Ալիևը՝ ՀՀ հետ խաղաղ բանակցությունների մասին. «Մտադիր ենք բանակցել 5 սկզբունքների հիման վրա»
Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների մասին
Շուշիում տեղի է ունեցել աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարը, որն այս անգամ կոչվում էր «հաղթանակի համագումար»։ Համագումարի մասնակիցների առաջ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Երևանը չընդունի պաշտոնական Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները՝ խաղաղ բանակցություններ սկսելու համար, ապա Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչվի։
Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված Շուշի քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարը։ Դրա աշխատանքներին մասնակցել են սփյուռքի ավելի քան 400 ներկայացուցիչներ և հյուրեր 65 երկրներից։
Աշխարհի ադրբեջանցիների առաջին համագումարը տեղի է ունեցել Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ 2001 թ․-ին։ Հետագայում այն անցկացվում էր հինգ տարին մեկ անգամ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառով հինգերորդ համագումարը հետաձգվել էր։
«Մինսկի խումբն այլևս չկա»
Դիմելով համագումարի մասնակիցներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ կնքվելիք խաղաղ բանակցությունների խնդրին և այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների դերին։
«Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա, ցավոք, այսօր էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները դեռ խոսում են Մինսկի խմբի մասին։ Ես կարծում եմ, որ դա ապարդյուն է և բոլորովին անիմաստ:
Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019թ.-ին։ Խումբը, որը 1992 թվականին մանդատ էր ստացել այս հարցը լուծելու համար, իրականում ոչ մի արդյունքի չի հասել:
Եթե հիմա նայենք այս խմբի պատմությանն ու գործունեությանը, նրա կողմից արված առաջարկներին, կարող ենք ևս մեկ անգամ համոզվել, որ խումբը ստեղծված չէր խնդիրը լուծելու համար։ Մենք պարզապես մի քիչ միամիտ էինք այդ ժամանակ: Այս խումբը ստեղծվել է ոչ թե հարցը լուծելու, այլ օկուպացիան հավերժացնելու համար։ Մինսկի խմբի համանախագահող երկրներում հայկական լոբբիստական խմբերը շատ ազդեցիկ են։ Այդ իսկ պատճառով 28 տարվա ընթացքում այս խումբը ոչ մի արդյունքի չի հասել։
Իսկ 2019 թվականին խմբի գործունեությունը, կարելի է ասել, դադարեց։ Սրա պատճառը Հայաստանի նոր ղեկավարության չափազանց տարօրինակ պահվածքն էր։ Որովհետև, երբ 2018-ին իշխանության եկավ Հայաստանի նոր ղեկավարությունը, և Մինսկի խումբը, և, պետք է բացեիբաց ասեմ, մենք որոշակի հույսեր ունեինք, որ հանցավոր խունտայի ռեժիմի տապալումից հետո իշխանության եկած նոր սերնդի քաղաքական գործիչները կգիտակցեն իրականությունը, կհասկանան, որ ի վիճակի չեն կռվելու, պատերազմելու Ադրբեջանի հետ։
Գրեթե մեկ տարվա ընթացքում ակտիվ բանակցություններն էլ ավելի ամրապնդեցին այս տեսակետը: Սակայն 2019 թվականին Հայաստանի ղեկավարությունը սկսեց բոլորովին այլ դիրքորոշում դրսևորել։ Հայաստանի ղեկավարության արտահայտած աբսուրդային մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» բառերը վերջ դրեցին բանակցային գործընթացին, և Մինսկի խումբը, որն ինձ հետ հանդիպեց այս հայտարարությունից հետո, կարելի է ասել, որ շատ անորոշ վիճակում էր, քանի որ այս հայտարարությունից հետո անհնար էր իրականացնել ցանկացած բանակցություն․բանակցությունների էությունն այն էր, որ օկուպացված հողերն ազատագրվեն։
Դրանից հետո Մինսկի խումբը փաստացի չէր կարող որևէ գործունեություն ծավալել, թեկուզ տեսանելիության համար»,- ասել է Ալիևը։
«Նրանք կնշեն իրենց տարեդարձը, հետո թոշակի կգնան»
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունել են հետպատերազմյան իրողությունները.
«ՄԱԿ-ը, որը միջազգային միջոցառում է անցկացրել Շուշայում (Շուշի), Եվրամիությունը, որ ներկայումս ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ-ն, որը լավ գիտի, որ Մինսկի խումբն այլևս չկա։
Ճիշտ է՝ մի քանի ամիս առաջ, դեռ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ, երբ ինձ հարցնում էին, թե ինչով է զբաղվելու Մինսկի խումբը, ես պատասխանեցի, որ 2022 թվականին լրանում է խմբի ստեղծման 30-ամյակը, կնշեն տարեդարձը, իսկ հետո թոշակի կանցնեն։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նրանք նույնիսկ տարեդարձը նշելու հնարավորություն չեն ունեցել»։
«Մենք մտադիր ենք բանակցել հինգ սկզբունքների հիման վրա»
Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ խաղաղ բանակցություններ վարել պաշտոնական Բաքվի կողմից Երևանին առաջարկված հինգ սկզբունքների հիման վրա։
Ադրբեջանի կողմից առաջարկված խաղաղ բանակցություններ սկսելու հինգ սկզբունքներն են՝
— պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
— պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության ընդունում,
— ձեռնպահ մնալ միջազգային հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող վտանգներից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին,
— պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
«Դրանից հետո օրակարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս օրակարգը կրկին մենք ենք առաջ քաշել ։ Չնայած բոլոր ցավալի պահերին, օկուպացիային, կատարված վանդալիզմին՝ մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա՝ հանուն տարածաշրջանի ապագայի։ Մենք ներկայացրինք խաղաղության օրակարգ, բայց Հայաստանից որևէ արձագանք չեղավ։ Միջազգային կազմակերպությունները նույնպես, կարելի է ասել, մեծ հետաքրքրություն չցուցաբերեցին։ Ուստի մենք ներկայացրինք կոնկրետ առաջարկ՝ հինգ սկզբունքներից բաղկացած, և Հայաստանն ընդունել է դրանք։
Այսպիսով, Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան և չեն լինելու ապագայում։ Կարծում եմ, որ սա կարևոր պահ է հետկոնֆլիկտային շրջանի համար, և մենք մտադիր ենք բանակցել հենց այս հինգ սկզբունքների հիման վրա։
Ներկա պահին երկու երկրների նախարարներն ու արտաքին գործերի նախարարությունները ձևավորում են աշխատանքային խմբեր։ Կարծում եմ, որ մոտ ապագայում անհրաժեշտ է սկսել կոնկրետ բանակցություններ և շատ չձգձգել, քանի որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հենց այդ հինգ սկզբունքների հիման վրա։
Ուստի պայմանագրի տեքստը կարող է պատրաստվել և ստորագրվել շուտով, և այդպիսով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հաստատվել հարաբերություններ, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերություններ։ Այս առաջարկով մենք հերթական անգամ բարի կամք ենք դրսևորում և, կրկնում եմ, հեռատեսություն ենք ցուցաբերում։
Հայաստանում պարբերաբար գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի միակ ելքն է, գուցե վերջին հնարավորությունը։ Եթե սրանից հրաժարվեն, ուրեմն մենք չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պաշտոնապես կհայտարարենք այդ մասին։ Հաշվի առնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ հայկական կողմը պետք է լավ հասկանա, թե ինչի կհանգեցնի այդ քայլը»,- ասել է Ալիևը։