Ազատ արձակել Սաակաշվիլիին և արտահերթ ընտրություններ անցկացնել․ զանգվածային ցույց Թբիլիսիում
Վրաստանում ընդդիմությունն անժամկետ ցույցեր է հայտարարել
Ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը բանտում հացադուլ է անում, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ սրանք են հիմնական պահանջները, որոնք ընդդիմությունը ներկայացրել է նոյեմբերի ութին՝ լայնամասշտաբ բողոքի շարժում և անժամկետ հանրահավաքներ հայտարարելով ողջ Վրաստանի տարածքում։
«Բողոքի ակցիան հզոր է լինելու, մարդաշատ, երկարատև և խաղաղ», — Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացած ակցիայի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժում» (հիմնել է Միխեիլ Սաակաշվիլին, այն իշխող կուսակցությունն էր Վրաստանում 2003-2012 թթ-ին) ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան։
Մելիան միակ հռետորն էր նոյեմբերի 8-ի հանրահավաքին։
Նա հայտարարել է, որ այդ հանրահավաքով ընդդիմությունն անցել է պայքարի նոր ռազմավարության՝ անժամկետ ցույցերի մայրաքաղաքի կենտրոնում և Վրաստանի տարբեր շրջաններում․
«Մենք չենք հեռանալու, Թբիլիսիի փողոցները լիքն են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չեք վերադարձրել գողացված ընտրությունները, քանի դեռ ապահովված չեն Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունն ու կյանքը, և քանի դեռ նա ազատ չի արձակվել բանտից»։
Մելիայի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթով քայլել են դեպի կառավարության վարչակազմ՝ այնտեղ բազմահազարանոց ակցիա անցկացնելու նպատակով։
Հանրահավաքից երկու ժամ առաջ հայտնի է դարձել, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստացի բռնի կերպով տեղափոխվել է բանտի հիվանդանոց։
Ե՛վ նախկին նախագահը, և՛ ընդդիմությունը կտրականապես դեմ էին, որ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխեն Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանի թաղամասի բանտային հիվանդանոց։ Ժողովրդական պաշտպանը բազմիցս հայտարարել էր, որ նախկին նախագահի բուժման համար այնտեղ անհրաժեշտ պայմաններ չկան, բայց կա անվտանգության սպառնալիք։
Դեռևս մանրամասն տեղեկություններ չկան մոտակա օրերին ընդդիմության գործողությունների պլանի մասին։ Նիկա Մելիան հայտարարել է, որ «սա նյարդերի պատերազմ է լինելու»։
«Սակայն մենք պետք է հաղթենք այս պատերազմում և անկարգություններ թույլ չտանք», — ասել է Մելիան։
Միխեիլ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թ-ի հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում, այն բանից հետո, երբ գաղտնի կերպով հայրենիք է վերադարձել։ Նույն երեկո նա հացադուլ է հայտարարել։
Վրաստանի երրորդ նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Դրանցից երկուսով նա դատապարտվել է։