«Ազատություն Միշային»․ Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են Սաակաշվիլիին ազատ արձակել
Բողոքի մասշտաբային հանրահավաք է անցկացվել Թբիլիսիում հոկտեմբերի 14-ի երեկոյան, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Լրագրողների գնահատականով՝ ակցիայի մասնակիցների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Նրանցից շատերը մեքենաներով եկել են Վրաստանի շրջաններից։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստները մեծ խմբերով փորձել են փակել նրանց ճանապարհն՝ ավելը ձեռքներին․ Վրաստանում շատերի համար դա Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիների բացասական խորհրդանիշ է։ 2012 թ-ին Վրաստանում իշխանափոխությունն ու Սաակաշվիլիի հեռանալը զգալի առումով տեղի են ունեցել բանտերում ավելի կիրառմամբ սեռական բռնության մասին տեսանյութերի հրապարակումից հետո։
Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» [կուսակցության հիմնադիրը Սաակաշվիլին է] անդամները հաղորդել են, որ «Վրացական երազանքի» ակտիվիստների թվում տեսել են տարբեր պետական կառույցների և տեղական իշխանությունների աշխատակիցների։
Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է 18:00-ին՝ Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ երթով։ Մեծ թվով մարդկանց կուտակումների պատճառով Ռուսթավելու կենտրոնական պողոտան փակվել էր։
Ազատության հրապարակում ամբիոն է տեղադրվել, այդտեղից հանրահավաքի մասնակիցներին են դիմում քաղաքական, հանրային գործիչները, լրագրողները, հայտնի անձինք։
«Մտավարի» ընդդիմադիր հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվամարիան ամբիոնից կարդացել է Միխեիլ Սաակաշվիլիի ուղերձը․
«Եթե ուզում ենք քաղաքակիրթ երկիր ունենալ, անպայման պետք է լիակատար հաշտեցում լինի երկրում և հրաժարում վրեժից», — իր ուղերձում գրել է բանտարկված նախկին նախագահը։
Ցույցի կազմակերպիչը «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է։ Սակայն շատ քաղաքական գործիչներ և տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել ակցիային և այն խորհրդանշական անվանել։
«Ցանկացած մարդ, դուր գա նա մեզ, թե՝ ոչ, եթե անարդարության զոհ է դարձել, պետք է պաշտպանված լինի այս երկրում», — հանրահավաքին մասնակցելու իր որոշումն է բացատրել «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան։
Միխեիլ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին, երբ գաղտնի կերպով Թբիլիսի է ժամանել ութ տարվա բացակայությունից հետո։ Կալանքից անմիջապես հետո նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։
Արդեն 15 օր է նախկին նախագահը շարունակում է հացադուլը՝ իր կալանքն ապօրինի և քաղաքական պատճառներով պայմանավորված համարելով։ Սաակաշվիլիի բժիշկն ու փաստաբաններն ահազանգում են, որ նրա առողջական վիճակը վատթարանում է։
Վրաստանի երրորդ նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, նա արդեն դատապարտվել է դրանցից մեկով վեց տարվա ազատազրկման։ Որպես հետախուզվող անձ՝ կալանքից անմիջպես հետո նա տեղափոխվել է Ռուսթավի քաղաքի բանտ։