Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստանին զենք մատակարարելու մասին․ եղե՞լ է, թե՞ ոչ
Սերբիայից Հայաստան զենքի հնարավոր մատակարարումը հայ–ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած կտրուկ սրացման օրերին պաշտոնական Բաքվի բողոքն է առաջացրել։ Սկանդալի մեջ ներգրավվել է Վրաստանն այն բանից հետո, երբ ադրբեջանական haqqin.az–ը հայտարարել է, որ զենքը մատակարարվել է իր տարածքով։
Վրաստանի ԱԳՆ–ն կտրականապես հերքել է տեղեկությունը, սակայն Վրաստանի ընդդիմությունը հարցեր ունի։
Տեղեկություններ Բաքվից
Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենքի մատակարարման վերաբերյալ Ադրբեջանը տեղեկությունների երկու տարբերակ ունի․ պաշտոնականն ու haqqin.az պոպուլյար պարբերականի տարածածը, որը շատերն իշխանամետ են համարում։
Պաշտոնական տեղեկություններ
Պաշտոնական մակարդակում Ադրբեջանը հարցեր ունի՝ ուղղված միայն Սերբիային, Վրաստանը չի հիշատակվում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում հաղորդվում է «արժանահավատ և ապացուցված տեղեկությունների մասին, որ Սերբիայից Հայաստան են հասցվել տարբեր տրամաչափի ականանետային արկեր և այլ զինամթերք»։
Սերբիայի գործերի հավատարմատար Դանիցա Վեինովիչը, որին ԱԳՆ են հրավիրել զրուցելու, ասել է, որ այդ առթիվ տեղեկություններ չունի, և խոստացել է պաշտոնական Բաքվի հարցերը փոխանցել Սերբիայի կառավարությանը։
Միաժամանակ սերբական Nova.rs պարբերականում հաստատում է հայտնվել, որ Հայաստանին զենք մատակարարվել է, թեև ոչ պաշտոնական մակարդակում։
«2020 թ–ին Հայաստանին զենք էր մատակարարում մասնավոր մի ընկերություն, պետական ընկերությունները դրան չէին մասնակցում։ Չեմ կարող ասել, թե ինչ ընկերության մասին է խոսքը։ Հայտնի է, որ այն մատակարարել է մեկ միլիոն եվրոյից պակաս գումարով հիմնականում հրացաններ և ատրճանակներ մայիսին և հունիսին», — Nova.rs–ին ասել է երկրի առևտրի, զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարար Ռասիմ Լյայիչը (այս նախարարությունն, ըստ սերբական օրենքների, մասնակցում է զենքի արտահանման թույլտվության գործընթացին)։
Լյայիչն ասել է, որ Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չի գործում, և նման դեպքում դժվար է մերժել գնորդին։
Նա հիշեցրել է նաև, որ զենքի արտահանման թույլտվություն է տրամադրվում, երբ ևս չորս պետական կառույցներ՝ արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները և ԲԻԱ հատուկ ծառայությունը, հաստատում են այն։
«Կարծում եմ, որ չենք կարող թույլ տալ, որ նման բան կրկնվի, պետք է անենք ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար», — ասել է Լյայիչը։
Ոչ Ադրբեջանի, ոչ Սերբիայի պաշտոնական որևէ հայտարարություններում չի հիշատակվել, որ զենքի մատակարարումն իրականացվել է Վրաստանի տարածքով։
Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի հրապարկած տեղեկությունը
Haqqin.az–ում հուլիսի 19–ին հրապարակված խմբագրականում ասվում է, որ Սերբիան Հայաստան է ուղարկել ականանետային տարբեր տրամաչափի զինամթերքի խոշոր խմբաքանակ 2020 թ–ի հուլիսի 12-16–ին ադրբեջանահայկական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների օրերին։
Հոդվածի հեղինակները հայտարարել են, որ Ադրբեջանի կառավարությունն անհերքելի տվյալներ ունի հենց Վրաստանի տարածքով զենքի մատակարարման մասին։
Ավելի ուշ պարբերականը երկրորդ հոդվածն էր հրապարակել, որում պատմել էր հստակ գործարարների մասին, որոնք զենք են մատակարարում, այդ թվում՝ հաղորդել էր, որ նրանց հետ համագործակցությունն արգելված է միջազգային պատժամիջոցներով։
Դրանում էլ հրապարակվել է զինվորական պահակախբի լուսանկար, որն իբր տեխնիկա է հասցնում Հայաստան, և, պարբերականի պնդմամբ, լուսանկարն արվել է Վրաստանում։
Տեղեկություններ Վրաստանից
Վրաստանի արտգործնախարարությունն ապատեղեկատվություն է անվանել haqqin.az–ի հաղորդագրությունները։ Մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ պարբերականը «հասարակություններին մոլորեցնում է և ռազմավարական գործընկեր երկրների հարաբերություններում արհեստական խնդիրներ է ստեղծում»։
Վրաստանի ԱԳՆ–ից ավելի մանրամասն տեղեկությունների հարցում է արել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում անկայունություն պահպանելն է։ Ռուսաստանը զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը կարող է նշանակել, որ Վրաստանի կառավարությունը չի կարողացել հրաժարվել Ռուսաստանից եկող հրահանգներից»։
Սամադաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն իրավունք չունի իր տարածքով ռազմական բեռների մատակարարում թույլ տալ հակամարտության ոչ մի կողմի՝ իր վրա երկրի վերցրած միջազգային պարտավորությունների համաձայն։
Պատասխանելով այս հարցին՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Գիա Վոլսկին բացառել է, որ Վրաստանի տարածքով ռազմական պահակախումբ տեղաշարժվի, որը զենք է տանում հակամարտող կողմերին։
«Մեր երկրի հետ սահմանի երկայնքով ռազմական գործողությունները Վրաստանի շահերից չեն բխում», — ասել է Վոլսկին և կոչ արել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին խուսափել լրացուցիչ սադրանքներից։
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսացության առաջնորդներից մեկը՝ Գիգի Բոկերիան, սակայն նույնպես կարծում է, որ ԱԳՆ-ի հայտարարությունը բավականաչափ լուրջ արձագանք չէր Վրաստանի կողմից․
«Եթե [ադրբեջանական մեդիայի] տեղեկությունները ճիշտ են, դա ոչ միայն քայլ է հարևան երկու երկրների դեմ, Ադրբեջանի դեմ, որը մեր ռազմավարական գործընկերն է։ Դա նաև քայլ է, որը սպառնում է Վրաստանի քաղաքացիների կյանքին։
Իսկ եթե դա սուտ է, արագ և հստակ արձագանք է անհրաժեշտ գործադիր իշխանության և հասարակության կողմից, որը կապացուցի, որ այդ հաղորդագրությունները սուտ են»։