Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել
Նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին անսպասելիորեն հրաման է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Դրանից առաջ, Ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի երրորդ չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին:(
Նախագահն արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու իրավասություն է ստացել 2016թ-ի սեպտեմբերի 26-ի հանրաքվեից հետո:
Հրամանի տեքստում ընտրույթունների օրվա փոփոխության պատճառը նշված չէ: Նախորդ տարվա վերջին ԸՕ-ում փոփոխություններ էին արվել արտահերթ նախագահական ընտրույթունները քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 60 օր առաջ նշանակելու մասին:
Հրամանի տեքստում այդ որոշման պատճառը նշված չէ: Սոցցանցերում տարբեր վարկածներ են հայտնվել, որոնք փորձում են բացատրել նախագահի անսպասելի որոշումը:
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն 3 հնարավոր վարկած առաջ քաշեց.
- նախագահը վախենում է մինչև աշուն Ադրբեջանում իրավիճակի հնարավոր ապակայունացումից, այդ պատճառով էլ որոշել է կանխել այն,
- նախագահը ցանկանում է ընդդիմությանը զրկել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հարյուրամյակը պրոպագանդիստական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, որը նշվելու է մայիսի 28-ին։
Ալիևը որոշել է համապատասխանեցնել իր ընտրությունների ժամկետը Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ընտրությունների ժամկետներին Ադրբեջանում նախընտրական արշավին արտաքին ուժերի միջամտությունը հնարավորինս կանխելու համար: Նա, ըստ Շահինօղլուի, կարծում է, որ մարտ-ապրիլին այդ երկրները զբաղված կլինեն սեփական ընտրություններով:
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին ևս մի քանի տարբերակ է նշում:
- Տեխնիկական պատճառ: Նախագահի կառավարման ժամկետը 5-ից 7 տարի դարձնելով՝ հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է գրեթե համընկնեն՝ 2025թ-ի աշուն: Այդ պատճառով էլ որոշում է կայացվել տարանջատել այդ երկու տարբեր գործընթացները:
- Արևմուտքը զբաղված է լինելու Ռուսաստանում կայացած ընտրությունների գնահատմամբ, որոնք նշանակված են մարտի 18-ին: Եվ այդ ֆոնին Ադրբեջանի նախագահի ընտրություններին հնարավոր խախտումներին այդքան մեծ ուշադրություն չի դարձվի, որքան սովորաբար:
- Ընտրությունների օրվա փոփոխությունը, հնարավոր է, կապված է ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին շուտափույթ ազատ արձակելու անհրաժեշտության հետ, որին իշխանությունները չեն ցանկանում կայանալիք ընտրություններին տեսնել որպես իրենց մրցակից: Հիմա Մամեդովն իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրելու, սակայն ազատ արձակվելուց հետո նա, ըստ Ջաֆարլիի, արդեն այդպիսի իրավունք կունենա:
Ֆեյսբուքի օգտատերերը հնարավոր վարկածներից նշում են ևս երկուսը.
- սպասվում է կոմունալ վարձերի գների հերթական բարձրացում, և նախագահն ուզում է այդ ոչ պոպուլյար քայլն անել ընտրություններից հետո,
- ինչ-որ ոչ շահեկան որոշում է սպասվում ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցություններին:
Հավանաբար, նախագահի այս որոշումը նախապես մտածված է եղել, քանի որ նախորդ շաբաթ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, չսպասելով կուսակցության համագումարին, հայտարարեց կայանալիք նախագահական ընտրություններին Իլհամ Ալիևի թեկնածության առաջադրման մասին:
Նախընտրական արշավը պաշտոնապես կսկսվի մարտի 19-ին՝ ընտրույթունների օրվանից երեք շաբաթ առաջ: