«Այո, աշնանն ավելի վատ է լինելու»․ Ադրբեջանում իրարանցում է համավարակի նկատմամբ իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքի մասին լրագրողի նամակի շուրջ
Հեռուստահաղորդավար և բլոգեր Ազեր Գարիբը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել, որում Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ բժշկության ողբալի վիճակի համար։
Գարիբը վրդովվում է, որ իշխանությունները բնակչությանն են անպատասխանատու համարում կորոնավիրուսով վարակման դեպքերի շարունակակական աճի համար, քանի որ մարդիկ հարկ եղած ձևով չեն հետևում կարանտինի պահանջներին։

«Մենք արդեն չորս ամիս է՝ կարանտինի ռեժիմում ենք, սակայն առաջընթաց չկա։
Մարդիկ չեն հավատում վարակի գոյությանը, որովհետև չեն հավատում [իշխանություններին]»։
Գրառումը իրարանցում է առաջացրել հասարակությունում․ դրա հրապարակման պահից մեկ օր անց այն ավելի քան 16 հազար լայք է հավաքել և վերահրապարակվել է ավելի քան ութ հազար անգամ։
Հուլիսի 8–ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով 21 374 մարդ է վարակվել։ Նրանցից 265–ը մահացել է, 12 635–ն՝ ապաքինվել։ Արդեն մի քանի ամիս է, փոքր դադարներով, երկրում կոշտ կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, չի աշխատում մետրոն։ Տրանսպորտը չի աշխատում հանգստյան օրերին, կանգնած է բիզնեսների մեծ մասը։ Հիմնական սահմանափակումներից մեկը տեղաշարժի սահմանափակումն է։ Մարդկանցից պահանջում են տանը մնալ, դուրս գալ միայն երկու ժամով և միայն իշխանությունների sms-թույլտվությունը ստանալուց հետո։
Աշնանն ավելի վատ է լինելու
Ազեր Գարիբի բաց նամակի առիթն այն հայտարարություններն են եղել, որոնք հնչել են TƏBİB–ի՝ Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար պատասխանատու պաշտոնական կառույցի ներկայացուցիչների վերջին ճեպազրույցի ժամանակ։
Նրանք, մասնավորապես, հայտարարել են, որ ոչ միայն Ադրբեջանում, այլև ուրիշ երկրներում իրավիճակը կրկին վատթարանում է, աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը։ Այդ պատճառով էլ խիստ կարանտինը, որը գործում է երկրում, արդարացված է։ Ավելին՝ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, ասվել էր ճեպազրույցի ժամանակ։
«Ի՞նչ է նշանակում այս նախազգուշացումը, որ իրավիճակը վատթարանալու է։ Ուրեմն ինչո՞ւ ենք այսքան տանջվում, ի՞նչ իմաստ ունի այս կարանտինը», — գրում է Ազեր Գարիբը։
«Ողջ աշխարհի գիտնականները բառացիորեն գոռում են, որ մարդկանց վիտամին D է պետք։ Իսկ մենք՝ ծովի մոտ գտնվող քաղաքի բնակիչներս, փակված ենք տներում։ Այո, բժիշկներն իրավացի են․ աշնանն ավելի վատ է լինելու, որովհետև այսօր մարդիկ զրկված են արևից, ծովային օդից, նրանք իմունիտետն ամրապնդելու հնարավորություն չունեն և զանգվածաբար հիվանդանալու են աշնանը»։
• Հայաստանում սկսել են ավելի շատ բողոքել արտակարգ դրության ռեժիմից
• Վրաստանը բացում է սահմանները Եվրամիության հինգ երկրների համար։ Սակայն չվերթներ չկան
Գարիբը դիմել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերտիվ շտաբին համավարակի դեմ պայքարի մեկ այլ, ավելի հաջող միջազգային փորձի մասին պատմելու առաջարկով։
«Ինչո՞ւ մեզ չեք պատմում Վրաստանի մասին։ Ինչո՞ւ չեք ասում, որ Մեծ Բրիտանիան, որը կարանտինն ավելի ուշ է սահմանել, քան մնացած երկրներն, արդեն չեղարկել է խիստ միջոցները։ Ինչո՞ւ չեք մեկնաբանում Բելառուսի օրինակը»։
Ազեր Գարիբը «պտտախաղ» է անվանել կարանտինային ռեժիմը, որն Ադրբեջանում շարունակվում է արդեն չորս ամիս։
«Եկեք փակենք մետրոն։ Չէ, եկեք բացենք մետրոն։ Եկեք [ոստիկանական] անցակետեր տեղադրենք։ Ոչ, եկեք հանենք դրանք։ Մարդկանց տնից դուրս թողնենք։ Չէ, փակենք տանը։ Ինչո՞ւ չորս ամսում հնարավոր չէ համակարգվածություն ձևավորել տարբեր հաստատությունների միջև, միասնական տեղեկատվական քաղաքականություն ունենալ», — գրում է լրագրողը։
«Բժիշկները պետք է լուսավորեն բնակչությանը։ Պետք է բացատրեն, որ, եթե անգամ նրանք հիվանդանան կորոնավիրուսով, դա չի նշանակում, որ մահանալու են դրանից», — գրում է լրագրողը։
Մարդկանց կարանտինը չպահպանելու համար մեղադրելու փոխարեն, ավելի լավ է, նրանց հույս տալ, որ կառավարության միջոցները բերելու են իրավիճակի բարելավման, դրա համար էլ դրանք ձեռնարկվում են, ասված է նամակում։