Ադրբեջանցիները Վրաստանից մեքենաներ չեն գնում
Շաբաթ երեկո: Մեքենաների անծայրածիր շարքեր: Դրանց փայլուն թափքերին անդրադառնում են գարնանային արևի շողերը:
Չնայած ավտոմեքենաների նման բազմազանությանը, այստեղ տարօրինակ հանգստություն է տիրում. միայն մի քանի հոգի են երևում, ովքեր ժամանակ առ ժամանակ կանգ են առնում մեքենա նայելու համար:
Սա Ռուսթավիի ավտոշուկան է՝ Հարավային Կովկասում ամենախոշորը: Դեռևս որոշ ժամանակ առաջ այստեղ ասեղ գցելու տեղ չկար, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է:
«Վաճառվում է: Գինը 7900: Զանգահարեք 577…»
«Շարժիչը 2.5: Գինը պայմանագրային: Զանգահարեք 571…»
Դիման հեղուկով մաքրում է սև «Տոյոտա Պրադոն»: Մեքենան փայլում է, ինչպես նոր արտադրած կոպեկը:
«Այստեղ ոչ միայն գնորդներ չկան, այլ նաև վաճառողները չեն ուզում կանգնել: Նայեք այս մեքենային, այն հրաշալի է, սակայն արդեն մեկ տարի է՝ չեմ կարողանում վաճառել: Այսպիսի վիճակ է հիմա այստեղ»:
Դիման ու նրա գործընկերնեը ասում են, որ լարիի արժեզրկմանը զուգընթաց առևտրի կրճատման գլխավոր պատճառն այն է, որ վրացական ավտոշուկան մնացել է առանց ադրբեջանցի գնորդների:
2014թ-ից Ադրբեջանը ավտոմեքենաների արտանետումները կրճատելու նպատակով անցել է Եվրո-4 էկոլոգիական մակարդակի, որն արգելում է տասը տարուց մեծ մեքենաների ներկրումը:
Ավտոմոբիլային բիզնեսը վրացական արտահանման առաջատար եռյակում է: Մեքենաների արտահանման մեծ մասը մինչ այժմ բաժին էր հասնում հենց Ադրբեջանին:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ավտոմեքենաների վերաարտահանումը կտրուկ նվազել է. 2016թ. հունվարին Վրաստանից Ադրբեջան է վերաարտահանվել ընդամենը 24 մարդատար մեքենա: Համեմատության համար նշենք, որ 2015-ի հունվարին այդ թիվը կազմել է 671 մեքենա: Վրաստանի եկամուտը Ադրբեջան ավտոմեքենաներ վերաարտահանելուց 2015-ի հունվարին կազմել է 13,7 մլն դոլար: 2016-ի նույն ժամանակահատվածում այդ գումարը կրճատվել է մինչև 577 հազ. դոլար:
«Ադրբեջանից գնորդներ գրեթե չենք ունենում: Իսկ մեր հիմնական հաշվարկը նրանց վրա է: Ոչ մի շաբաթ չէր եղել, որ մեքենա չվաճառվեր: Ադրբեջանցիները հիմա էլ են գնում ավտոմեքենաներ, սակայն ավելի նորերն ու թանկերը: Ես ինքս բավականաչափ գումար չունեմ, որ թանկ մեքենաներ վաճառեմ», — ասում է ավտոդիլեր Էլգուջան:
Փորձագետները կարծում են, որ բիզնեսի ամենաեկամտաբեր ճյուղերից մեկին վտանգ է սպառնում:
“Վրաստանում այս բիզնեսի զարգացման պայմաններից մեկը երկրի շահեկան աշխարհաքաղաքական դիրքն է. արևմտյան երկրներից եկող մեքենաներն ուղարկվում էին հարևան երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Միջին Ասիայի երկրներ: Վերաարտահանման դադարեցումը պայմանավորված է պատճառներով, որոնք Վրաստանից կախված չեն: Դրանում մեղավոր չէ, ոչ “Ազգային շարժումը, ոչ ներկայիս իշխանությունները: Վերարտահանման դադարեցումը կապված է հարևան երկրներում մտցված սահմանափակումների հետ: Առաջին հերթին դա սկսվեց Ղազախստանից, ուր մինչև 2011թ. Վրաստանից արտահանվում էր մոտ 25 հազ. ավտոմեքենա: ԵՏՄ անդամակցելուց հետո մենք կորցրինք այդ երկրի շուկան, — ասում է Վրաստանի ազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օգբաիձեն:
Հարևան երկրներում տեղի ունեցող փոփոխությունները մեծ խնդիրներ են ստեղծում վրացական ավտոմոբիլային բիզնեսում ներգրավված մարդկանց համար: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ Վրաստանում ևս օրենսդրությունը փոխվում է: 2017թ-ից գործելու է աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների գրանցման արգելքը (սահմանափակումը չի տարածվում արդեն ներկրված ավտոմեքենաների վրա): Խստացվում են նաև կարգավորումներն ու բարձրանում են մաքսազերծման գները (որոշ դասի ավտոմեքենաների): Այս բոլոր նրբությունները հաշվի առնելով, տվյալ ոլորտի փոքր ձեռնարկատերերը մեծ դժվարությունների կբախվեն:
23-ամյա Նիկան, որպես կանոն, շաբաթ կամ կիրակի օրերին տնից դուրս է գալիս առավոտյան ժամը վեցին: Նա տաքացնում է մեքենայի շարժիչը և պատրաստվում գնալ դեպի Ռուսթավիի ավտոշուկա: Նրա մեքենան փայլում է մաքրությունից, այլ կերպ հնարավոր էլ չէ:
3 տարի առաջ Նիկան որոշել է, որ արդեն ժամանակն է ինքնուրույն գումար վաստակելու: Ընկերոջից գումար է վերցրել և սկսել ներկրել էժան ավտոմեքենաներ: Սկզբում գործերը լավ էին, սակայն այժմ նա պարտքերի տակ է:
“Գնորդների կեսն ադրբեջանցիներ էին, ովքեր ի դեպ լավ էին վճարում: Իսկ մերոնց մոտ գումար չկա: Մարդիկ նեղն են: Այժմ էլ աջակողմյան ղեկով մեքենաներն են արգելել: Իսկ ես հենց այդպիսի մեքենաներ եմ գնել և ապարդյուն փորձում եմ վաճառել ավտոշուկայում: Մարդիկ չեն էլ նայում: Մաքսազերծման ժամկետն անցել է, և ստիպված էի վերաձևակերպել դրանք: Մի խոսքով, վնասներ կրեցի:
11.03.2016