Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաստեղծությամբ է պատասխանել Հայաստանի վարչապետին
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Դիվանագիտական գերատեսչությունն իր պրակտիկայում առաջին անգամ է «պոեզիայի լեզվով» արտահայտվել, ինչը սոցցանցերում քննարկման առիթ է դարձել։
Ադրբեջանի մամուլի ծառայության վարչությունն իր մեկնաբանությունում նշել է, որ ապրիլի 14-ին Հայաստանի խորհրդարանում ելույթ ունենալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փորձել է ուշադրություն գրավել հերթական ցնդաբանություններով»։
«Ն․ Փաշինյանի ոչ մի արտահայտություն բովանդակային մեկնաբնության արժանի չէ։
Ծանր պարտությունից եզրակացություն չարած վարչապետ Փաշինյանին ցանկանում ենք միայն պատասխանել պոեզիայի լեզվով, որին նա դիմել է։ Ինչպես ասել է Հուսեյն Ջավիդը․
«Իսկ թե մեկն անարժան,
Փորձի Հայրենիքից մեր մի կտոր պոկել,
Իմացիր, որ երկար չի տևի
նրան ծնկի բերելը»,- ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մեկնաբանությունում։
- ԱՄՆ Պետդեպ․ Վրաստանի կուսակցությունները սեփական շահերը երկրի շահերից ավելի վեր են դասում
- Հարցում Բաքվում․ արդյո՞ք պետք է դիմակ կրել փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնաբանություններ
ԱԳՆ հայտարարությունը քննարկումների առարկա է դարձել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Շատերը նշել են ոչ թե մեկնաբանության բովանդակությունն, այլ նախորդ դարասկզբի ադրբեջանցի հայտնի պոետի խոսքերի օգտագործումը։
«Ահա, թե ինչ է կատարվում, երբ կրթության նախարարին արտգործնախարար են նշանակում»։
«Էրդողանի ճամփան են բռնել։ Նա նույնպես պոեզիայի մեծ սիրահար է»։
«Այժմ սպասում ենք հայկական կողմի պոետիկ պատասխանին»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տնտեսագիտական և իրավաբանական կրթություն է ստացել։ 1996-2000 թթ-ին աշխատել է Ադրբեջանի հարկերի նախարարությունում և տարբեր պաշտոններ զբաղեցրել, 2002-2013 թթ-ին մասնավոր իրավաբանական ընկերություն է գլխավորել։ 2013 թ-ին կրթության փոխնախարար է նշանակվել, հինգ տարի անց՝ նախարար։ 2020 թ-ի հուլիսին դարձել է Ադրբեջանի արտգործնախարար։