Ադրբեջանում COVID-անձնագիր է ներմուծվում․ նորմալ կյանքի վերադառնալ ցանկացողների համար
2021 թ․ հուլիսի 1-ից Ադրբեջանում COVID-անձնագիր է ներմուծվում։ Բոլոր պատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած-առողջացած քաղաքացիների համար հասանելի կլինեն բոլոր օբյեկտները, որոնք գործում էին անցյալ տարի կարանտինի սահմանումից առաջ։ Ողջ երկրում բացվում են նաև մոլերը, լողափերը, սկսում է աշխատել մետրոն։
- Ո՞վ է Ադրբեջանում պահանջում բանկային վարկերի վերադարձ և ինչպե՞ս են պարտքեր հավաքագրողները խախտում օրենքները
- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն անփոփոխ է։ Ի՞նչ է լինելու
- Կարծիք․ արդիականացման խնդիրների և վրաց-աբխազական հակամարտության լուծման մասին
Կայացել է Ադրբեջանի կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ճեպազրույցը։ Կարանտինի ռեժիմի սահմանափակումների վերաբերյալ օպերատիվ շտաբի կարևոր որոշումներն է ներկայացրել երկրի նախագահի օգնական Շահմար Մովսումովը։ Այսպիսով․․․
2021 թ․ մայիսի 31-ից Ադրբեջանում․
- թույլատրվում է դիմակ չկրել բացօթյա տարածքներում,
- իր աշխատանքն է վերսկսում Բաքվի մետրոպոլիտենը (մետրոյում դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է),
- աշխատանքն է վերսկսում միջքաղաքային հանրային տրանսպորտը։
2021 թ․ հունիսի 10-ից Ադրբեջանում․
- իրենց աշխատանքն են վերսկսում մզկիթները, եկեղեցիները, սինագոգներն ու կրոնական այլ օբյեկտները,
- սկսում են աշխատել մոլերն ու առևտրի խոշոր կենտրոնները,
- բացվում են լողափերը։
Ադրբեջանում COVID-անձնագիր է ներմուծվում
Օպերշտաբի որոշման համաձայն՝ 2021 թ․ հուլիսի 1-ից Ադրբեջանում COVID-անձնագիր է ներմուծվում։ Այդ փաստաթուղթը տրամադրվելու է վերջին վեց ամսում կորոնավիրուս տարած և COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած անձանց։
2021 թ․ հունիսի 10-ից COVID-անձնագիրը կթեստավորվի մարզական օբյեկտների վրա։ Բոլոր ֆիթնես-կենտրոններն ու մարզասրահներն այդ օրվանից կվերսկսեն աշխատանքը, սակայն դրանք կարող են այցելել միայն COVID-անձնագիր ունեցողները։
Իսկ հուլիսի 1-ից, ըստ օպերշտաբի, այդ փաստաթուղթ ունեցողները, հնարավոր է, կարողանան այցելել թատրոններ, կինոթատրոններ և զվարճանքի այլ վայրեր, որոնք փակ էին կարանտինի մեկնարկից՝ 2020 թ-ի մարտից ի վեր։ Նաև 2021 թ-ի հուլիսից, հնարավոր է, թույլատրվի հարսանիքների և այլ զանգվածային միջոցառումների անցկացումը, սակայն միայն COVID-անձնագիր ունեցողների մասնակցությամբ։
Նախագահի օգնական Շահմար Մովսումովը բոլորին կոչ է արել անհապաղ պատվաստվել, որպեսզի հնարավորություն լինի նորմալ կյանքի վերադառնալու։
Պատվաստումն Ադրբեջանում
Ներկա պահին Ադրբեջանում հասանելի է երեք պատվաստանյութ։ Երկրի բոլոր պոլիկլինիկաներում 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները կարող են պատվաստվել չինական Sinovac պատվաստանյութով։
Բաքվի երկու բուժհաստատություններում այլ պատվաստանյութեր են կիրառվում։ Այսպես, 60 տարեկանից բարձր անձինք ցանկության դեպքում կարող են պատվաստվել հարավկորեական AstraZeneca պատվաստանյութով։ 18 տարեկանից բարձր անձինք կարող են պատվաստավել նաև ռուսական Sputnik V-ով։
Օպերշտաբի այսօրվա ճեպազրույցին հայտարարվել է նաև մոտ օրերս Pfizer-BioNTech պատվաստանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման որոշման մասին։ Այս պատվաստանյութով պատվաստման պայմաններն ավելի ուշ կհայտարարվեն։
Մինչ օրս ողջ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին դեղաչափն է ստացել բնակչության 11,34 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 8,53 տոկոսը։