Ինչպես են ինքնասպանության հասնում: Պատմություններ Ադրբեջանից
Այշա
Ն
ման օրերի մասին ասում են՝ «Լավ էր ընդհանրապես անկողնուց վեր չկենալ»: Այն չդասավորվեց վաղ առավոտից. դժվարությամբ սպասելով դպրոցական դասերի ավարտին՝ Այշան երկար զբոսնում էր գարնանային քաղաքում, հետո գնաց տուն՝ հույս ունենալով օրվա ավարտը սեփական սենյակում գրքով անցկացնել. Ֆիցջերալդի և Ռեմարկի հերոսները 15-ամյա դպրոցականի համար ոչ միայն լավագույն, այլ միակ իրական ընկերներն էին:
Սակայն տուն է հասել ծնողների միջև սկանդալի թեժ պահին: Դա 90-ականներն էին, նոր էր փլուզվել Խորհրդային Միությունը, կենցաղային և նյութական խնդիրներն ամենուր էին, և ընտանեկան իրավիճակի վրա լավագույնս չէին ազդում:
Իհարկե, ծնողները սիրում էին նրան և չէին ուզում նեղացնել: Սակայն մարդկանց նյարդերը երկաթյա չեն: Այդ պահին Այշան «ծեծելու ենթակա աղջկա» դերում էր: Եվ ամենապատկերավոր արտահայտությունները, որոնց ունակ էր լեզվաբան մայրն ու փիլիսոփա հայրը, լսում էր, որ նորմալ աղջիկները երկու ժամ չգիտես որտեղ չեն թափառում, թե ինչպիսի անշնորհակալ աղջիկ է նա և ինչպես է անպայման ձախողելու ընդունելության քննություններն ու գնալու փողոցներ ավլելու: Ոչինչ չպատասխանելով՝ Այշան գնացել է բաղնիք: Դուռը ներսից փակել, որի մյուս կողմում շարունակվում էին ծնողների ճիչերը, որոնք կրկին միմյանց վրա էին կենտրոնացել: Հանել է «Ռապիրա» շեղբերի տուփը: Նա հստակ համոզված էր, որ աշխարհում ոչ ոքի պետք չէ՝ ներառյալ ինքն իրեն:
Հին նոր խնդիր
Ինքնասպանությունն այն խնդիրների թվում չէր, որոնք հուզում էին ադրբեջանական հասարակությանն ընդհուպ մինչև 2017թ-ի սկիզբ, երբ մեկը մյուսի հետևից մեծ աղմուկ բարձրացրած ինքնասպանություններ տեղի ունեցան:
Դրանցից ամենաաղմկոտը հայտնի հոգեբան Դայանաթ Ռզաևի ինքնասպանությունն էր, որը կախվել էր սեփական բնակարանում: Այն փաստը, որ ինքնասպան է եղել ոչ թե «հասարակ մահկանացու», այլ հոգեբան, բոլորին չարագուշակ նշան թվաց:
Թեման մի քիչ ուսումնասիրելով՝ մարդիկ ուշադրություն են դարձրել, որ 2017թ-ի առաջին ամիսներին Ադրբեջանում ևս մի քանի տասնյակ ինքնասպանություններ են տեղի ունեցել: «Ինքնասպանությունների համաճարակի» մասշտաբները կերևան տարվա վերջին, երբ հնարավոր լինի այս և նախորդ տարվա թվերը համեմատել, սակայն մինչ այդ խնդիրը կարծես առաջին անգամ են նկատել և խոսում են դրա մասին: Որպես պատճառ շատերը ֆինանսական ճգնաժամն են տեսնում և միջին վիճակագրական ադրբեջանցու կենսամակարդակի անկումը. ոմանց համար տարեկան արժեզրկման երեք ալիքները չափազանց ուժեղ հարված էին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի աշխարհում ինքնասպանություն է գործում մոտ 80 հազար մարդ: Այս թիվը բնավ վերջին ատյանի ճշմարտություն չէ, քանի որ բոլոր երկրները յուրովի են վիճակագրություն վարում: Բացի այդ, ինքնասպանությունները երբեմն դժվար է տարբերել դժբախտ պատահարներից:
Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ պարբերաբար աշխարհում ինքնասպանություննների մակարդակի վարկանիշ են կազմում: Արդեն մի քանի տարի է այդ ցուցակի առաջատարը Շրի Լանկան է: Իսկ Ադրբեջանը 2018թ. այդ ցուցակում գրեթե ամենավերջին տեղն է զբաղեցնում: 2016թ-ին Ադրբեջանում պաշտոնապես 327 ինքնասպանություն է գրանցվել: Իսկ հաջորդ 1,5 տարվա վերաբերյալ բաց աղբյուրներում պաշտոնական վիճակագրություն չկա:
Ի դեպ, ամենաքիչ «ինքնասպանները» Անտիգուա և Բարբուդա կղզային պետության բնակչությունում են: Այժմ դուք գիտեք, թե որտեղ են ապրում աշխարհի ամենաերջանիկ մարդիկ:
«Ի՞նչ է, գի՞ժ եմ»
Հոգեկան առողջության կենտրոնը ստեղծվել է Բաքվում 2012թ-ին, այն մարդկանց հոգեբանական-հոգեկան անվճար ծառայություններ է մատուցում:
Այստեղի միջանցքներում բավականին բազմամարդ է, և, շտապ հոգեբանական օգնության բաժնի ղեկավար Քյամալա Թալիբովայի խոսքով, դա լավ է.
«Վերջին ժամանակներս մեր կենտրոն սկսել են ավելի հաճախ դիմել: Միայն թե լրագրողներին, չգիտես ինչու, թվում է, որ դա պոտենցիալ ինքնասպանությունների աճ է նշանակում: Բայց դա այդպես չէ: Դա միայն նշանակում է, որ ավելի շատ մարդ է դիմում հոգեբանի օգնության: Եվ իրականում, դա հիանալի ցուցանիշ է, այլ ոչ թե վատ: Չէ՞ որ դեռևս վերջերս շատերը հետևյալ կերպ էին դատում՝ «Ինչի՞ս է պետք հոգեբանի մոտ գնալ, գի՞ժ եմ, ի՞նչ է»»:
Կենտրոնի հիվանդների թվում, որոնք մտադիր են կամ արդեն փորձել են ինքնասպանություն գործել, շատ են երկու սեռերի 20-45 տարեկան անձինք: Չնայած, ինչպես պարզվում է, նույնիսկ մահվան հանդեպ վերաբերմունքը կանանց և տղամարդկանց մոտ արմատապես տարբերվում է:
Տղամարդիկ ավելի վատ են տանում ճգնաժամային իրավիճակներն ու ավելի հաճախ են ինքնասպանություն գործում: Կանայք կրկնակի ավելի հաճախ են ինքնասպանության փորձ կատարում, սակայն հազվադեպ են գործն ավարտին հասցնում:
Հետագայում նրանցից շատերը խոստովանում են, որ դա «ցուցադրական ելույթ էր», օրինակ, ամուսնուն վախեցնելու կամ ուշադրություն գրավելու համար: Եվ եթե անգամ փորձը լրիվ լուրջ է կատարվում, երբեմն դա սև հումորի ժանրի կատակերգության է վերածվում, որի մասին կինը ծիծաղելով պատմում է ընկերուհիներին: Ինչպես, օրինակ, 36-ամյա Սայիդա Մուստաֆաևան:
Էպիլյացիայի օգտակարության մասին
Դ
ա տեղի է ունեցել ամուսնու հետ հերթական 364-րդ վեճից հետո: Ամուսինը, դուռը շրխկացնելով, հեռացել է, իսկ Սայիդան որոշել է, որ այդպես էլ հնարավոր չէ ապրել, և ժամանակն է երակները կտրելու: Որոշել է և գնացել շեղբ փնտրելու:
«Բանն այն է, որ սովորական շեղբեր տանը չկան: Ընդհանրապես չեն լինում: Բանն այն է, որ ես լազերային էպիլյացիայի եմ գնում, իսկ ամուսինս էլեկտրական ածելի է օգտագործում: Ես քանդեցի բոլոր պահարանները և վերջապես մեկանգամյա օգտագործման Ջիլեթ գտա: Հետո ևս կես ժամ փորձում էի շեղբը հանել: Ընթացքում այն մանր կտորների փշրեցի:»
Այդ ամենը մի փոքր կոտրել է Սայիդայի սուիցիդալ պոռթկումը, սակայն նա այնուամենայնիվ նստել է խոհանոցի սեղանի մոտ և անցել է իր պլանի իրագործմանը՝ զինվելով շեղբի ամենախոշոր բեկորով:
«Ես գիտեի, որ պետք է կտրել ոչ թե հորիզոնական, ինչպես ֆիլմերում, այլ ուղղահայաց: Կտրում եմ, կտրում եմ… Ավելի ճիշտ, քերծում եմ: Գրողը տանի, ցավում է: Եվ դա ինձ սթափեցրեց: Մի բան է՝ գեղեցիկ և արագ մահանալը, որ այդ ապուշը հետո ողջ կյանքը տառապի, ուրիշ բան է, որ ինքս տանջվեմ՝ ձեռքս քրքրելով, ընդ որում, անարդյունք: Երևի ես շատ թույլ եմ ինձ սպանելու համար: Եվ փառք Աստծո:»
Սայիդան խնամքով մշակել է ձեռքն ու սպեղանի դրել, կոլայով ջին է խմել և սպասել ամուսնու վերադարձին, որպեսզի նոր ուժերով ցույց տա նրան, թե ով է տանը գլխավորը:
Ինքնասպանությունը որպես ելք ֆինանսական փակուղուց
Եթե չհաշվենք հոգեկան խանգարումները, ինքնասպանություն միշտ գործում են մարդիկ, որոնք ճգնաժամ են ապրում՝ էկզիստենցիալ, ընտանեկան, սիրային, անցումային տարիքի: Եվ, իհարկե, ֆինանսական:
Ճիշտ է, հոգեկան առողջության կենտրոն հաճախ դիմում են անձնական, այլ ոչ թե նյութական խնդիրներից ելնելով: Հնարավոր է, վերջիններս պարզապես չեն հավատում, որ հոգեբանները կարող են իրենց օգնել: Չնայած դեպք է եղել, երբ մի տղամարդ է եկել, որը խնդրել է իր փոխարեն պարտքը վճարել: Ի դեպ, Քյամալա Թալիբովան պնդում է, որ իրենց կենտրոնն ունակ է օգնել նույնիսկ այդ մարդկանց: Ոչ թե փող տալ, այլ իրավաբան գտնել բանկի ճնշմանը դիմակայելու համար:
43-ամյա Ագշին Սամեդովը վաղուց էր մտածում իր գործը սկսելու մասին: Հատկապես որ ընտանիքում վերջապես երկար սպասված երեխա էր ծնվել: Բոլոր կողմ և դեմ փաստարկները հաշվի առնելով՝ Ագշինը բանկից վարկ է վերցրել, իր տանը կից տարածք վարձակալել և ավտոմեքենաների պահեստամասերի խանութ բացել: Ընդ որում, ինչպես դա հաճախ պատահում է, ոչ այնքան ուշադիր է կարդացել պայմանագիրը և ուշադրություն չի դարձրել այն կետին, որ պարտքը նա պետք է դոլարի ընթացիկ փոխարժեքով վճարի: Հատկապես որ այն ժամանակ այդ փոխարժեքը քչերին էր հետաքրքրում:
Սակայն մի քանի ամիս անց առաջին արժեզրկումը տեղի ունեցավ: Դոլարը թանկացավ գրեթե կրկնակի, իսկ մանաթը, հետևաբար, շռնդալից անկում ապրեց: Խանութը դադարեց նորմալ եկամուտ բերել, վարկը վերադարձնելու փող չկար, իսկ վճարումների գումարն ավելացավ:
Մոտ կես տարի Ագշինը դեպրեսիայի մեջ էր, տխուր էր և մտազբաղ, իսկ մի անգամ աշխատանքային օրվա կեսին, խանութը եղբորորդուն թողնելով, գնաց բակի վերջում գտնվող զուգարան: Մինչև տնեցիները նկատեցին նրա բացակայությունն, Ագշինն արդեն կախվել էր: Ագշինի կինը, որը մեկ ժամվա ըթնացքում այրի դարձավ՝ երեք տարեկան երեխան գրկին, ստիպված էր անցնել նաև սարսափելի սկանդալի միջով, որը ամուսնու բարեկամներն էին սարքել: Կեսուրն ու տալերն ամեն ինչում մեղադրում էին հենց նրան: Իբր «հասցրել է»:
Կրքերը ժամանակի ընթացքում հանդարտվեցին, Ագշինին թաղեցին: Նրա տղան միայն երկար ժամանակ անց հասկացավ, որ դա ոչ կատակ էր և ոչ էլ խաղ, և հայրիկն էլ երբեք չի վերադառնա: Իսկ ինքնասպանի աներձագը, որը նրա երաշխավորն էր, մինչև հիմա վճարում է այդ չարաբաստիկ վարկը (դրա համար նա ստիպված էր անգամ վաճառել իր հողամասի մի մասը):
«Ամենավիրավորականն այն էր, որ նա բանկին պարտք էր ընդամենը 6 հազար դոլար, — ասում է Ագշինի բարեկամներից մեկը, — իհարկե քիչ գումար չէ, սակայն դրա համար կախվել հաստատ չարժեր: Եթե նա հարազատներից օգնություն խնդրեր, մենք մի բան կմտածեինք, մի կերպ կհավաքեինք այդ գրողի տարած փողը: Սակայն նա ամեն ինչ մեջն էր պահում, ոչ ոքի հետ չէր կիսվում, և ահա թե ինչի դա բերեց:»
Ելքը
Ճգնաժամը փակուղի է, իրական կամ թվացյալ, որից մարդ այլ ելք չի տեսնում, քան կյանքի հետ հաշիվները մաքրելը: Չնայած իրականում ելք հաճախ կա, անգամ փակուղուց: Սակայն պետք է մեկը, որ ցույց տա այն: Եվ այդ պատճառով, խոսելով ինքնասպանությունների կանխարգելման միջոցի մասին, հոգեբաններն, առաջին հերթին, կոչ են անում մարդկանց ավելի ուշադիր լինել միմյանց հանդեպ «SOS» ազդանշանը բաց չթողնելու համար: Իսկ այդ ազդանշանը լինում է միշտ, քանի որ նույնիսկ նա, ով հաստատ որոշել է ինքնսպան լինել, միևնույն է, փրկության հույս ունի:
Գոյություն ունի այսպես կոչված «ռիսկի խումբ», որի մեջ մտնում են առավելապես չպաշտպանվածները, հետևաբար, ինքնասպանության ավելի հակված անձինք: Օրինակ, դեռահասները, ԼԳԲՏ ներկայացուցիչները, աղքատության շեմին ապրող մարդիկ:
Ռիսկի խմբի ներկայացուցիչ էր ևս մեկ հայտնի ադրբեջանցի ինքնասպան՝ «Ազատ ԼԳԲՏ» հասարակական կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչ Իսա Շահմարլին: 2014թ-ին նա կախվել է, և այդ իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել. Իսայի ինքնասպանությունը յուրօրինակ բողոքի ակտ են համարել:
Տղայի թաղմանը Բաքվի ավաններից մեկում որոշ տեղացիներ անգամ փորձել են քարեր նետել թափորի ուղղությամբ Իսային տեղի գերեզմանոցում հուղարկավորելուն խանգարելու համար՝ դա սրբապղծություն համարելով: Ոչ, ինքնսպանների դեմ նրանք ոչինչ չունեին, իսկ միասեռականների դեմ՝ այն էլ ինչպես:
Ինքնսպանությունն ու իսլամը
Ի դեպ, ինչպես և բոլոր աբրահամյան կրոնները, իսլամն ինքնասպանությունը դիտարկում է որպես ամենածանր մեղքերից մեկը: Ղուրանի համաձայն՝ կյանքը մարդուն տրվել է Ալլահի կողմից, և միայն Ալլահը կարող է այն ընդհատել: Ճիշտ է, հուղարկավորության արարողությունում այդ արգելքը ոչ մի կերպ չի արտահայտվում:
Փիլիսոփա-աստվածաբան Իլգար Իբրահիմօղլու.
«Թեև ինքնասպանություն գործածը մեղք է գործում, նրան պետք է հուղարկավորել բոլոր ծիսակարգերի համաձայն և աղոթել, որ Ալլահը նրան ների այդ մեղքը: Ընդհանուր առմամբ, իրական, գիտակցված հավատքը և աստծո ցասման վախը կարող է մարդուն ետ պահել նման ճակատագրական քայլից, ինչպիսին է ինքնասպանությունը: Վիճակագրության համաձայն՝ ուժեղ կրոնական բարքեր ունեցող երկրներում ինքնասպանությունների մակարդակը շատ ավելի ցածր է: Ինձ թվում է, որ ինքնասպանությունների թվի աճը ժամանակակից աշխարհում կապված է նաև նրա հետ, որ մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի դարաշրջանում շատերը կորցրել են հավատքը և դադարել մտածել հոգու և այն մասին, թե ինչ է իրենց սպասվում մահվանից հետո:»
Դեռահասներ. օֆլայն ինքնասպանություն
Համացանցի ադրբեջանական հատվածում ինքնասպանության թեմատիկայով դեռահասների միավորումներ չկան, ինչպիսին է ռուսական «Կապույտ կետը»: Այստեղի դեռահասները միայնակ են իրենց մահվան մեջ. նրանք հեռանում են ոչ թե կոլեկտիվ կերպով համացանցի միջոցով, այլ հին տարբերակով՝ ինքնուրույն որոշում կայացնելով: Նրանց շարժառիթները նույնպես հին են, որքան աշխարհը՝ միայնություն, չհասկացվածություն, ճնշում և դաժան վերաբերմունք ընտանիքում, դժբախտ առաջին սեր:
Խնդիրները խորանում են ադրբեջանական ընտանիքների մեծ մասի պահպանողականության և նահապետականության պատճառով, որտեղ աղջիկը չի գա մորը բողոքելու իր բոյֆրենդի հետ ունեցած խնդիրներից, իսկ տղան հորը չի պատմի մեծանալու խնդիրների մասին: Նման ընտանիքներում շատ թեմաներ պարզապես տաբու են: Արվարձաններում քիչ չի լինում, երբ ինքնասպանություն են գործում բռնի ամուսնացրած աղջիկները:
Ճիշտ է, վերջին ժամանակներս իրավիճակը մի քիչ փոխվել է. ավելի ու ավելի շատ ծնողներ են սկսել զգոն վերաբերվել իրենց երեխաներին և չծեծել նրանց դատարկ տեղը, այլ հոգեբանի մոտ տնել: Համենայնդեպս, մայրաքաղաքում: Այդպես է, օրինակ, արել Սոլմազը, երբ նրա 12-ամյա տղայի մոտ հանկարծ հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել, որոնք կապված են եղել հասունացման հետ (անբացատրելի ամոթի նոպաներ, խուճապային գրոհներ): Սոլմազն ու ամուսինը մեծացել են փոքր քաղաքում, բարձրագույն կրթություն չունեն և, ընդհանուր առմամբ, լիովին ավանդական ընտանիք են ներկայացնում: Սակայն դա նրանց չի խանգարել արագ կողմնորոշվել իրավիճակում և օգնության դիմել: Մի տարի է անցել, և տղան տվյալ պահին բացարձակ առողջ է: Նույնիսկ ընկերուհի ունի:
Հանկարծակի ինքնասպանություն
Թ
երևս ինքնասպանությունների միայն մեկ տեսակ կա, երբ օգնելու հնարավորությունը նվազագույնի է հասնում: Դրանք այն ինքնասպանություններն են, որոնք կատարվել են աֆեկտի վիճակում, ուժեղ վախի կամ խուճապի նոպայի ժամանակ: Եթե այդ պահին կանգնեցնել մարդուն, նա շուտով ուշքի կգա և էլ երբեք չի կրկնի փորձը: Սակայն աֆեկտը կանխատեսել գրեթե հնարավոր չէ, ինչպես երկրաշարժը: Կարելի է միայն պատահական նրա մոտ գտնվել: Հաճախ նման ձևով հեռանում են բացարձակ հաջողակ մարդիկ՝ առանց որևէ հոգեկան խախատոմների և անգամ լուրջ խնդիրների:
Գյուլնարան 55 տարեկան էր: Նա, ինչպես յուրաքանչյուր մարդ, բավականաչափ մութ շրջաններ էր ունեցել կյանքում: Սակայն հենց այդ ժամանակահատվածում ամեն ինչ լավ էր: Նա կայուն և լավ վարձատրվող աշխատանք էր գտել, միակ աղջիկը հաջող ամուսնացել էր, նոր հետաքրքրություններ էր գտել:
Կյանքը մի փոքր գորշացնում էր զառամյալ մորաքրոջը խնամելը՝ համապատասխան հիվանդությունների լրիվ կազմով, ներառյալ մարող բանականությամբ: Նրա հետ կապված ամեն օր ինչ-որ դժվարություններ էին առաջանում, և, որքան էլ նրան սիրեր Գյուլնարան, այնուամենայնիվ պարբերաբար կորցնում էր համբերությունը:
Այդ երեկո մորաքույրը վառել էր ընթրիքը՝ մտադիր լինելով տաքացնել այն: Երկար օրվանից հոգնած Գյուլնարան չի դիմացել և սկսել է բղավել նրա վրա: Մորաքուրը փորձել է շտկել իրավիճակը, սակայն Գյուլնարան հրել է նրան, բայց ուժերը չի հաշվարկել, կինն ընկել է, գլուխը խփել և պառկած մնացել առանց կյանքի որևէ նշանի: Միանգամայն վստահ լինելով, որ սպանել է հարազատ մորաքրոջը՝ Գյուլնարան նամակ է գրել, որում պատմել է կատարվածի մասին և քացախ է խմել: Սակայն պարզվել է, որ մորաքույրն ընդամենը գիտակցությունն է կորցրել: Ավելի ուշ նրան հիվանդանոց են տարել և ուշքի բերել:
Գյուլնարայի մարմինը հայտնաբերել է աղջիկը: Եթե նա ավելի շուտ վերադառնար, հավանաբար, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը սկսել է աղջկան սպանության համար կասկածել, բացի այդ, նա որոշ ժամանակ ստիպված է եղել հարցաքննությունների գնալ: Փառք աստծո, որ մոր մահվան պահին նա ալիբի է ունեցել, նա խանութում է եղել, որտեղ նրան շատ մարդ է տեսել: Իսկ մորաքրոջը նա հետո իր մոտ է տարել և շարունակել հոգ տանել նրա մասին, ինչպես նախկինում նրա մայրն էր անում:
20 տարի անց
Ա
յշան այժմ 39 տարեկան է: Նա զույգ տղաների մայր է, հանգիստ և գիտակից երիտասարդ կին, անգլերենի ուսուցչուհի հեղինակավոր մասնավոր դպրոցում: Ձախ ձեռքի սպին գրեթե չի երևում, և դա զերծ է պահում ավելորդ հարցերից: Այն պատմությունը նա վաղուց թաղել է իր հիշողության հեռավոր անկյուններում, և ինքն էլ չի հավատում, որ մի ժամանակ՝ քսանից ավել տարի առաջ, հայրը կոտրում էր բաղնիքի դուռը, իսկ մայրը շտապօգնություն կանչում: Եվ որքան էր բժիշկը նյարդայնացել, երբ պարզվել էր, որ ոչ ոք չի մահանում, և նա ապարդյուն ժամանակ է վատնել: Հեռանալիս նա փնթփնթում էր, որ նրա համար չէ 7 տարի ինստիտուտում սովորել, որպեսզի հիմար աղջիկներին վիրակապում անի, որոնք չեն էլ կարողանում նորմալ ինքնասպան լինել: Ճիշտ է, նրան մի փոքր հանգստացրեց «մաղարիչը», որը նրա համար էր, որ նա կատարվածի մասին ոստիկանությանը չհաղորդի, ինչպես կարգն է:
«Ինձ համար ոչ թե տհաճ է, այլ ամոթ է հիշել այդ պատմության մասին, — ասում է Այշան: — Երևի միայն 15 տարեկանում կարելի է նման բան անել: Կարծես ինձ հետ չի եղել: Չէի ասի, որ դրանից ինչ-որ գլոբալ եզրակացություններ եմ արել, ոչ: Սակայն կյանքում երբեք չեմ կշտամբել և չեմ կշտամբի նրանց, ովքեր նման քայլի են դիմում: Ես գիտեմ, թե ինչպես է դա լինում:»