Ադրբեջանում պատրաստվում են հանրային վայրերում սահմանափակել ծխելը
«Ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման մասին» օրինագիծը Ադրբեջանի խորհրդարանի քվեարկությանն է ներկայացվելու մոտ ժամանակներս: Նախագիծն արդեն քննարկման փուլն անցել է և համաձայնեցվել է խորհրդարանական երկու՝ աշխատանքի, սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ նիստին:
Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլիի խոսքով՝ օրինագիծը հստակեցնում է այն վայրերը, որտեղ ծխելը կարգելվի: Մասնավորապես, դա ուսումնական հաստատություններն են, սպորտային մրցումների և զանգվածային այլ միջոցառումների անցկացման վայրերը, առևտրային օբյեկտները, հանրային սննդի վայրերը, հյուրանոցները, առողջապահական հաստատությունները գետնանցումներն ու վերգետնյա անցումները, տրանսպորտն ու այլ վայրերը, — հաղորդում է Report գործակալությունը:
Գործատուները ծխելու համար հատուկ վայրեր կարող են նախատեսել, իսկ գրասենյակի կամ ձեռնարկության մնացած հատվածում պետք է ծխելն արգելելու մասին նախազգուշացում կամ նշան լինի: Ծխելու համար նախատեսված վայրերը պետք է հագեցած լինեն ծխախոտա—հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:
Օրինագիծը նաև արգելում է մանկական ռադիոհաղորդումների, ֆիլմերի և հեռուստահաղորդումների հեռարձակումը, ներկայացումների ցուցադրումը, որտեղ բացահայտ ծխելու տեսարաններ կամ ծխախոտային արտադրանք կա: Մեծերի համար ներկայացումների, ռադիոհաղորդումների, ֆիլմերի և հեռուստահաղորդումների դեպքում ծխախոտի ցուցադրումը պետք է ուղեկցվի ծխելու վնասակարության մասին սոցիալական գովազդով:
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրինագծում օգտագործվել է Ռուսաստանի և Թուրքիայի փորձը:
Սոցցանցերում օրինագծի ակտիվ քննարկում է գնում: Ահա մի քանի մեկնաբանություն.
«Դա շատ ճիշտ է: Ողջ աշխարհն է այդ պրակտիկան օգտագործում: Ես չծխող եմ և տանել չեմ կարողանում ծխախոտի ծուխը: Ինչո՞ւ ես պետք է ռեստորան, ակումբ կամ մեկ այլ տեղ հանգստանալու և այդ ծուխը շնչելու: Ինչու պետք է հագուստիցս ծխախոտի հոտ գա, չէ՞ որ հանգստի համար նույն գումարը ես եմ ծախսում, ինչպես և ծխողները: Ուզո՞ւմ ես ծխել: Դուրս եկ փողոց, պատշգամբ, դրա համար նախատեսված հատուկ տեղ և ծխիր, որքան ուզում ես»:
«Դա խնդրի ոչ այնքան ճիշտ լուծում է: Ծխողն ուզում է ծխել ուտելիս, խմելիս: Հետևաբար, եթե ռեստորանը հնարավորություն ունի, պետք է առանձին սրահներ լինեն: Չծխողների ռեստորանի գաղափարն անգամ ծիծաղելի է, քանի որ այդ դեպքում ռեստորանը մեծ վնասներ կկրի»:
«Սա թերևս վերջին 5 տարվա լավագույն նորությունն է»: