Ադրբեջանում ավարտվում է մարդահամարը, սակայն շատերին այն շրջանցել է
Ադրբեջանում մարդահամար է անցկացվում։ Այն ավարտվում է արդեն վաղը, սակայն, դատելով սոցցանցերում անցկացված հարցումներից, մեծ մասի մոտ գրանցողներ չեն եկել։
• Վրացիներն Ադրբեջանում․ ինքնատիպության և օտարացման միջև
• Երկար սպասված երեխա, որին ծննդաբերել ես ոչ քեզ համար։ Փոխնակ մայրությունը Հայաստանում
Ադրբեջանում մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ։ Ներկայիս մարդահամարը երկրի անկախացումից ի վեր երրորդն է։ Այն մեկնարկել է 2019թ-ի հոկտեմբերի 1-ին։
Դրա համար բյուջեից ավելի քան 21 մլն մանաթ [ավելի քան 12 մլն դոլար] է հատկացվել։ Նախապատրաստվել է 52 հարց, որոնք վերաբերում են տարիքին, կրթությանն, ազգությանն ու շատ այլ բաների։ Գտնվել է գրեթե 34 հազար կամավոր, որպեսզի այցելեն Ադրբեջանում բոլորի տները, բնակիչների շրջանում հարցում անեն և գրանցեն տվյալները։
Մարդահամարը պետք է տևեր մինչև հոկտեմբերի 10-ը։ Սակայն հետո վերջնաժամկետը տեղափոխվել է հոկտեմբերի 15։
Սակայն Բաքվի շատ բնակիչեր ասում են, որ այդ ողջ ընթացքում ոչ ոք իրենց չի այցելել, չի զանգահարել և ոչ մի հարց չի տվել։
80 տոկոսին «չեն հաշվել»
Սոցցանցերում անցկացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 80%-ը մարդահամարից դուրս է մնացել։ Իսկ շրջաններում շատերը չեն էլ իմացել, որ այն անցկացվում է։
Այդպիսի «չհաշվվածներից» մեկն էր տնտեսագետ Թորգուլ Մաշալին։ Այն բանից հետո, երբ նա այդ մասին գրառում է արել Ֆեյսբուքում և «թեգել» Վիճակագրության պետական կոմիտեին, նրան այցելել են մարդահամար իրականացնողները։
«Բանն այն չէ, որ հենց ինձ այցելեն։ Նախևառաջ, դա վստահության հարց է։ Ես, ինչպես նաև մյուս տնտեսագետները, գրեթե ամեն օր օգտվում եմ Կոմիտեի կայքից։ Սակայն ստացվում է, որ նրանք կարող են լկտիաբար ստել, և նրանց տվյալներին չի կարելի վստահել։ Եվ, ընդհանրապես, հենց այսպիսի մարդահամարի պատճառով է, որ մեզ մոտ և սոցիալական քաղաքականությունը, և զբաղվածության քաղաքականությունը սխալ է վարվում, քանի որ մենք իրական տվյալների չենք տիրապետում», — գրում է Մաշալին։
Մյուս՝ այդ հարցում պակաս սկզբունքային քաղաքացիներ պարզապես փաստն են արձանագրում և վիճում, թե անհրաժեշտ է արդյոք մարդահամարը․
«Մեր մուտքում կպցրել են [հայտարարություն], որ մեզ հաշվելու են, սակայն ոչ ոք չի եկել, չի զանգահարել»;
«Իրավական պետությունում վերահսկող մարմինը հետաքննություն կանցկացներ, թե ինչի վրա են ծախսվել բյուջետային փողերը։ Սակայն մեզ մոտ այնքան բարձիթողի վիճակ է, որ այդ մասին խոսելը միայն նյարդեր փչացնել է նշանակում»;
«Ես վերջերս տեսել եմ, թե ինչպես է հարցում անողը պարզապես եկել կառուցապատող ընկերության գրասենյակ, վերցրել նրա կառուցած շենքի բնակարանների տերերի ցանկը։ Նա ասել է, որ հետո իրենք արդեն կլրացնեն ընտանիքի անդամներին, գործունեության տեսակն ու տարիքը»;
«Այս ամենը դատարկ խոսակցություններ են։ Պարզապես կհաստատեն, որ բնակչության թիվը 10 մլն է, ինչպես հայտարարում է նախագահը։ Եվ վերջ»
Պատմում են նրանք, ում «հաշվել են»
Իսկ նրանք, ում այցելել են հարցում անողները, կիսվում են տպավորություններով։ Եվ դրանք շատ տարբեր են․
«Մեզ մոտ երկու տղամարդ էր եկել, հարցրին մեր անուններն ու ծննդյան ամսաթվերն ու հեռացան։ Ուրիշ ոչ մի հարց չտվին»;
«Իսկ մեր տուն երկու անգամ են եկել, գրանցել ընտանիքի բոլոր անդամներին՝ ներառյալ քրոջս, որն արդեն այլ երկրի քաղաքացի է»;
«Իսկ ես ընդհանրապես նրանց առջև դուռը չեմ բացել։ Հավես չունեի նրանց հետ շփվելու»։
Մի խոսքով, և նրանք, ում գրանցել են, և նրանք, ում մասին մոռացել են, համակարծիք են, որ մարդահամարն անփութորեն է անցկացվում։
Մարդահամարի պաշտոնական արդյունքները կամփոփվեն միայն 2022թ-ին։