«Ադրբեջանում միայն քաջությունը բավական չէ». հայտնի իրավապաշտպանը՝ քաղաքական իրավիճակի մասին երկրում, որտեղ 30 տարի իշխանություն չի փոխվել
Անար Մամեդլին՝ Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության կրթության կենտրոնի ղեկավարը, JAMnews-ին պատմում է ադրբեջանական ընդդիմության խնդիրների մասին և թե ինչպես ավելի լավ կառուցել ժողովրդավարական հասարակություն:
«Իշխանությունները թույլ չեն տալիս ընդդիմությանը դառնալ իշխանություն»
Այն, որ ադրբեջանական ընդդիմությունը արդեն 30 տարի է՝ չի կարողանում իշխանության գալ, Անար Մամեդլին կապում է այն բանի հետ, որ երկրում բացակայում է մրցակցության միջավայրը և ձևավորված չէ ընտրությունների ինստիտուտը:
«Իշխանությունները թույլ չեն տալիս ընդդիմությանը դառնալ իշխանություն: Երկրում ժողովրդավարական ընտրությունների միջավայր ստեղծված չլինելու պատճառով քաղաքական ուժերը տարիներով չեն փոխվում»:
Ընտրական միջավայրի բացակայությունը հանգեցրել է նաև նրան, որ Ադրբեջանը ժողովրդավարության առումով զիջում է հետխորհրդային մյուս երկրներին:
«Քաջ լինելը բավական չէ»
Խոսելով ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների մասին, որոնք մնում են ղեկին երբեմն մի քանի տասնամյակ, իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում երկու գործոնի վրա.
«Կան առաջնորդներ, որոնք երկար տարիներ զբաղվում են քաղաքականությամբ և, չնայած ճնշումներին, շարունակում են իրենց պայքարը: Հնարավոր է դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանց փոխարինող չկա, որովհետև քիչ են Ադրբեջանում քաղաքականությամբ զբաղվել ցանկացողները. շատ ավելի բարդ է, քան մանր կամ միջին բիզնեսով զբաղվելը»:
Մամեդլին ավելացնում է՝ մի խումբ մարդկանց համար հիմա շատ բարդ է ստեղծել քաղաքական կուսակցություն, և, հետևաբար, կուսակցությունների ստեղծումը պետք է դիտարկել երկրում գոյություն ունեցող քաղաքական պայմանների, քաղաքական ազատությունների և արգելքների համատեքստում:
Նշելով, որ Ադրբեջանում կան ընդդիմադիրներ, որոնք քաղաքականության մեջ են երկար տարիներ, Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության կրթության կենտրոնի ղեկավարը ավելացնում է, որ նրանց գործունեությանը պակասում է ստեղծագործական մոտեցումը:
«Քաջ լինելը բավական չէ: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիր դաշտը չի կարողանում դուրս գալ որևէ կոնկրետ շրջանակի սահմաններից, նրա շարքերը չեն ընդարձակվում, և ժողովուրդը նրանց հանդեպ հատուկ հետաքրքրություն չի ցուցաբերում: Հնարավոր է քաջության հետ մեկտեղ հարկավոր են նաև ուրի՞շ որակներ»:
«Հասարակության մեջ քաղաքական ներուժի բացակայության պատճառով ի հայտ չեն գալիս նոր քաղաքական ուժեր և հարթակներ»
Այս պահին ակադեմիական շրջանակներում լրջորեն քննարկվում է՝ հարկավո՞ր են արդյոք քաղաքական կուսակցությունները այն երկրներում, որտեղ ընտրություններ չկան: Ադրբեջանում նույնպես ընտրություններ չկան, իսկ այդ դեպքում նշանակություն ունի՞ կուսակցությունների գոյությունը:
Մամեդլին կարծում է, որ ունի: Որովհետև թեկուզ կուսակցությունները չեն կարող ընտրությունների միջոցով ազդել հասարակության վրա, բայց ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածներում նրանք պետք է ներկայացնեն առաջադեմ արժեքներ, առաջնորդեն հասարակության որոշակի հատվածին, լինեն նրա ձայնը, ում չեն լսում:
«Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, բախվել են մարգինալացման խնդրին: Քաղաքականությունը ինքնըստինքյան դառնում է տգեղ, և դրա պատասխանատվությունը իշխող ուժերի վրա է»:
Փորձագետի կարծիքով՝ տարածության նեղացումը, որում գոյություն ունեն ընդդիմադիր կուսակցությունները, նույնպես հանգեցնում է նրանց մարգինալացման: Արդյունքում բնակչության մի մասի մոտ ձևավորվում է անվստահություն այդ կուսակցությունների նկատմամբ: Այդ դեպքում կորսվում է նաև ժողովրդավարությունը կուսակցության ներսում:
«Այսօր Ադրբեջանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ կուսակցությունները չկարողացան հասնել իշխանության փոփոխության ընտրությունների ճանապարհով:
«Մուսավաթ» կուսակցությունը, որը հիմնադրվել է անցյալ դարի սկզբին, իսկ այս դարի վերջին վերականգնվել է, և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որը ստեղծվել է անկախության առաջին տարիներին, դեռևս մնում են առաջատար քաղաքական կազմակերպություններ»:
Մամեդլին գտնում է, որ հասարակության մեջ քաղաքական ներուժի բացակայության պատճառով ի հայտ չեն գալիս նոր քաղաքական ուժեր և հարթակներ:
«Շոշափելով այս թեման՝ մենք պետք է հարցը այսպես դնենք. ինչո՞ւ ադրբեջանական կուսակցություններում նոր դեմքեր չեն հայտնվում, և միևնույն մարդը ղեկավարում է կուսակցությունը 30 տարի: Իսկ դա կապված է այժմ երկրում ստեղծված բարդ քաղաքական միջավայրի հետ»:
«Եթե նորմալ միջավայր լինի, ապա հաջորդ ընտրություններին մենք ականատես կլինենք նոր քաղաքական ուժերի»
Փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը չի մասնակցել, բայց մասնակցել են «Մուսավաթ» և «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունները, ինչպես նաև շատ անկախ թեկնածուներ:
«Նշանակում է՝ եթե նորմալ միջավայր լինի, ապա հաջորդ ընտրություններին մենք ականատես կլինենք նոր քաղաքական ուժերի և այևս չենք վիճի, թե ինչու այս կուսակցության ղեկավարը 30 տարի չի փոխվում»:
Մամեդլին հատուկ շեշտադրում է այն, որ եթե կուսակցության անդամներից ինչ-որ մեկը առաջադրում է իր թեկնածությունը կուսակցության նախագահության համար, դա շրջվում է նրա դեմ, և այդ մարդու վրա անմիջապես սկսվում են հարձակումները:
«Ժողովրդավարության համար պայքարողների շրջանում դա անթույլատրելի է»:
«YAP-ը չի գերիշխում քաղաքական ասպարեզում»
Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության կրթության կենտրոնը Ադրբեջանում գործում է 18 տարի և այդ ընթացքում հետևել է բոլոր ընտրություններին և պատրաստել հաշվետվություններ դրանց վերաբերյալ:
Խոսելով կուսակցությունների ընտրական ռազմավարությունների մասին՝ փորձագետը հայտնում է, որ անցած տարիների համեմատ կուսակցությունները մի տեսակ վհատվել են և ընտրությունների նկատմամբ նախկին ոգևորությունը չեն ցուցաբերում:
Նույնիսկ իշխող YAP կուսակցությունը, որը ժամանակին կազմակերպում էր լուրջ բանավեճեր և անցկացնում հետաքրքիր համագումարներ և հանդիպումներ, այժմ փաստացի այլևս չի գերիշխում քաղաքական ասպարեզում: Եվ ընդդիմադիր ճամբարում նույնպես նկատվում է նույնը:
«Ընտրողը այժմ նույնպես չի հետաքրքրվում ընտրություններով, և վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին: Ընդհանուր առմամբ ողջ երկրում ընտրողների ակտիվությունը 10-12 տոկոս կազմեց: Դա շատ լուրջ խնդիր է: Կուսակցությունները և քաղաքական ուժերը պետք է մտածեն, թե ինչպես ժողովրդին ներգրավեն ընտրություններին: Մարդկանց հետ պետք է աշխատել նաև ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, որպեսզի նրանք հասկական այդ գործընթացի նշանակությունը: Մարդկանց ներգրավելը ընտրություններին պետք է դառնա հիմնական ռազմավարությունը»:
«2003 թվականի նախագահական և 2005-ի խորհրդարանական ընտրություններին ժողովուրդը շատ ավելի պատրաստակամ էր գնում: Եվ, ասում են, որ 2003-ից հետո բնակչության սոցիալական բարեկեցությունը բարձրացավ: Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ մարդիկ այլևս չեն գնում ընտրությունների: Այս թեմայով հարկավոր է անցկացնել լուրջ սոցիալական հետազոտություններ»: