Ադրբեջանցիները Վրաստանում․ ինչո՞ւ է այդքան դժվար լավ կրթություն և հեռանկարային աշխատանք ստանալ
Ադրբեջանցիները Վրաստանում կազմում են երկրի բնակչության մոտ 300 հազարն, իսկ երկրում բնակվում է ընդհանուր առմամբ մոտ չորս միլիոն մարդ։ Ադրբեջանական համայնքը մեծ մասամբ բնակվում է Քվեմո Քարթլի շրջանում։ Ադրբեջանցիներն ապրում են երկրի բնակչության մեծ մասի համար «անտեսանելի» սեփական կյանքով և վրացական հասարակությունից փաստացի մեկուսացած։
Տարիներ շարունակ Վրաստանի կառավարությունն ու հասարակական կազմակերպություններն այս շրջանի համար բազմաթիվ նախագծեր են մտածել՝ իրավիճակը շտկելու համար։ Նաև շատ փող են ծախսել։ Սակայն արյդունքը մեծ չէ։
«Այդ մարդիկ նախկինի պես չեն մասնակցում երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին և իրենց դրա լիարժեք մաս չեն համարում», — սա Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի գնահատականն է․ նա խոսել է Վրաստանի ադրբեջանցիների և հայերի մասին 2019թ-ի հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած քննարկման ժամանակ։
Նման եզրակացությունների է եկել նաև Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի (Սորոսի հիմնադրամի վրացական բաժնի աջակցությամբ) վերջերս անցկացված հետազոտությունը։
[pullquote align=”right”]Անորակ կրթությունը դպրոցներում Վրաստանի ադրբեջանցիների կյանքի խնդիրների արմատն է[/pullquote]
Ինչո՞ւ, չնայած եվրոպական պահանջներին համապատասխանող օրենսդրությանը, ներդրված ջանքերին ու ծախսված հսկայական ֆինանսներին, խնդիրը չի հաջողվում լուծել։
Մենք որոշեցինք այս հարցի պատասխանները փնտրել Քվեմո Քարթլի շրջանի ադրբեջանական համայնքում։ Եվ տասնյակ հարցազրույցների և խոսակցությունների հիման վրա եկանք այն եզրահանգման, որ խնդրի հիմքն այնտեղ է, որտեղ պետք է դրվեն համայնքի զարգացման և ինտեգրման հիմքերը՝ դպրոցում։
Տեղի ուսուցիչները, դպրոցականներն ու ծնողները երեք բողոք ունեն տեղի դպրոցներից․
•դասավանդվող վրացերենի ցածր մակարդակը;
•ընդհանուր կրթության ցածր մակարդակը;
•վրացական դպրոցում ուսանելը հաճախ խնդրի լուծում չի նշանակում, այլ լրացուցիչ խնդիրներ ստեղծում։
Մանրամասն՝ դրանցից յուրաքանչյուրի մասին։
Վրացերենի դասավանդման ցածր մակարդակ
Քվեմո Քարթլիում ընդհանուր առմամբ 78 դպրոց կա։ Դրանցից 58-ը վրացական չեն։ Երեխաներն այստեղ սովորում են հիմնականում ադրբեջաներենով կամ (հազվադեպ) ռուսերենով։
Վրացերենը ոչ վրացական դպրոցներում դասավանդվում է առաջին դասարանից։ Սակայն աշակերտների մեծ մասն ավարտում է դպրոցը՝ չսովորելով անգամ վրացերեն տարրական արտահայտություններ։
• Վրաստան․ դպրոցներ առանց աշակերտների
• Իմ գերմանական տունը վրացական Բոլնիսի քաղաքում
Դա երեք հիմնական պատճառ ունի
Առաջինն այն է, որ վրացերենին շաբաթական միայն հինգ դաս է հատկացվում։ Այդ տեղեկությունը բավարար է հասկանալու համար, թե ինչու երեխաները դպրոցն ավարտելիս չեն տիրապետում վրացերենին տարրական մակարդակով։
Սակայն երկրորդ խնդիր էլ կա՝ դասագրքերի խնդիրը։ Դրանք որակյալ չեն, բացի դրանից գրքերը չեն հերիքում։ Ուսուցիչներն ասում են, որ երեխաները միմյանց են փոխանցում դասագրքերը տարիներ շարունակ, և նոր աշակերտներն օգտվում են դասագրքերից, որոնցում արդեն ինչ-որ բան կարդալը դժվար է։
Սակայն տեղացիներն ասում են, որ անգամ այս երկու խնդիրներն էական չեն։ Ամենամեծն՝ ուսուցիչներն են, որոնք չեն համապատասխանում յուրահատուկ տեղական պահանջներին։
[pullquote align=”right”]Ադրբեջանցի երեխաների մեծ մասը դպրոցն ավարտում է՝ չսովորելով անգամ վրացերեն տարրական արտահայտություններ[/pullquote]
«Մեր վրացերենի ուսուցչուհին դասերին Թբիլիսիից է գալիս։ Նա ընդհանրապես ադրբեջաներեն չի հասկանում և, հետևաբար, երեխաները նրա հետ չեն կարողանում շփվել։ Դասն անցնում է ոչ թե լեզու ուսումնասիրելու, այլ ուսուցչի և աշակերտների կողմից մի բան հասկանալու վրա, թե ինչ են նրանք ուզում միմյանց ասել», — JAMnews-ին պատմել է ադրբեջանական դպրոցներից մեկի տնօրենը։
Նա իր անունը չցանկացավ նշել, ասաց, որ վրացերենի ուսուցչուհու հանդեպ հարգանքից է այդպես վարվում։
Ի՞նչ ելքեր կան
Բնակչության մակարդակում ելքեր չկան, ամեն ինչ հանգում է խնդիրը լուծելու պետության ցանկությանը կամ դրա բացակայությանը, այսպես կատեգորիկ են արտահայտվել մեր զրուցակիցները։
«Մասնավոր կրկնուսո՞ւյց։ Դա փողային առումով բացարձակ անհասանելի է մեր ընտանիքին։ Չէ՞ որ դա ոչ միայն կրկնուսույցին վճարել է, դա նաև տաքսու համար վճարն է, որպեսզի մեր գյուղից տղաս Մառնեուլի մեկնի դասի։ Չէ՞ որ ուսուցիչն այստեղ չի գա», — կրկին ու կրկին JAMnews-ին ասում էին շրջանի գյուղերում։
Կարելի է հակադարձել․ չէ՞ որ լեզվի ուսուցման անվճար դասընթացներ կան, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից։ Սակայն տեղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ դրանք նույնպես խնդիրը չեն լուծում։
Այդ դասընթացների պահանջարկը շատ մեծ է։ Սակայն ընդունվելու համար պետք է թեստեր հանձնել։ Իսկ շատերը կամ չեն կարողանում հանձնել, կամ չեն հանդգնում։
«Չեմ ուզում խայտառակ լինել քննողների առջև», — JAMnews-ին ասել է Մառնեուլիի 32-ամյա մի ֆերմեր։
Սա մեծ մասին է վերաբերում։ Սակայն այդ դասընթացներն ու տարբեր նախագծերն արդյունք, իհարկե, ունեն, հատկապես երիտասարդության շրջանում։
Բարձր դասարանների շատ աշակերտներ Մառնեուլիի կենտրոնում JAMnews-ին ասել են, որ իրենց համար մեծ աջակցություն էին ոչ ֆորմալ կրթության ծրագրերը, որոնց համար վճարում են կամ միջազգային կազմակերպությունները, կամ պետբյուջեն։
«Ես երիտասարդական նախագծերին սկսել եմ մասնակցել արդեն 8-րդ դասարանից։ Վրացերեն շատ արագ սկսեցի խոսել այն բանից հետո, երբ մի քանի ամառային դպրոցներում, ճամբարներում եղա, թրեյնինգների և դասընթացների մասնակցեցի», — պատմում է 17-ամյա Այթան Ռուստամովան։
Նա նոր է ավարտել դպրոցն ու բուհական քննություններն է հանձնում։ Ուզում է ֆիզիոթերապևտ դառնալ։
«Այդ այցերից հետո, ուր ինձ հրավիրել էին, շատ վրացի «ֆրենդեր» ձեռք բերեցի սոցիալական ցանցերում։ Իսկ երբ համալսարան ընդունվեմ, երևի վրացիների հետ «կենդանի» կշփվեմ և վրացի ընկերներ կունենամ, այլ ոչ միայն ադրբեջանցի, ինչպես հիմա։
Այժմ, երբ ես անցել եմ այդ ճանապարհը, կարող եմ ասել, որ վրացերենի շաբաթական հինգ դասաժամը դպրոցում ժամանակի անիմաստ վատնում է», — ասում է Այթանը։
Ընդհանուր կրթության ցածր որակը
«Զուգահեռ իրականություն»․ այսպես է Վրաստանի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Իրինա Աբուլաձեն անվանում այն դպրոցները, որտեղ սովորում են ազգային փոքրամասնությունների երեխաները։
Ադրբեջանական և հայկական դպրոցների երեխաները Վրաստանի դպրոցականների ընդհանուր թվի բացարձակ փոքրամասնությունն են կազմում, սակայն դպրոցական ավարտական քննությունները ձախողած դպրոցականների շրջանում նրանց տարեկան բաժին է ընկնում մոտ 20-25%:
«Ինչո՞ւ ձեր երեխաներն այդքան հաճախ չեն կարողանում դպրոցական քննությունները հանձնել և համալսարան ընդունվել», — Մառնեուլիում՝ շրջանի գլխավոր քաղաքում, հարցրել է JAMnews-ի թղթակիցը ադրբեջանցի շատ ծնողների։
«Քանի որ նրանց սովորեցնում են ուսուցիչներ, որոնք վաղուց պետք է հեռանան դպրոցից», — պատասխանել է բացարձակ մեծամասնությունը։
Դպրոցների ուսուցիչներն, անգամ վիճակագրության համաձայն, մեծ մասամբ տարեց մարդիկ են։ Նրանք հիմնականում որոշակի խորհրդային փորձ ունեն։ Սակայն նրանցից շատերն, ինչպես բողոքում են աշակերտներն ու նրանց ծնողները, վաղուց են դադարել հետևել իրենց առարկաներում տեղի ունեցած նորություններին և դաս անցկացնելու ժամանակակից մեթոդիկաների մասին պատկերացում անգամ չունեն։
Ոչ վրացական դպրոցներում մանկավարժների ցածր որակավորման խնդիրը լուծելու փորձ է դարձել պրոֆեսիոնալ վերապատրաստման ծրագիրը, որը 2016թ-ին անցկացնում է IREX միջազգային կազմակերպությունը Վրաստանի կառավարության աջակցությամբ։
Ծրագրի շահառուները դպրոցի տնօրեններն ու 7-12-րդ դասարանի ուսուցիչներն են, որոնք դասավանդում են քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն և անգլերեն։
[pullquote]«Ինչո՞ւ ոչ վրացական դպրոցների շրջանավարտները հաճախ չեն կարողանում համալսարան ընդունվել» — «Որովհետև նրանց սովորեցնում են ուսուցիչներ, որոնք վաղուց պետք է հեռանային դպրոցից»[/pullquote]
Նրանցից մեկն, ով անցել է այդ դասընթացը, Մառնեուլիի շրջանի Ջանդարա գյուղի դպրոցի երիտասարդ տնօրեն Վուսալ Բայրամովն է։
«Ծրագիրը բնավ ոչ բոլորին էր հասանելի, և ես յուրաքանչյուր թրեյնինգից հետո աշխատում էի այն «կրկնել» իմ դպրոցի ուսուցիչների համար։ Ինձ այդ դասընթացները շատ օգնեցին», — ասել է Վուսալը։
Վրացական դպրոցում ուսումը խնդրի լուծում չէ, այլ լրացուցիչ խնդիրների ստեղծում
Ավելի ու ավելի շատ ադրբեջանցի ծնողներ են իրենց երեխաներին վրացական դպրոց ուղարկում այն հույսով, որ դա ապագայում հաստատ կլուծի երեխայի խնդիրները, նա կկարողակա բարձրագույն կրփություն ստանալ, լավ աշխատանք գտնել, քաղաքական գործիչ, նախարար դառնալ։
«Տղաս սովորում է վրացական դպրոցում, ես ու կինս որոշել ենք, որ միայն այդպես կարելի է ինքնահաստատվել հայրենի երկրում, — ասում է Մառնեուլիի մի բնակիչ, որը չցանկացավ իր անունը նշել։ — Ադրբեջաներեն նա առանց այդ էլ գիտի, ավելին պետք չէ»։
Սակայն իրավիճակն այդքան միանշանակ չէ, ինչպես կարող է թվալ։
18-ամյա Այսել Նասիբովան Մառնեուլիի Քիզիալջիլո գյուղից պատմում է, որ, երբ ընտանիքում քննարկվում էր, թե որտեղ նա պետք սովորի, հայրը պնդել է, որ նա վրացական դպրոց գնա, որ հետագայում վրացերենին տիրապետի։
Սակայն 9-րդ դասարանից Այսելը ստիպված էր լքել դպրոցը․ նա ձախողել էր ավարտական քննությունները։
«Առաջին իսկ դասարանից ուսումը ծանր էր։ Տանը չէին կարողանում օգնել տնայինների հարցում, ստիպված էի կրկնուսույցի դիմել։ Մինչև 5-րդ դասարան վրացերեն գիտեի տարրական մակարդակով։ Հաճախ քիմիայի, ֆիզիկայի դասերին ընդհանրապես չէի հասկանում, թե ինչ է բացատրում ուսուցիչը։ Համադասարանցիներին խնդրում էի օգնել, սակայն նրանք էլ շատ բան չէին կարող անել, չէ՞ որ նրանք նույնպես հետս վրացերեն էին խոսում», — պատմում է Այսելը։
[pullquote align=”right”]Ադրբեջանցի և հայ դիմորդների 80%-ը համալսարանը թողնում է բակալավրիատի կեսից[/pullquote]
Ադրբեջանցի երեխաներին վրացական դպրոցներ տալը սխալ է համարում նաև Քաղաքացիական ինտեգրացիայի և միջէթնիկական հարաբերությունների կենտրոնի ղեկավար Շալվա Տաբատաձեն․
«Վրացական դպրոցներն ու դրանց ծրագրերը հարմարեցված չեն ադրբեջանական բնակչության համար։ Արդյունքում ունենում ենք վրացերենի, ինչպես նաև այլ առարկաների թույլ իմացությամբ աշակերտ։ Սակայն այդ միտումն արդեն արմատացել է ադրբեջանցի բնակչության շրջանում, և, ցավոք, պետությունը դրան աջակցում է»։
Դպրոցից հետո
Երկար տարիների ընթացքում վրացերենին չտիրապետելու պատճառով ադրբեջանցի և հայ երիտասարդությունը զրկված է եղել Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։
Իրավիճակը սկսել է փոխվել այն բանից հետո, երբ 2009թ-ին պետությունը գործարկել է «1+4» կրթական ծրագիրը։
Գաղափարն այն է, որ դիմորդները, որոնց համար վրացերենը հարազատ չէ, կարող են բուհի ընդունելության քննությունը հանձնել մայրենի լեզվով, իսկ հետո մեկ տարվա ընթացքում ուժեղացված կերպով վրացերեն սովորել։ Դրանից հետո նրանց ավտոմատ կերպով փոխադրում են իրենց ի սկզբանե ընտրած ֆակուլտետ, որտեղ դասերն արդեն ընթանում են վրացերենով։
2017-2018 ուսումնական տարում այս նախապատրաստական ծրագրից օգտվել է 792 ուսանող։ Դա երկու-երեք անգամ շատ է, քան նախորդ տարիներին։
Սակայն ինքնին այս թիվը շատ փոքր է ադրբեջանական և հայկական դպրոցների շրջանավարտների թվի համեմատ։ Նրանցից քչերն են ուսանող դառնում։
Այսպիսի մի տխուր վիճակագրություն էլ կա։
Ադրբեջանցի և հայ դիմորդների 80%-ն ուսումը թողնում է նախապատրաստական դասընթացից հետո կամ բակալավրիատի կեսից։ Ինչպես նշել են մեր շատ զրուցակիցներ, սովորելը շատ է դժվարանում, քանի որ ընդհանուր կրթությունն ու վրացերենի գիտելիքները չեն հերիքում, որոնք պետք է դպրոցը տա։