Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Հայաստանի ձերբակալված քաղաքացիներին
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակին կից խմբի իրավապաշտպաններն այցելել են Ղարաբաղում ձերբակալված և Բաքվում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացիներին։ Հաղորդագրության համաձայն՝ բանտարկյալները հնարավորություն ունեն շփվելու իրենց ընտանիքների հետ, նրանց տրամադրվում են բժշկական ծառայություններ։ Ադրբեջանական և հայկական կողմերն այս մարդկանց կարգավիճակը տարբեր կերպ են մեկնաբանում։ Ադրբեջանցի փորձագետի կարծիքով՝ ռուսական կողմի դիրքորոշումը մոտ է ադրբեջանականին։
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակին կից Խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամներն այցելել են ժամանակավոր պահման վայրերից մեկը։ Այս մասին ասված է օմբուդսմենի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի նպատակն էր հետաքննել 2020 թվականի նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի ազատագրված տարածքներում հանցագործությունների համար դատապարտված և ազատազրկված Հայաստանի քաղաքացիների պահման պայմանները։
«Գաղտնի հանդիպումների ժամանակ պարզվել է, որ դատապարտյալներից յուրաքանչյուրն ունի ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու՝ հեռախոսազրույցի, նամակագրության, տեղեկատվության (հեռուստատեսություն, մամուլ) հասանելիության, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն։
Բանտարկյալները չեն բողոքել պահման պայմաններից և իրենց հանդեպ վերաբերմունքից»,- նշում է աղբյուրը։
Ընդգծվում է նաև, որ այցի ընթացքում իրավապաշտպանները դիտարկել են բանտարկյալների ապահովումը անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև նրանց նկատմամբ խտրականության բացակայությունը։
Հայաստանի քանի՞ քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանում
Ադրբեջանական կողմը չի նշում երկրում ազատազրկված Հայաստանի քաղաքացիների ճշգրիտ թիվը։
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի տվյալներով՝ Ադրբեջանում կալանքի տակ են պահվում առնվազն 41 զինծառայող և 4 քաղաքացիական անձ։ Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է 2022 թ.-ին։
Փաստաթղթում նշվում է նաև, որ 2021 թվականին Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ավելի քան 100 պահվող անձանց։
Հայ զինծառայողների զանգվածային կալանավորում տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի վերջին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից կես ամիս անց։ Ղարաբաղի Խոջավենդի (Մարտունու) շրջանի տարածքում 62 հայ զինծառայող էր բերման ենթարկվել։
Որոշ ժամանակ անց նրանք Ադրբեջանում դատապարտվեցին ազատազրկման՝ տարբեր ժամկետներով։
Փորձագիտական կարծիք
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին, ենթադրում է այդ տարվա աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր զինվորականների վերադարձ»,- մեկնաբանում է ադրբեջանցի փորձագետ Մահմուդ Բաբաևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունները տրամագծորեն հակադիր են.
«Հայաստանը պնդում է, որ եռակողմ հայտարարության դրույթները տարածվում են նաև այդ անձանց վրա։ Եվ ամեն անգամ «մարդասիրական հարցերի լուծման» պատրվակով պահանջում է ազատ արձակել «ռազմագերիներին»։
Ադրբեջանը կտրականապես համաձայն չէ հարցի նման ձևակերպման հետ։ Նշված հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, որոնք կային երկու կողմերում փաստաթղթի ստորագրման պահի դրությամբ։ Եթե 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադար է հայտարարվել, և փաստացի պատերազմն ավարտվել է, ապա ի՞նչ ռազմագերիների մասին կարող է խոսք գնալ, կես ամիս հետո կալանավորված Հայաստանի քաղաքացիների՞ մասին։
Այստեղ զգալի հետաքրքրություն է առաջացնում նաև Ռուսաստանի՝ այս հակամարտությունում գլխավոր միջնորդի դիրքորոշումը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին հանդիպմանը այն հնչեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ այդ մարդիկ կալանավորվել են պատերազմի ավարտից հետո և չեն կարող համարվել ռազմագերիներ։
Ադրբեջանը մի քանի անգամ վերադարձրել է Հայաստանի ձերբակալված քաղաքացիներին՝ փոխարենը ստանալով ականապատ դաշտերի քարտեզներ։ Բայց ամեն ինչ արվել է օրինական ճանապարհով։ Փոխանակումից մի քանի օր առաջ դատարանները այդ բանտարկյալների ազատազրկման ժամկետը կրճատելու որոշումներ են կայացրել՝ ժամկետը հասցնելով մինչև այն ժամանակահատվածը, որը նրանք արդեն իսկ անցկացրել են ճաղերի հետևում։
Նման փոխանակումներ վաղուց չեն եղել, և այդտեղ մեծ դեր ունի նաև այն, որ հայկական կողմի տրամադրած քարտեզներն իրենց արդարացնում էին լավագույն դեպքում 25 տոկոսով։ Այդ մասին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է։
Բայց հաճախ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ, որպես բարի կամքի ժեստ, Ադրբեջանն ազատ է արձակում Հայաստանի մի քանի ձերբակալված քաղաքացիների։ Հաշվի առնելով, որ մինչև օգոստոսի վերջ նախատեսվում է նման երկու հանդիպում՝ Մոսկվայում և Բրյուսելում, կարող ենք հուսալ, որ գործընթացը կշարունակվի»,- ասել է փորձագետը։