Ադրբեջանում 17-ամյա աղջիկ է առևանգվել․ ոստիկանության և ընտանիքի պնդումները հակասական են
Ամուսնության նպատակով հերթական աղջիկն է առևանգվել Ադրբեջանում։ Այս անգամ ամեն ինչ բավականին խճճված է․ ոստիկանությունը հայտարարել է, որ աղջիկն ինքնակամ է հեռացել տնից, առևանգվածի ընտանքը պնդում է, որ նա չէր պատրաստվում ամուսնանալ և ուզում էր բուհ ընդունվել։ Ֆեմինիստները բողոքի ակցիաներով են սպառնում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով շրջաններ մեկնելն անհնար է։
Ադրբեջանի Բարդայի շրջանում 17–ամյա աղջիկ է առևանգվել։ Սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ առևանգողը դրանից առաջ հասցրել է երկու անգամ ամուսնանալ և բաժանվել, նախկին կինը նույնպես առևանգվել է 17-ամյա տարիքում։
• «Հայաստանի շրջանները կզարգանան, եթե մեզ նման մարդիկ չլքեն դրանք»
Ըստ առևանգված աղջկա հոր՝ ինքը խոսել է առևանգողի նախկին կնոջ հետ․ վերջինս պնդում է, որ իրեն քնեցրել են դեղորայքի միջոցով։ Տղամարդն անհանգստանում է դստեր ճակատագրի համար, որը պատրաստվում էր հաջորդ տարի ուսանող դառնալ։
Ոստիկանության հայտարարությունից հետևում է, որ այս պատմությունն առաջին ամիսը չէ, որ շարունակվում է։
«Մարտի 29–ին աղջկա հայրը՝ Է․Ն․–ն, իրավապահ մարմիններին է դիմել դստեր առևանգման հաղորդմամբ։ Հետաքննություն է սկսվել։ Քննության ընթացքում պարզվել է, որ աղջիկն ինքնակամ հեռացել է Նուրլան անունով տղամարդու հետ, իսկ պատճառը ընտանիքի կողմից այլ մարդու հետ ամուսնանալու հարկադրանքն է եղել»։
Ֆեմինիստները, որոնք վերջին օրերին ակտիվորեն քննարկում են այս լուրը, հիշեցնում են, որ աղջիկն ընդամենը 17 տարեկան է, և, ըստ Ադրբեջանի օրենքների, նա չի կարող ամուսնանալ առանց գործադիր մարմինների համապատասխան թույլտվության։ Ադրբեջանում օրենքները թույլ են տալիս ընտանիք կազմել միայն 18 տարեկանից սկսած։
«Աղջկա ընտանիքը ժամանակին մերժել է ամուսնության մասին տղայի առաջարկը՝ փաստարկելով, որ աղջիկը դեռ պետք է սովորի։ Այստեղ ինչ–որ բան ակնհայտ այնպես չէ։ Ընտանիքը չի կարող դստեր հետ խոսել արդեն հինգ ամիս։ Աղջկանից ոչ մի լուր չկա, եթե անգամ նա ինքնակամ է հեռացել, այդ մասին նա պետք է անձամբ ասի», — Ֆեյսբուքում գրում է հայտնի ադրբեջանցի ֆեմինիստ Նարմին Շահմարզադեն։
Գործի անկախ հետաքննությունը բարդանում է նրանով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Բաքվից շրջաններ մեկնել չի կարելի։ Չնայած դրան՝ որոշ ֆեմինիստներ սպառնում են Բարդայի շրջան մեկնելու հնարավորություններ գտնել և այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել կանանց իրավունքների խախտման դեմ։
Սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են լուրը։ Մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Կարծում եմ, արձագանքը մի փոքր ուշացել է։ Երբ բոլորն ուզում էին, որ սեռական կապի համար պատասխանատվության տարիքը ներկայիս 16–ից հասցվի 18, բոլորը լռում էին և պնդում, որ Եվրոպայում այդ տարիքը 14 է»։
«Եվ կրկին շնորհակալություն հորը, որը պայքարում է իր դստեր համար։ Շատերը երես են թեքում իրենց աղջիկներից, երբ նրանց առևանգում են»։
«Սա հանցագործություն է, և պետք է պատժել բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ ոստիկաններին, որոնք պաշտպանում են առևանգողին»։

This project is funded through the Democracy Commission Small Grants Program, U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.