Ադրբեջանում մեկ մարդ է մահացել սիբիրյան խոցից
Մեկ մարդ է մահացել սիբիրախտից (սիբիրյան խոց) Ադրբեջանի կենտրոնական մասում գտնվող Սաբիրաբադի շրջանում։ Եվս մեկ վարակված հիվանդանոցում է։
• Ձևացնելով, որ դա մեր մասին չէ․ թմրամոլությունն Ադրբեջանում
• Ինչպե՞ս են ապրում ՄԻԱՎ վարակակիրները Վրաստանում
• Կույր երաժիշտներն ու նրանց բացառիկ նախագիծը Հայաստանում
Սա Ադրբեջանում երկար տարիների ընթացքում սիբիրախտից մահանալու առաջին դեպքն է։
Ի՞նչ է սիբիրախտը
Սիբիրախտն առանձնապես վտանգավոր վարակային հիվանդություն է։
Վարակի սպորները գտնվում են հողում։ Այդտեղից դրանք կարող են հայտնվել գյուղատնտեսական կենդանիների օրգանիզմում, իսկ նրանցից՝ փոխանցվել մարդուն։
Այդ պատճառով էլ ռիսկի խմբում են անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և մսի կոմբինատների աշխատակիցները, մսագործներն, անասնաբույժները։
Մարդուց մարդուն հիվանդությունը գրեթե երբեք չի փոխանցվում։
Ի՞նչ է տեղի ունեցել Սաբիրաբադում
Սաբիրաբադի կենտրոնական հիվանդանոց երկու մարդ է դիմել բարձր ջերմությունով, պատմում է Azertag-ը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ սիբիրախտ է, և հիվանդներին Բաքու են տեղափոխել։
Մի քանի օրից նրանցից մեկը՝ 60-ամյա տղամարդը, մահացել է։ Երկրորդին բուժում են։
Պարենային անվտանգության գործակալությունը Սաբիրաբադ է ուղարկել հատուկ խումբ, սակայն վարակի աղբյուրը գտնել դեռ չի հաջողվել։
2014թ-ից սկսած յուրաքանչյուր տարի Ադրբեջանում գրանցվում է սիբիրախտով վարակվելու շուրջ 10 դեպք։ Սակայն դեռ ոչ մի մահ չէր գրանցվել։
Ընդհանուր առմամբ, 2019թ-ի սկզբից Ադրբեջանում սիբիրախտով հիվանդացել է յոթ մարդ։
Մինչև 2014թ-ի վիճակագրությունը հայտնի չէ։
Ինչպե՞ս չհիվանդանալ
Ռիսկի խմբի մարդիկ պետք է պատվաստում անցնեն։
Մնացածները պետք է միս գնեն միայն հուսալի վայրերից և այն կիսահում չուտեն։