Ադրբեջան. Բողոքի ակցիաների արդյունքները
– Տասը հազար հոգի կլինի՞, — ասում է մի երիտասարդ ամբոխից:
– Ոչ, նվավազագույնը՝ տասնհինգ, — պատասխանում է երկրորդը, — ժողովուրդն արթնանում է:
– Միևնույն է քիչ են, ինչպես նախանցած տարի: Կարծես ճգնաժամ էլ չկա և դոլար կա:
Այդ րոպեներին ամբիոնից նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիևան ասում է, որ Վրաստանը կարողացել է, մենք էլ կկարողանանք:
Սա ընդդիմության (Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ) արտոնված հանրահավաքն է, որն անցկացվել է քաղաքի կենտրոնից բավականին հեռու գտնվող «Մյահսուլ» մարզադաշտում: Այն մեկուսացած է, ունի միայն մեկ մուտք: Ներս անցնելիս ոստիկանները ստուգում են: Նույն ընթացակարգն է, ինչ երկու տարի առաջ:
Տարեցտարի չի փոխվում ոչ հանրահավաքների վայրը, ոչ էլ «բովանդակությունը». նույն կարգախոսները, նույն հղումները արևմտամետ Վրաստանի հաջողություններին: Ոչինչ չի փոխվել:
Ծերունի Աքրամը Բաքվի Բուզովնա ավանից գալիս մասնակցում է բոլոր հանրահավաքներին: Տարեցները կրկին նստում են նույն տեղում՝ տրիբունաների ձախ կողմում, ինչպես երկու և երեք տարի առաջ:
«Կարծում եմ, եթե այստեղ հաճախ գալ, կարելի է բողոքի ակցիան ավելի ճանաչելի դարձնել, — ասում է Աքրամը, — այդ պատճառով էլ չի կարելի կանգ առնել: Պետք է շարունակել մարդկանց համար օրինակ ծառայել, և այդ ժամանակ մարդկանց թիվն այստեղ կավելանա, և դա կփոխի ողջ երկիրը»:
Երեք այդպիսի հանրահավաք տեղի ունեցավ հանրաքվեից առաջ, որն, ինչպես հայտարարում է ընդդիմությունը, նախագահին բացարձակ միապետական իրավասություններ է շնորհում: Սեպտեմբերի 17-ի հանրահավաքին մոտ 30 մարդ ձերբակալեցին: Հետո ոմանց ազատ արձակեցին, ոմանց՝ ոչ, արդյունքում՝ մոտ 10 մարդ դեռևս ձերբակալված է: «Նրանք ուզում են մեր բերանը փակել, սակայն ոչինչ դրանից դուրս չի գա, մեր պես մարդիկ շատ կլինեն», – ասում է ադրբեջանական դրոշով մի երիտասարդ:
Սակայն այլ կարծիք էլ կա: «Սա ռեժիմի դեմ պայքար չէ, այլ իմիտացիա», — իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգերներից մեկը, որից հետո նրա էջում դաժան լեզվակռիվ է սկսվել: Հանրահավաքների օգտակարության ու արդյունավետության թեման արդիական դարձավ, երբ սեպտեմբերի 17-ի հանրահավաքից հետո նոր ձերբակալություններ սկսվեցին:
«Ո՞րն է հանրահավաքների իմաստը, եթե իշխանությունները մեզ այդպես էլ չլսեցին, իսկ փոխարենը այդ երիտասարդներին ձերբակալեցին, — գրում է Այթաջը: — Մարդիկ անօգուտ տանջվում են»:
«Նրանց, ովքեր ոչինչ չեն անում, ոտքը ոտքին գցած նստած են և անտեղի քննադատում են հանրահավաքի մասնակիցներին, ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ», — գրում է Զուլֆիան:
Իրոք, շատերը լավատեսությունը չեն կորցնում պայքարի մեթոդների ու դրա արդյունավետության հանդեպ և կոչ են անում ակտիվորեն մանսակցել: Ոմանք էլ ասում են (ինչպես և նախորդ տարիներին), որ ընդդիմությունն ինքն իր ներսում չի կարող համաձայնության գալ. չէ՞ որ իրենց հանրահավաքները Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն ու «Մուսավաթ» կուսակցությունն առանձին-առանձին անցկացրին տարբեր օրերի:
«Սեպտեմբերի 17-ի և 18-ի հանրահավաքներին մասնակցելու եմ մորս հետ, — իր էջում գրում է հայտնի հետազոտող լրագրող և նախկին քաղբանտարկյալ Խադիջա Իսմայիլը: — Այն, որ մի հանրահավքը մյուսին խանգարելու է, բացարձակ անհեթեթություն է: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն արդեն կոչ է արել սատարել «Մուսավաթի» հանրահավաքը և կրկին կարող է հաստատել դա: Իմ կարծիքով, 17-ի և 18-ի հանրահավաքները չեն խանգարում միմյանց, ընդհակառակը, օգնում են: Շաբաթ օրը շրջանից եկած մարդը կարող է գիշերել քաղաքում և կիրակի մասնակցել հանրահավաքին»:
Ընդդիմությանը 2005թ-ի խորհրդարանական ընտրություններին ստիպեցին նահանջել դեպի «Մյահսուլ» մարզադաշտ: Նախորդ ընտրություններին, այդ թվում՝ Հեյդար Ալիևի նախագահության օրոք Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցությունը, «Մուսավաթն» ու այլ կուսակցությունները հաճախ էին քաղաքի կենտրոնում ակցիաներ անցկացնում, և դրանք երբեմն (ինչպես դա տեղի ունեցավ 2003թ-ի նախագահական և 2000թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ) վերաճում էին ոստիկանության հետ բախման:
Իրավիճակը սկսեց փոխվել 2005թ-ին, երբ կենտրոնում հանրահավաք կազմակերպելու բազմաթիվ փորձերը ճնշվում էին, և այդ ժամանակ առաջարկվեց «Մյահսուլը», ավելի ճիշտ՝ նախկին «Գյալաբա» կինոթատրոնի առջևի ընդարձակ հրապարակը, որտեղ այդ պահին տեղակայված էր Պետական ֆիլմաֆոնդը (մարզադաշտը դրա հետևի հատվածում է): Իր արտոնագրված ակցիաներն այդ պահից սկսած ընդիմությունն այնտեղ էր անցկացնում, երբեմն էլ՝ այլ շրջաններում՝ քաղաքի կենտրոնից էլ ավելի հեռու:
Եվ ահա 2012թ-ին բողոքի ակցիայի մասնակիցներին ուղղորդեցին դեպի մարզադաշտի ցանկապատած տարածք: Եվ այդ ժամանակից ի վեր հանրահավաքներն այնտեղ են անցկացվում՝ ցանկապատից այնկողմ, որը ոստիկանության կողմից վերահսկվող մի մուտք ունի ընդամենը:
«Որտեղ էլ հանրահավաքներն անցկացվեն, դրանք նախկինի պես օգտակար են, նույնիսկ եթե ծանր պայմաններում են անցկացվում, — ասում է Հիքմեթ Հաջիզադեն: — Հիշենք խորհրդային ժամանակաշրջանը, երբ 250 մլն մարդուց միայն 7 հոգի բողոքեց Չեխոսլովակիա զորք մտցնելու դեմ: Եվ այդ մարդկանց անունները մնացին պատմության մեջ: Բացի այդ, ցանկացած բողոքի ակցիա, ցանկացած հանրահավաք մարդկային կապիտալ է ստեղծում, և մենք տեսնում ենք, որքան արդյունավետ դա եղավ ուրիշ երկրների այլ իրավազուրկ խմբերի՝ ապարտեիդի դեմ պայքարող սևերի, ընտրական իրավունքի համար պայքարող կանանց դեպքում»:
Այսօր ընդդիմությունը բողոքում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու դեմ, որոնք ընդլայնում են նախագահի հնարավորությունները, մասնավորապես թույլ են տալիս խորհրդարան արձակել, փոխնախագահ նշանակել (նախկինում նման պաշտոն չկար), որը երկրի երկրորդ դեմքն է դառնում, նախագահը նաև հնարավորություն է ստանում նոր նախագահական ընտրություններ նշանակելու, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվում է 5-ից 7 տարի: Բացի այդ, հանվում է պատգամավոր դառնալու տարիքային ցենզը, տարիքը կարևոր չէ նաև փոխնախագահի պաշտոնի թեկնածուի դեպքում: Դրա հետ կապված՝ ընդդիմությունը խոսում է ֆեոդալական պրակտիկան օրինականացնելու և իշխանությունը որդուն՝ Հեյդարին, փոխանցելու նախագահի մտադրության մասին:
Հետաքրքիր է, որ ոչ ոք չի խոսում հանրաքվեի այլընտրանքային արդյունքի մասին: Բոլորը կարծում են, որ եթե անգամ հանրաքվեն անցկացվի, փոփոխությունների ընդունումը դրա բնական արդյունքը կլինի:
Ադրբեջանի Սահմանադրությունն ընդունվել է 1995թ-ի նոյեմբերի 12-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Եվ այդ օրվանից ի վեր ևս երկու հանրաքվե է անցկացվել՝ 2002 և 2009թթ-ին, դրանում փոփոխություններ մտցնելու նպատակով: Երկու դեպքերում էլ ընդդիմությունը այդ փոփոխությունները հակաժողովրդավարական է անվանել: Եվ երկու դեպքերում էլ դրանք ընդունվել են:
Հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 26-ին: Ընդդիմությանը թույլ չեն տվել մասնակցել քարոզարշավին:
Հրապարակվել է 23.09.2016