Ադրբեջանում թատրոնը դատի է տվել մշակույթի նախարարությանը փողոցում ելույթ ունենալու իրավունքի համար
ADO մասնավոր թատրոնը դատի է տվել Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, պահանջելով պաշտոնական պատասխան տալ փողոցային ներկայացումների առթիվ։ Արդեն երկու տարի է՝ թատրոնը փորձում է դրա համար թույլտվություն ստանալ, սակայն դեռևս միայն բանավոր մերժում է ստացել՝ առանց պատճառների բացատրության։
• Անդերգրաունդ արվեստն Ադրբեջանում․ գրաքննություն՝ աջակցության դիմաց
• «Կույր երգչախումբ» Հայաստանում
• Ֆուետե՝ վրացական ձևով․ ֆոտոպատմություն երեք մասից
ADO «անպարկեշտ» թատրոնը
АDО-ն Ադրբեջանի սակավաթիվ մասնավոր թատրոններից մեկն է։ Դրա խաղացանկում հիմնականում «ոչ ֆորմալ», ծաղրաշարժ, էքսցենտրիկ ներկայացումներ են։ Երբեմն՝ էրոտիկայի տարրերով։ Ադրբեջանում АDО-ի ստեղծագործությունները շատերին տարօրինակ և անպարկեշտ են թվում։
Թատրոնը գործում է վեց տարի։ Այս ընթացքում զբոսաշրջության և մշակույթի նախարարության հետ դրա հարաբերությունները լարված են։ Անցյալ տարի, երբ ADO-ն տարածքի հետ խնդիրներ ուներ, նախարարությունն առաջարկել էր «նրան իր թևի տակ առնել» այն պայմանով, որ ներկայացումները գրաքննություն անցնեն։ Թատրոնը հրաժարվել էր։
«Պայքար փողոցի համար»
2019թ-ի սեպտեմբերի 26-ին ADO-ի գեղարվեստական ղեկավար Էլմին Բադալովը նախարարության ներկայացուցիչ Քյոնուլ Ջաֆարովայից վերջնական «ոչ» է լսել։ Միաժամանակ նա ոչ մի կերպ չի հիմնավորել իր մերժումն ու չի համաձայնել այն պաշտոնապես տրամադրել՝ գրավոր։
Դրանից մեկ օր անց Էլմին Բադալովը հանդիպել էր մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևին միջոցառումներից մեկի ժամանակ, և արտահայտել այն ամենն, ինչ կուտակվել է։
«Ես նախարարին խնդրեցի չեղարկել արգելքն ու, ընդհանրապես, հրաժարական տալ։ Ես թվարկեցի մեր մշակույթի բոլոր խնդիրները, բղավեցի դրանց մասին նրա հետևից, մինչ նա դուրս էր գալիս դահլիճից։ Եվ անելու եմ դա բոլոր միջոցառումներին, մինչև արգելքը չչեղարկեն», — գրել է Բադալովը ֆեյսբուքյան իր էջում։
Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, JAMnews-ին պատմել է թատրոնի փաստաբան Սամիրա Աղաևան․
«Մենք դատարան ենք դիմել, պահանջելով պաշտոնական և հիմնավորված պատասխան տալ՝ քաղաքացիների բողոքների դիտարկման մասին օրենքի համաձայն։ Այսինքն՝ մենք ուզում ենք, որ թատրոնին գրավոր բացատրեն, թե ինչու են մերժում։ Եթե պատասխանը մեզ չբավարարի, հայցեր կներկայացնենք ավելի բարձր ատյաններ՝ ընդհուպ մինչև Գերագույն դատարան։ Եթե դա էլ արդյունք չտա, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այդ ժամանակ արդեն հայցը կվերաբերի ինքնաարտահայտման ազատության իրավունքի խախտմանը»։
ADO-ն նաև պատասխանի է սպասում գործադիր իշխանությունից։
Բաքվում փողոցային ներկայացումներ գործնականում չեն անցկացվում՝ բացառությամբ պաշտոնական մակարդակով կազմակերպվածների։