Ադրբեջանի գազը Եվրոպա կուղարկվի 2020թ-ին․ գազատարը կառուցվել է
Տրանսանատոլիական TANAP գազատարը պատրաստ է բնական գազ տեղափոխել Կասպից ծովի ադրբեջանական հատվածից դեպի Թուրքիայի արևմտյան ափեր։ Նախագիծը 7 մլրդ դոլար է արժեցել, թեև պլանավորվում էր ծախսել 11.7 մլրդ։
• Ե՞րբ է ավարտվելու ադրբեջանական նավթը
• Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային տրանսմագիստրալ․ ի՞նչ կստանան և ի՞նչ կկորցնեն Վրաստանն ու Ադրբեջանը
Տնտեսագետ Իլհամ Շաբանը՝ caspianbarrel.org պարբերականի խմբագիրը, ծախսերի նվազումը բացատրում է մետաղի և սերվիսային պայմանագրերի ծառայությունների համաշխարհային գների անկմամբ, ինչպես նաև որոշակի հաջողակությամբ։
«TANAP-ը պատմության մեջ է մտել որպես Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ամենաերկար գազատար՝ ամենալայն տրամագծով», — ասված է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության մամուլի հաղորդագրությունում։
«Հարավային գազային միջանցք» նախագիծը երեք մասից է բաղկացած․ Հարավկովկասյան գազատարից՝ Կասպից ծովի ադրբեջանական ջրերի Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի տարածքով, TANAP-ից՝ ողջ Թուրքիայի տարածքով դեպի Հունաստան; ТАР-ից՝ Հունաստանի տարածքով դեպի Իտալիա։
TANAP-ը Կասպից ծովի հանքավայրերից ադրբեջանական գազը դեպի Թուրքիա և Եվրոպա տեղափոխման «Հարավային գազային միջանցք» նախագծի մի մասն է։ Հիմքը դրվել էր Կարսում 2015թ-ին։ Տարեկան մոտ 6 միլիարդ կուբամետր գազ է Թուրքիա արտահանվելու, 10 մլրդ կուբամետր՝ Եվրոպա, ուր գազը կսկսի տեղափոխվել 2020թ-ի սկզբին։
TANAP-ի բաժնետերերը․
30%՝ թուրքական Botaş ընկերություն;
58%՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերություն;
12%՝ British Petroleum.
Ադրբեջանական գազը TANAP գազատարով Թուրքիա է հասնում 2018թ-ի ամռանից։