Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների 99%-ը պետականություն է պրոպագանդում, կարծում է նախագահի օգնականը
«Ադրբեջանական հասարակական կազմակերպությունների 99%-ը պետություն և պետականություն են պրոպագանդում», — հայտարարել է հասարակական, քաղաքական հարցերով նախագահի օգնական Ալի Հասանովն Ադրբեջանի նախագահին կից հասարակական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Նրա խոսքով՝ այդ ցուցանիշն «ուրախալի է»:
Հատկապես՝ այն հասարակական կազմակերպությունների ֆոնին, որոնք, ըստ պաշտոնյայի, «ընկնելով արտասահմանյան շրջանակների ազդեցության տակ, օգտագործվում էին Ադրբեջան պետության և պետականության դեմ»:
Տվյալ պահին տեղական հասարակական կազմակերպություններն արտասահմանյան դոնորներից ֆինանսավորում ստանալու պաշտոնական հնարավորություն գործնականում չունեն: Այսպիսի իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ 2014թ-ի դեկտեմբերին ադրբեջանական կառավարությունը փորձեց վերահսկողության տակ առնել հկ-ների կողմից արտասահմանյան գրանտերի ստացման գործընթացը:
Նոր կանոնների համաձայն՝ բոլոր արտասահմանյան գրանտերը պետք է գրանցվեին Ադրբեջանի ֆինանսների և արդարադատության նախարարություններում: Սա՝ առաջին հերթին: Երկրորդ հերթին՝ դոնորական ֆոնդերն ու կազմակերպությունները նույնպես պետք է գրանցվեին Ադրբեջանում: Այս վերահսկողության օգտին հնչող փաստարկներն այն էին, որ արտասահմանյան փողերի ծախսին չհետևելը նշանակում է երկիրը պոտենցիալ ռիսկի ենթարկել: Այս մասին մանրամասն կարելի է կարդալ JamNews-ի հոդվածում:
Արդյունքում՝ արտասահմանյան դոնորները երես թեքեցին Ադրբեջանից, իսկ հկ-ների մեծ մասը, որոնք գործում էին դոնորական փողերով, փակվեցին կամ նրանց գործունեությունը մեծապես սահմանափակվեց:
Հասարակական այդպիսի կազմակերպություններից մեկը «Հումանիտար հետազոտությունների հասարակական միավորումն է»: Դրա ղեկավարն իրավապաշտպան Ավազ Հասաոնվն է, որն ասում է, որ իր կազմակերպությունը փաստացի ավարտել է գործունեությունը 2014թ-ից հետո, թեև թղթի վրա շարունակում է գոյություն ունենալ:
«Ընդհանրապես, եթե մինչև 2014թ-ը երկրում մոտ 200 ակտիվ հկ կար, ապա դրանից հետո մնացել է ընդամնը 50-ը, դրանք էլ գրեթե դադարել են աշխատել: Այժմ հկ-ները փաստացի միջոց հայթայթելու միայն մեկ տարբերակ ունեն՝ գումար ստանալ կառավարությունից: Իսկ կառավարությունը, բնականաբար, կֆինանսավորի այն նախագծերը, որոնք հարկ կհամարի: Այնպես որ, Ալի Հասանովի նշած 99%-ն, իմ կարծիքով, համապատասխանում է իրականությանը»:
Իր ելույթում Ալի Հասանովը նշել է, որ վերջին 10 տարվա ընթացքում պետությունը 36 մլն մանաթ է ծախսել հկ-ների 4500 նախագծերի աջակցության վրա: Դա կազմում է մոտ 21մլն դոլար՝ տեղական փոխարժեքով:
Ըստ Հասանովի՝ այդ հատվածում հիմա զբաղված է մոտ 34 հազար մարդ:
Լրատվական գործակալությունները, կախված իրենց քաղաքական հայացքներից, տարբեր կերպ արձագանքեցին Հասանովի խոսքերին և մեկնաբանեցին դրանք: Եթե որոշները սահմանափակվեցին նրա ելույթը մեջբերելով, ապա, օրինակ,Сontact.az-ը կարծում է, որ իր հայտարարությամբ Ալի Հասանովը «խոստովանեց, որ երկրում գործող հասարակական կազմակերպություններն իշխանամետ են (GONGO)»: