Ադրբեջանում մեկուկես անգամ կթանկանա մետրոյի և ավտոբուսների ուղևորավարձը
Օգոստոսի 1-ից Ադրբեջանի ավտոբուսների և մետրոյի ուղևորավարձը կբարձրանա մեկուկես անգամ. եթե նախկինում քաղաքում երթևեկելու համար քաղաքացիները վճարում էին 20 գյափիկ (11 ցենտ), ապա այժմ գինը բարձրացել է մինչև 30 գյափիկ (17 ցենտ): Քաղաքից արվարձան կամ ավանից ավան երթևեկելու համար պետք է վճարել 30-90 գյափիկ (17-50 ցենտ), իսկ քաղաքից քաղաք՝ 2,4 գյափիկ (1,4 ցենտ) մեկ կիլոմետրի համար:
Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, դա բացատրվում է նրանով, որ վերջին տարիներին աճել են ուղևորափոխադրումների հետ կապված ծախսերը՝ արատսահմանյան ավտոբուսների գնումից մինչև «սպասարկման մակարդակի կայուն բարձրացում»: Հաշվարկելով, թե որքան թանկ է այդ ամենն արժենում, տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, «Բաքվի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն, «BakuBus» ԲԲԸ-ն դիմել են Սակագնային խորհրդին սակագինը վերանայելու խնդրանքով: Դիմումն ընդունվել է:
Ավտոբուսի սակագները չէին փոխվել 2007թ-ից ի վեր, իսկ մետրոյինը՝ 2011թ-ից:
Սոցցանցերն այս նորությանն արձագանքեցին դժգոհության և հեգնանքի ալիքով.
«Մեր մետրո նստելն անհնար է: Տոթ, հին վագոններ… Ավտոբուսների մեծ մասն էլ պակաս վատը չէ: Եվ ինչի՞ համար են նրանք գները բարձրացնում: Ընդ որում, առանց հանրային քննարկման»:
«Մեզ տեղն է: Եթե այսպես շարունակվի, երթևեկությունը 1 մանաթ է արժենալու»:
«Եթե գինը էլի կրկնակի աճի, այս ժողովուրդը կլռի…»:
Իսկ որոշ մեկնաբանություններից ընդհանրապես չի հասկացվում՝ մարդը հեգնում է, թե լուրջ է խոսում.
«Լիովին կողմ եմ գների բարձրացմանը: Թող ընդհանրապես 50 գյափիկ դարձնեն: Փոխարենը տրանսպորտում հրմշտոց չի լինի, մարդիկ կդադարեն ավտոբուս կամ մետրո նստել ինչ-որ տարածություն անցնելու համար, որը հեշտությամբ կարելի է ոտքով անցնել 10 րոպեում: Ծայրամասային սրճարաններին էլ է դա օգտակար. տեղի անբանները կդադարեն քաղաք գալ, և կսկսեն այնտեղ ժամանակ անցկացնել»:
Ֆեյսբուքի շատ օգտատերեր առանց պայմանավորվելու միաժամանակ առաջարկել են ցույցի խաղաղ ակցիա անցկացնել՝ դադարել օգտվել մետրոյից և ավտոբուսներից, երբ դա հնարավոր է:
Սակագնային խորհուրդը նույնպես ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ բարձրացումից հետո անգամ Ադրբեջանի հասարակական տրանսպորտի ուղևորավարձերն ամենացածրը կլինեն տարածաշրջանի երկրների շրջանում:
Ի պատասխան ուղևորները նշում են, որ կոռեկտ չէ Բաքվի տրանսպորտի գները համեմատել, ասենք, Ռուսաստանի և Թուրքիայի գների հետ, քանի որ այդ երկրներում աշխատավարձերի միջին մակարդակն ավելի բարձր է, տրամադրվող ծառայություններինը՝ նույնպես, մասնավորապես, ավտոպարկն ավելի նոր է, օդորակիչներ կան բոլոր, այլ ոչ թե միայն որոշ ավտոբուսներում: