Հայտնի է Ադրբեջանում ուսումնական տարվա մեկնարի ամսաթիվը, սակայն որոշումը վերջնական չէ
Այսօր Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևը պատմել է երկրում առկա ուսուցման գործարկման ենթադրյալ մեխանիզմի մասին՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։ Այսպիսով՝ ուսումնական տարին, ավանդույթի համաձայն, կսկսվի սեպտեմբերի 15–ին, սակայն ոչ բոլորի համար։
• Դիմակներով, առանց դասամիջոցի և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան
Ադրբեջանի դպրոցներում և բուհերում առկա ուսուցումը դադարեցվել է 2020 թ–ի մարտի 3–ին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Այսօր մայրաքաղաքի դպրոցներից մեկում ճեպազրույցի ընթացքում Ամրուլաևը հայտարարել է, որ սեպտեմբերի 15–ից դպրոցների տարրական դասարաններն ու մանկապարտեզներն աստիճանաբար կվերականգնեն իրենց գործունեությունը։ Սկզբից մանկապարտեզները կբացվեն առավել քիչ վարակվածներ ունեցող գոտիներում, այնուհետև՝ ողջ երկրում։ Այս գործընթացը պլանավորվում է իրականացնել սեպտեմբերի 15–ից մինչև նոյեմբեր ամիսը։
Կրթության նախարարը կարծում է, որ ուսումնական գործընթացի վերսկսումը կարող է հանգեցնել կորոնավիրուսով վարակվածների թվի աճի․
«Սակայն միաժամանակ մենք հասկանում ենք, որ ապագա սերնդի կրթությունը շատ կարևոր հարց է։ Այդ պատճառով էլ պետք է ցանկացած որոշում կայացնելիս ուշադիր լինել»։
Ըստ Ամրուլաևի՝ 1-4–րդ դասարանցիները դպրոց կհաճախեն շաբաթական 2-3 անգամ։
«Մենք տարրական դասարաններում 650 000 երեխա ենք ակնկալում։ Նրանից 257 000–ը՝ Բաքվի, Սումգայիթի և Ապշերոնի շրջանի դպրոցներում։ Այս տարածքում վարակման մակարդակն ամենաբարձրն է։ Ինչ վերաբերում է մյուս դասարանների աշակերտներին, ապա նրանք առցանց ձևաչափով են սովորելու», — ասել է նա։
«Եթե համաճարակային իրավիճակը կայուն եղավ, ապա հոկտեմբերի 15–ից պլանավորվում է ավագ դասարանների աշակերտների ավանդական ուսումնական պրոցեսի վերականգնում», — հավելել է Ամրուլաևը։
Նրա խոսքով՝ 5-9 դասարանների աշակերտների համար դիտարկվում է հոկտեմբերի մեկից ավանդական ուսուցման վերսկսումը։
Իսկ ինչ վերաբերում է բուհերի ուսանողներին, ապա սեպտեմբերի 15–ից նրանք հեռավար կշարունակեն ուսուցումը։
«Հոկտեմբերի 15–ից մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք պահանջում են աշխատանք լաբորատորիաներում, կարող են վերադառնալ ուսուցման ավանդական եղանակին՝ համապատասխան արձանագրությունների հիման վրա», — նշել է Ամրուլաևը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1–ին առաջին կուրսի ուսանողները բուհ կգան՝ ծանոթանալու իրենց ուսումնական հաստատությանը։
Նախարարը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչ անեն այն աշակերտների ծնողներն, ովքեր հայտարարված կարանտինային ռեժիմի պատճառով լքել են Բաքուն և ժամանակավորապես ապրում են երկրի շրջաններում, որտեղ էլ գրանցված են։ Սակայն, միաժամանակ, այդ երեխաները մայրաքաղաքում են դպրոց գնում։ Նրանք չեն կարող Բաքու վերադառնալ, քանի որ համավարակի պատճառով շրջաններից մայրաքաղաք մուտք գործել չի կարելի։ Նախարարը նշել է, որ այդ հարցն իր լիազորություների շրջանակում չէ։
Նշված հարցերի վերաբերյալ դեռևս չկա Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի պաշտոնական որոշումը։
Նախորդ օրն Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք։ Մահացել է երկու մարդ, ապաքինվել և հիվանդանոցից դուրս գրվել՝ 83–ը։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 35 844–ի, նրանցից 524–ը մահացել են։