Հայաստանի սահմանն Ադրբեջանի քաղաքացի է հատել
Հայաստանի սահմանն ինչ–որ կերպ կարողացել է անցնել Ադրբեջանի քաղաքացի։
Սահմանախախտի մասին հայկական լրատվամիջոցները հաղորդում են Գեղարքունիքի մարզի Արեգունի սահմանամերձ գյուղի բնակիչների տեղեկությունների հիման վրա, որտեղ և հայտնաբերվել է անծանոթը։
Ըստ գյուղապետի՝ պեսքը 26-ամյա տղամարդու մասին է, որը տեղացիներին խնդրել է կացարան և աշխատանք տալ։
- Ի՞նչ են արել Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, երբ 100 տարի առաջ անկախ հանրապետություն են դարձել
- Ղարաբաղյան հակամարտության մասին «Շրջանի մասեր» հայ–ադրբեջանական ֆիլմի քննարկում
Ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ
Սահմանը հատած տղամարդուն արդեն տարել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։
Սակայն մինչ այդ նա հասցրել է տեղի բնակիչներին իր կյանքից որոշ մանրամասներ պատմել։ Նրա խոսքով՝ ինքը հովիվ է, դժգոհ է եղել, որ իրեն չեն վճարում, և երեկ՝ հունիսի 11–ին, ուշ երեկոյան անցել է սահմանը։
Տղամարդն ասել է նաև, որ իր մայրն ուկրաինացի է, հայրն՝ ադրբեջանցի։ Ծնողները շուտ են բաժանվել, մայրը հայրենիք է վերադարձել, հայրը մահացել է, այդ պատճառով ինքը մանկատանն է մեծացել։
Արեգունի համայնքի գյուղապետ Սոս Հովհաննիսյանը հաղորդել, որ երիտասարդը քաղաքացիական հագուստով է եղել։
ԱԱԾ-ն հաստատում է նրա կողմից սահմանը հատելու փաստը և հաղորդում, որ ադրբեջանցու մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ․
«Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները»:
Այլ ադրբեջանցիների մասին
Եվս երկու ադրբեջանցիներ կան, որոնք սահմանն անցել են բայց ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի։ Դա Դիլգամ Ասքերովն է և Շահբազ Գուլիևը։
2019 թ–ի սեպտեմբերին Ադրբեջանն առաջարկել էր Ասքերովին և Գուլիևին փոխանակել Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ, որոնք Ադրբեջանում են գտնվում։
Սակայն փոխանակումը տեղի չունեցավ, քանի որ պաշտոնական Բաքուն և Երևանը հակադիր վարկածներ ունեն այն մասին, թե ինչպես են այդ անձինք գերության մեջ հայտնվել։
Ադրբեջանում կարծում են, որ Ասքերովն ու Գուլիևը Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մտել՝ նախնիների գերեզմաններ այցելելու նպատակով։ Սակայն Լեռնային Ղարաբաղում նրանց դատել են սպանությունների, լրտեսության և առևանգումների մեղադրանքով։ Մեկը ցմահ ազատազրկման է դատապարտվել, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման։
Ինչ վերաբերում է Կարեն Ղազարյանին (Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել), ապա Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում, Հայաստանում՝ հոգեպես անառողջ մարդ։
Երիտասարդ զինծառայող Արայիկ Ղազարյանն, ըստ Հայաստանի վարկածի, մոլորվել է։ Սակայն Ադրբեջանում պնդում են, որ նա ինքն է փախչել զորամասից անմարդկային վերաբերմունքի պատճառով։