց համար։ Պետք է իմանան, որ չեն զբաղվելու Ղարաբաղյան հարցով, որովհետև մենք դա թույլ չենք տա։ Եթե հակամարտող կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված է, նշանակում է՝ այլևս տեղ չկա միջնորդության համար: Մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց», — հայտարարել էր Ալիևը:
44-օրյա պատերազմից հետո Ալիևն առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, թե ԼՂ հակամարտությունն արդեն լուծված է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, սակայն, պնդում են՝ հակամարտության համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները:
Աղրբեջանի ղեկավարն ասել էր, թե Բաքուն անհանգստացած չէ Մինսկի խմբի գործունեության ցածր մակարդակով՝ հավելելով, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ համանախագահների մոտ նախկին միասնականությունը բացակայում է:
Խոսելով Մինսկի խմբի անելիքների մասին՝ Իլհամ Ալիևն ասել էր, թե չգիտի՝ ինչով են զբաղվում, բայց ենթադրում է, որ պատրաստվում են «հոբելյանական միջոցառումների».
«Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թ.-ին, և այս տարի լրանում է 30-ամյակը։ Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք թոշակի անցնելու շեմին են, ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն»։
Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները կարևոր գործառույթ են կատարում, բայց լինում են նաև «նյարդայնացնող պահեր», ինչպես օրինակ՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցն Արցախ։ Ասում է՝ նման «անօրինական այցերի» կապակցությամբ բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել ֆրանսիական կողմին:
Հարցազրույցում Ալիևը նաև սպառնալիքներ էր հնչեցրել՝ ասելով, թե ուշի ուշով հետևում են Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ սեփական, թե՛ գործընկերների ուժերով, և պատրաստ են ոչնչացնել ցանկացած սպառնալիք.
«Եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի՝ անկախ նրանից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը»:
Արձագանքներ Ստեփանակերտից
«Ադրբեջանը հավակնում է Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը»
Ազգային ժողովի խմբակցությունները դատապարտել են Ադրբեջանի ղեկավարության պահվածքը, իսկ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ են արել ձեռնարկել գործնական քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար:
Պատգամավորները հիշեցրել են, որ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 1992 թ.-ից հանձն առած և տևական ժամանակ տարածաշրջանային կայունությանը իր նպաստը բերած հեղինակավոր կառույց է.
«Նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ», — ասված է հայտարարությունում:
Ասում են՝ Ադրբեջանը հիմա էլ հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը ու հավելում, որ Ալիևի համար սխալ ազդանշան են դարձել «ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից համարժեք արձագանքների բացակայությունը»:
Խորհրդարանական ուժերի համոզմամբ՝ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած հայատյաց քաղաքականությունից: Այդ մասին են վկայում նաև վերջին օրերին հաճախակի դարձած սահմանային սադրանքները:
Ադրբեջանական կողմի պահվածքն, ըստ Արցախի Ազգային ժողովի, կասկածի տակ է դնում խաղաղության օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ միջազգային կառույցների համար երբեմն հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը.
«Ադրբեջանական ագրեսիան, չնայած Ռուսաստանի խաղաղարար ջանքերի, շարունակվում է այլ մեթոդներով, և այդ ամենը պարբերաբար բորբոքվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքներով, մասնավորապես՝ կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցքի անվտանգությունը»:
«Խաղաղապահների գործունեության վրա ստվեր գցելու փորձերն անընդունելի են»
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դատապարտել է նաև Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը: ԱԳՆ դիտարկմամբ՝ Իլհամ Ալիևը կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ:
Նման քաղաքականությունն, ըստ գերատեսչության, միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է.
«Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը»:
Արտգործնախարարության համոզմամբ՝ Ադրբեջանի ղեկավարը հատուկ է թիրախավորել Մինսկի խմբի ու Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ», — ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի պահվածքն ու համոզմունք հայտնել, որ նման պետական քաղաքականությունը համապատասխան գնահատականի պետք է արժանանա նաև միջազգային հանրության կողմից։