«Ադրբեջանի հետ տարածքային փոխանակում չի լինելու»․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն իրանական «Tasnim» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում մի շարք կարևոր հայտարարություններ է արել ճանապարհների ապաարգելափակման և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ Ադրբեջանին և Թուրքիային «միջանցքներ» տրամադրել, որոնք չեն վերահսկվելու Հայաստանի կողմից։ Այդպիսի կետ չկա Արցախում հրադադարի հաստատման մասին 2020 թ-ի աշնանը ստորագրված եռակողմ հայտարարությունում, այս թեմայով բանակցություններ չեն եղել նաև դրանից հետո։
Սակայն Հայաստանի իշխանությունը համաձայն է տարածաշրջանային ճանապարհների ապաարգելափակման հայեցակարգին, որը ենթադրվում է Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ ստորագրված փաստաթղթով։
ԱԽ քարտուղարը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը չի դիտարկում իր ինքնիշխան տարածքի փոխանակման հնարավորություն Ադրբեջանի որևէ տարածքի հետ։ Այս հնարավորության մասին շշուկները համառորեն տարածվել են Հայաստանում և, ինչպես նշել է իրանցի լրագրողը, անհանգստություն են առաջացրել նաև Իրանում։
Արմեն Գրիգորյանի հարցազրույցի գլխավոր թեզերն ու մեջբերումները, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին և Իրանի հետ համագործակցությանը։
- Հայաստան-Իրան-Ադրբեջան․ տրանսպորտային միջանցքների «պատերազմ»։ Հայացք Երևանից
- Հայաստանը բացել է իր օդային տարածքն Ադրբեջանի համա՞ր։ Կարծիքներ Բաքվից և Երևանից
- «Թեհրանն ուշադիր հետևում է»։ Ի՞նչ է լինելու Իրան-Հայաստան բեռնափոխադրումների հետ
Փաշինյանի կառավարության ուղղվածության մասին
Այն հարցին, թե արդյոք Փաշինյանի կառավարությունն արևմտամետ է, արդյոք դա կարող է Իրանի հետ լարվածության առիթ դառնալ, Հայաստանի ԱԽ քարտուղարը պատասխանել է․
«Մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը: Այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ: Նաև դա է պատճառը, որ 2018թ-ից սկսած, մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, անվտանգային, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում»։
Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը: Ակնկալվում են ավելի ինտենսիվ քննարկումներ ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն՝ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունը:
Վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև երկու հանդիպումների ընթացքում քննարկվել է աշխատանքային խմբերի ստեղծումը, որպեսզի էլ ավելի ինտենսիվ աշխատանք տարվի տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:
Ճանապարհների ապաարգելափակման և «միջանցքների» մասին
Ի պատասխան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ փաստաթղթի՝ տարածաշրջանում ճանապարհների բացման մասին կետի տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ Իրանի անհանգստությանը՝ Արմեն Գրիգորյանն ասել է․
«Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանը՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի [Արցախում հրադադարի մասին], այնպես էլ հունվարի 11-ի [ճանապարհների՝ նախորդ փաստաթղթով նախատեսված ապաարգելափակման մասին կետի իրականացման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծման մասին] համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան՝ Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա:
Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: […] Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհները, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ»։
ԱԽ քարտուղարն ընդգծել է նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանն այս հարցում միասնական մոտեցում ունեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, թե միջանցք է բացվելու՝ լինի դա բանակցությունների, թե ուժի միջոցով, Գրիգորյանը հայտարարել է, որ դրանք արվում են բանակցություններից դուրս և որևէ կերպ չեն նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին․
«Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս»։
Տարածքային փոխանակման մասին ասեկոսեների վերաբերյալ
Իրանցի լրագրողը հիշեցրել է, որ տարածաշրջանում սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գիծ է, և հետաքրքրվել է, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն շշուկները, որ Հայաստանի հարավը՝ Սյունիքը, կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա:
Ընդ որում, նա հայտարարել է, որ Իրանի հարևանների միջև այս կուլիսային բանակցությունների մասին համառ ասեկոսեներն անհանգստություն են առաջացնում ինչպես Իրանի հասարակության, այնպես էլ իշխանության շրջանում։
Արմեն Գրիգորյանը հավաստիացրել է, որ դրանք կեղծ շշուկներ են․
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը երբե՛ք, կրկնում եմ, երբե՛ք որևիցե բանակցություն չի վարել Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: […] Միջանցքի թեման փորձում են փոխկապակցել Լաչինի միջանցքի հետ: Ի դեպ, այդ բանակցությունները միշտ հրապարակային են եղել և բոլորը գիտեին, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Եվ երբ որ Ադրբեջանը սկսում է խոսել Հայաստանում այդպիսի միջանցք ունենալու տարբերակի մասին, դա ամբողջովին խախտում է Լաչինի միջանցքի տրամաբանությունը: Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մաս և, փոխկապակցելով Նախիջևանի միջանցքին, նա կարծես թե փորձում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս»։
ԱԽ քարտուղարը նշել է, թե ինչպես է հայկական կողմը տեսնում տարածաշրջանի ապաարգելափակումը նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների համատեքստում․
- Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքն ասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապվելու համար,
- Ադրբեջանն էլ հնարավորություն է ստանալու օգտվելու Հայաստանի ճանապարհներից և կապվելու Նախիջևանի հետ:
«Այս ենթակառուցվածքների ապաշրջափակման լայն կոնտեքստում ավելի կարևոր մի ուղղություն կա: Երևանը, հնարավոր է, երկաթգծի ենթակառուցվածքների միջոցով Նախիջևանով հասնի Ջուլֆա (Իրան), իսկ այնտեղից մինչև Պարսից ծոց և Չաբահար նավահանգիստ. բոլոր ենթակառուցվածքները բացվում են մեզ համար: Իրանն էլ հնարավորություն է ստանում կապվել Երևանի, Թբիլիսիի հետ, ինչպես նաև արտահանել ապրանքներ և ծառայություններ դեպի Եվրոպա»։
Իրանցի վարորդների և «Հյուսիս-Հարավ» մայրուղու խնդիրների մասին
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ իրանցի վարորդները խնդիրների են բախվում հայկական Գորիս և Կապան քաղաքները կապող ճանապարհի հատվածներից մեկում։ Ադրբեջանը ոստիկանական և մաքսային անցակետեր է տեղադրել մայրուղու այդ հատվածում, որն անցել է նրա վերահսկողության տակ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, և մաքսատուրք է պահանջում «Ադրբեջանի սահմանը հատելու համար»։
Սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ոստիկանները կալանավորել են երկու իրանցի վարորդի՝ «Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու» պատրվակով։ Նրանց ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ չի հաղորդվում։
Մաքսային անցակետերն, ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության, հայտնվել են այն առնչությամբ, թե «բազմաթիվ փաստեր են արձանագրվել, որ իրանական բեռնատարները մեկնում են Ղարաբաղի այն հատված, որը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է»։
Քանի որ Հայաստանի ապրանքաշրջանառության 40%-ն իրականացվում է Իրանի տարածքով, շտապ սկսվել է այլընտրանքային ճանապարհների կառուցումը։ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ դրանցից մեկը պատրաստ է լինելու մինչև տարեվերջ։ Սակայն կա ուրիշ ավելի կարևոր նախագիծ, որն արդեն հաստատել է երկրի կառավարությունը՝ ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզից մինչև Իրան։
Խոսքը գնում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու հարավային հատվածի մասին, որի շինարարությունը Հայաստանը դարձնելու է տարանցիկ երկիր։ Հյուսիսից ճանապարհը Հայաստանը կկապի Վրաստանի հետ և կապահովի ելքը դեպի Սև ծով և եվրոպական երկրներ, հարավից՝ Իրանի հետ։
Մայրուղու մի հատվածն արդեն կառուցված է։ Եվրամիությունը հայտարարել է, որ դրա հարավային՝ ամենաբարդ հատվածի շինարարության համար կտրամադրի 600 մլն եվրո։
«Այս ծրագիրը 1մլրդ դոլարից ավելի արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք: Եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա մենք կարծում ենք, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը», — ասել է Արմեն Գրիգորյանը։