Ալիա Հաքվերդի, Բաքու
Մենք դիտում էինք հենց այն խաղը, որից հետո, եթե հավատանք ՌԻԱ Նովոստիի հոդվածի հեղինակին, ռուսները կռվեցին բոլորի հետ և ճիշտ արեցին: Դեպքը տեղի էր ունենում Թբիլիսիում, ուր ես եկել էի մեկ օրով աշխատանքի բերումով և անասելի ուրախ էի, որ գոնե 20 ժամով կարող եմ շեղվել տան խնդիրներից: Իսկ ֆուտբոլը շատ լավ շեղում է, եթե անգամ երկրպագու չես:
Սրճարանում կենդանի երաժշտություն էր, սակայն երաժիշտներն ապարդյուն էին այդքան ջանք թափում, քանի որ մարդիկ հավաքվել էին խաղի համար: Բարձր բացականչություններ ու զուսպ հայհոյանք և մենք հասկացանք, որ երկրպագելու ենք Անգլիայի հավաքականին ամենաիսկական ռուս ֆուտբոլային ֆանատների ընկերակցությամբ: Դահլիճում նվազագույնը երկու այդպիսի ռուս կար, նստած էին տարբեր սեղանների մոտ և հաճույքով ոգևորում էին միմյանց «Առա՜ջ, Ռուսաստան» արտահայտությունով:
Նա, որ մեզ ավելի մոտ էր նստած, մուլտֆիլմի ավազակի դեմք ուներ: Անթև շապիկ, թասակ, բավականին մեծ փոր: Այս ամենը ոչ նորմատիվ բառապաշարի զուգակցմամբ: Հետն էլ՝ գեղեցկադեմ շիկահեր: Նրա մերկ ուսերը հպարտ պարզած էին, իսկ դրանց ետևում մեծ կայսրության շողացող թևեր էին զգացվում: «Մենք ռուսներ ենք», — բղավեց նա մեզ: «Իսկ մենք՝ անգլիացիներ», — պատասխանեցինք մենք:
Մի քանի բաժակ գարեջրից հետո նա հետաքրքրվեց, թե ինչու ենք մենք՝ անգլիացիներս, այդքան տարօրինակ: Մեր ընկերակական շրջապատը իրոք տարակուսանք էր առաջացնում՝ բրիտանացի, որը հիանալի խոսում էր վրացերեն և ոչ պակաս հիանալի՝ ռուսերեն, ռուսախոս ադրբեջանցի՝ որի խելքը իրենը չէր անգլիական ֆուտբոլի համար և անընդհատ քիչ էր մնում ուկրաինական հիմնը երգեր, և ձեր համեստ ծառան՝ ես էլ եմ տարօրինակ մեկը: Մի խոսքով, մենք ռուսների հետ պայմանավորվեցինք՝ թող ուժեղագույնը հաղթի:
Այնուհետև սկսեցինք երկրպագել Անգլիային, սակայն ռուսները ձայնալարերի ուժով և բառապաշարով ակնհայտորեն մեզ գերազանցում էին: Անկեղծ ասած, ես վստահ էի, որ ծեծկռտուքով է ավարտվելու: Շատ էի ուզում՝ Անգլիայի հավաքականը ասենք 6:0 կամ գոնե 4:0 հաշվով հաղթեր: Եվ այդ ժամանակ հայրենասիրությունն իհարկե կանցներ ագրեսիվ փուլ, և այս խիզախ տղաները հաստատ մի բան կասեն, որը մեզ մոտ Կովկասում ընդունված է մաքրել քթից բերած արյունով:
Ջղաձիգ խմելով սպիտակ գինին՝ ես հաշվարկում էի, որ անթև վերնաշապիկով տղամարդն ըստ էության սպորտային կազմվածք չունի, ձեռքի մկանները թուլացած են, նրա կողքի շիկահերն ավելի շուտ ճչալու է, քան կռվելու, իսկ մենք՝ «անգլիացիներս», արագ արձագանք ունենք և թվային առավելություն:
Սակայն խաղն ավարտվեց 1:1 հաշվով, և վրացական մայրաքաղաքի բոլոր հյուրերը բավականաչափ խելամտություն ցուցաբերեցին, որպեսզի արյունահեղության չհասնի: Գնալուց առաջ մեկ բաժակ էլ խմեցինք, միմյանց ձեռք սեղմեցինք՝ կրկին «Ռուսաստան» գոչերի տակ, և մեր ծաղրանկարային ընդդիմադիրը խաղաղ հեռացավ:
Արդեն երբ հաշիվն էինք փակում, մեզ մի տղամարդ մոտեցավ, որի արտաքինը չհիշեցի, քանի որ նա ծաղրանկարային չէր, բայց միգուցե՝ սպիտակ գինուց էր: Նա խոնարհվեց սեղանի վրա ու մռայլ ասաց. «Ոչ բոլոր ռուսներն են այդպիսին: Հիշեք»: Կարծես, մեզնից մեկն ասաց, որ գիտենք:
Դա երեկոյի ամենասարսափելի պահն էր: Մինչ այդ ամեն ինչ ուրախ էր ընթանում, ինչպես ֆիլմում, սակայն «այդ երրորդ ռուսի» տանջալի ամաչելը, ով ստիպված էր արդարանալ անծանոթ մարդկանց մոտ, բոլորովին զվարճալի չէր: Ուզում էինք գրկել նրան, սփոփել, պատմել, որ մենք իրոք շատ էթնիկ ռուսների և Ռուսաստանի քաղաքացիների ենք ճանաչում, և նրանք բոլորը հաճելի մարդիկ են, դաստիարակված, համեստ և շփման մեջ հաճելի: Եվ մի զույգ աղմկոտ հայրենասերներ մեզ չեն ստիպի վատ կարծիք ունենալ մի ամբողջ ազգի մասին:
Եթե ռազմական հաղթանակներով ու երկրի չափերով պարծենալը ճիշտ չէ, ապա որքանո՞վ է ճիշտ ամաչել դրա համար: Նրա կառավարության, արտաքին քաղաքականության, ներքին կառուցվածքի և անցյալի համար: «Ես ամաչում եմ ձեր փոխարեն», — ասում ենք մենք սխալներ գործող մեր հայրենակիցներին և մեզ բարձրարժեք հայրենասերներ զգում՝ կարծես մեզ առանձնացնելով նրանցից: Սակայն ի՞նչ կլինի, եթե ես ինձ վրա վերցնեմ աշխարհի բոլոր ադրբեջանցիների մեղքերի պատասխանատվությունը: Արդյո՞ք գեթ մեկ հարց կլուծվի:
Հարգելի «երրորդ ռուս»: Եթե դու երբևէ սա կարդաս, իմացիր, որ քեզ վրա որևէ մեղք չկա: Եթե նույնիսկ կա, ապա մենք՝ ադրբեջանցի անգլիացիներս, հաճույքով քեզ ներում ենք:
Հրապարակվել է 17.06.2016