Պակիստանի մայրաքաղաքում կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 13-րդ գագաթնաժողովը, որի արդյունքներով Իսլամաբադի հռչակագիրն է ընդունվել: Փաստաթղթում մասնակիցներն անհանգստություն են հայտնել, որ ECO-ի տարածքում չլուծված հակամարտությունները խանգարում են տարածաշրջանի զարգացմանը: Փաստաթղթում կետ կա նաև, որտեղ ասվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու դրա ողջ ներուժի իրացմանը, տարածաշրջանային և ավելի լայն ձևաչափով համագործակցությանը:
Ղրղըզստանը հրաժարվել է միանալ այդ կետին՝ այն «քաղաքականացված» անվանելով:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը Тrend տեղեկատվական գործակալությանն ասել է, որ իր համար «Ղրղըզստանի դիրքորոշումը բացարձակ անհասկանալի է: Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է նա ջուր լցնում»:
Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը նույնպես ափսոսանք է հայտնել Ղրղըզստանի դիրքորոշման վերաբերյալ: Նրա խոսքով՝ որոշման նախագծում Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշումն էր:
«Մասնակից երկրները քվեարկեցին այդ հարցի վերաբերյալ: Ցավոք, Ղրղըզստանը չմիացավ բանաձևին՝ մեկնաբանելով, թե հարցը քաղաքական է: Դա մեզ զարմացրեց: Ղրղըզստանի նման քայլն անհասկանալի է: Մենք միշտ համագործակցել ենք և համագործակցելու ենք այդ երկրի հետ: Այդ բանաձևում ոչ մի անսովոր բան չկար, դրանում արտացոլված էին ՄԱԿ սկզբունքները», — ասել է Մամեդովն ԱՊԱ գործակալությանը:
Իսլամաբադի հռչակագրի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ: Հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ կետ 20-ում:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1985թ-ին Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից:
1992թ-ից կազմակերպության գործունեությունը զգալիորեն ակտիվացել է 7 պետության՝ Ղազախստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կամավոր անդամակցման կապակցությամբ: