Ադրբեջանում «Մեդիայի մասին» օրենք է ընդունվել․ ի՞նչ է սա նշանակում։ Անկախ լրագրողների կարծիքները
Չնայած անկախ լրագրողների բոլոր բողոքներին՝ Ադրբեջանի խորհրդարանը երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Մեդիայի մասին» օրենքը։ Այս փաստաթուղթը փաստացի արգելում է անկախ լրատվամիջոցների գործունեությունը երկրում։ JAMnews-ը պարզել է անկախ լրագրողների կարծիքներն այն մասին, թե ինչպես են նրանք մտածում շարունակել գործունեությունն՝ «օրենքից դուրս» հայտնվելով։
Միլլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) «Մեդիայի մասին» օրենք է ընդունել։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու այն բանից հետո, երբ այն ստորագրի երկրի նախագահը։
Այս օրենքը փաստացի արգելում է բոլոր անկախ լրատվամիջոցների գործունեությունը երկրում։ Այսպես, փաստաթղթի հոդվածների համաձայն, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանում զանգվածային լրատվամիջոց են համարվելու միայն այն պարբերականները, որոնք գրանցված են MEDIA պետական գործակալությունում։ Այս լրատվամիջոցներն ու դրանց բոլոր աշխատակիցները կներառվեն «մեդիայի ռեեստրում»։
- «ԽՍՀՄ կեղծ կերպար»։ Ինչո՞ւ են Ռուսաստանում լուծարել «Մեմորիալ» հեղինակավոր կազմակերպությունը
- Քաղաքական ճգնաժամ և ռուսամետ տրամադրություններ։ Վրաստանյան իրավիճակն՝ ուկրաինացի լրագրողների հայացքով
- Կիսովի մեղք․ ինչո՞ւ պետք է Հայաստանն ու Ադրբեջանն ընդունեն իրենց սխալները
Այս ռեեստրում չներառված լրատվամիջոցներն ու դրանց աշխատակիցները, համապատասխանաբար, պաշտոնապես չեն համարվելու մեդիասուբյեկտներ և լրագրողներ։ Այլ կերպ ասած՝ դրանք «օրենքից դուրս» են լինելու։ Հարկ է նշել, որ լրագրողական հավաստագրերը նույնպես կենտրոնացված կերպով տրամադրվելու են նշված պետական գործակալության կողմից։
JAMnews-ը պարզել է անկախ լրագրողների կարծիքներն ընդունված օրենքի մասին և միայն մեկ հարց ուղղել նրանց․ «Ինչպե՞ս եք պլանավորում շարունակել ձեր գործունեությունն այս պայմաններում»։
Հուսեյն Իսմայիլբեյլի․
«Ընդունված օրենքը հակասում է խոսքի ազատության և տեղեկության ստացման մասին բոլոր կոնվենցիաներին։ Հուսով եմ՝ իրավական դաշտում կհաջողվի լուծել այս խնդիրը։ Բանը կարող է հասնել անգամ Եվրախորհրդից երկրի դուրս գալու սպառնալիքին, նման բան մեզ մոտ արդեն եղել է։ Բայց եթե, իհարկե, Եվրախորհուրդը ցանկանա։ Վերջին ժամանակներս ժողովրդավարություն հասկացությունը մի փոքր խեղաթյուրվել է, իսկ երբեմն էլ ժողովրդավարական ինստիտուտների գործողությունները կանխատեսելն անշնորհակալ գործ է դառնում։
Այսօր խորհրդարանում ընդունված փաստաթուղթը փաստացի մոնոպոլիզացնում է մեդիան իշխանության ձեռքում։ Սակայն մեր օրերում գործնականում նման բանն ապրիորի անհնար է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների նման զարգացման պարագայում լրատվամիջոցների նկատմամբ համատարած վերահսկողություն սահմանելու հնարավորության մասին խոսելը ծիծաղելի է։
Մի փաստ կա, որ շատ բան արժե․ իշխանությունն արգելափակել է Ադրբեջանի հանրահայտ անկախ կայքերից մեկը։ Այդ կայքը մինչ օրս անհասանելի է առանց VPN-ի կիրառման։ Սակայն, միաժամանակ, իշխանությունը դրա աշխատակիցներին հաճույքով հրավիրում է մամուլի ասուլիսներին, ազատագրված տարածքներ այցելելու։ Սա Ադրբեջանն է, այստեղ հեշտ չէ ինչ-որ բան կանխատեսել։ Կապրենք, կտեսնենք։
Իսկ մեր աշխատանքն, իհարկե, շարունակելու ենք։ Մեզ համար նման հարց չի կարող լինել»։
Այնուր Էլգյունեշ
«Այդ կանոնները, առանց այդ էլ, մեր նկատմամբ կիրառվում էին՝ շրջանցելով նախկինում գործող օրենքը։ Չէին հավատարմագրում, ասուլիսների մեզ չէին հրավիրում և այլն։ Ինչպես տարիներով աշխատել ենք, այդպես էլ աշխատելու ենք։
Ժամանակին մեզ ուշադրություն էլ չէին դարձնում, չէին պատասխանում հարցումներին։ Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված ենք լինելու նյութերը հրապարակել նշումով, որ պաշտոնական մարմիններից մեր հարցումներին չեն պատասխանել։
Ինչ էլ լինի, մենք մեր աշխատանքում որևէ բան չենք փոխելու իշխանության ցանկությամբ»։
Շահին Ռզաև․
«Չեմ հասկանում, թե իշխանությունների ինչին էր այս «դրակոնյան» օրենքը։ Նոր օրենքներ ընդունելը կամ հներում լրացումներ կատարելն արդիական է այն երկրների համար, որտեղ անգամ ավտորիտար ռեժիմների պարագայում քիչ թե շատ անկախ դատարաններ կան (օրինակ՝ Թուրքիայում)։ Իսկ Ադրբեջանում խոսք անգամ չի կարող լինել անկախ դատարանի մասին։
Եթե մեդիայի մասին հին օրենքում հեշտությամբ արգելափակվում էին կայքեր, փակվում էին թերթեր, ստահոդ առիթներով կարող էին լրագրողների կալանավորել, ինչո՞ւ են էլ ավելի խիստ օրենք ընդունում և այդպիսով իրենց վրա կենտրոնացնում ողջ աշխարհի ուշադրությունը։
Հատկապես վշտացնում է այն, որ այս օրենքն ընդունվել է Ղարաբաղում Ադրբեջանի հայազգի բոլոր քաղաքացիների իրավունքների պահպանման երաշխիքների մասին հայտարարություններին զուգահեռ։ Իրենց մայրենի լեզվով թերթ հրատարակելու համար նրանք այժմ պետք է տեղի իշխանության թույլտվությունը ստանան և հայտնվեն Բաքվի այսպես կոչված «ռեեստրում»։ Կարծում եմ՝ Ղարաբաղի հայերն ապագա բանակցություններում հիանալի հաղթաթուղթ են ստանում և պնդելու են, որ ինտեգրումն ադրբեջանական հասարակությանը նման օրենքներով անհնար է»։
Սևգի Իսմայիլբեյլի․
«Անկախ լրագրողների համար Ադրբեջանում միշտ խնդիրներ են ստեղծել։ Հին օրենքի ժամանակ լրագրողները նույնպես ձերբակալվում էին նկարահանումների ժամանակ, բռնության էին ենթարկվում։ Չնայած այս ամենին՝ մենք շարունակել ենք մեր աշխատանքը։
Ինչ է լինելու հիմա, դեռ չգիտենք։ Սակայն այս օրենքն իրավունքներից զրկում է ոչ միայն անկախ լրագրողներին, այլև հասարակությանը։
Երկրի սահմանադրությունն ապահովում է տեղեկություն ստանալու ազատությունը։ Պետական գրաքննությունը զանգվածային լրատվամիջոցներում արգելված է։ Մենք շարունակելու ենք լուսաբանել երկրում կատարվող իրադարձություններն անաչառ և անկողմնակալ»։