«Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է»․ Փաշինյան
Փաշինյանի ելույթը Աստանայում
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր է նաև ԱՊՀ դերը»,- Աստանայում անցնող ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացայի, տարածաշրջանայաին հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին։ Փաշինյանը շեշտել, որ հարցերի լուծման համար՝ «միակ բանը, որ ակնկալվում է Ադրբեջանից, կառուցողականությունն է»։
JAMnews-ն առանձնացրել է Հայաստանի վարչապետի ելույթի կարևորագույն դրվագները։
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր»
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի։ Ասում է՝ այդ մասին են վկայում վերջին հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը։
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին «ոչ ադեկվատ արձագանքը», ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ։
Փաշինյանը խոսում է սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին։ Տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների «ոչ ադեկվատ արձագանք» ասելով՝ նկատի ունի ՀԱՊԿ ռազմական դաշինքի անգործությունը։ Հայաստանն այս կազմակերպությանն է դիմել՝ որպես անդամ երկրներից մեկը։
Երկօրյա ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Զոհերից երեքը և անհետ կորածներից երկուսը խաղաղ բնակիչներ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։
Փաշինյանի փոխանցմամբ՝ մինչ այժմ Բաքուն խոչընդոտում է զոհվածների դիերի դուրսբերմանը, Հայաստանը չի կարողանում աճյունները դուրս բերել միջդիրքային գոտիներից, որոնք երկրի սուվերեն տարածքում են։
«ԱՊՀ-ն ունի՞ սահմաններ»
Հղում անելով ԱՊՀ հիմնարար փաստաթղթերին՝ Հայաստանի վարչապետը շեշտել է, որ դրանց համաձայն՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն։ Երկու երկրները նաև հաստատել են, որ այդ հիմքով են իրականացնելու նաև սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքները։
«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է ԱՊՀ երկրների պետական սահմանները, որոնք հաստատվել են 1991 թվականին ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով։ ԱՊՀ անդամ երկրները հարգո՞ւմ են ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով ճանաչված սահմանները»,- հարցրել է նա։
Փաշինյանի խոսքով՝ «այս հարցերի պատասխանը առանձնահատուկ սրություն է ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով»։
Բանն այն է, որ ԱՊՀ երկրների կազմում են նաև Հայաստանի ռազմական դաշնակիցները։ Խոսքը ՀԱՊԿ ռազմական դաշինքի մասին է, որին Հայաստանը դիմեց, երբ Ադրբեջանի Զինված ուժերը ներխուժեցին երկրի սուվերեն տարածք առաջին անգամ՝ անցած տարվա մայիսին, և վերջերս՝ սեպտեմբերի 13-14-ին։ Կազմակերպությունը որևէ քայլ չձեռարկեց իր դաշնակցին պաշտպանելու համար։ ՀԱՊԿ-ից հնչած միակ բացատրությունն այն էր, թե չեն կարող արձագանքել, քանի որ սահմանազատում չի իրականացված։
«Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը»,— ասել է Փաշինյանը։
Վարչապետը սահմանները ճանաչելու հարցը բարձրացրել է՝ շեշտելով, որ դրական պատասխանը շատ կարևոր է «ԱՊՀ տարածքում կայունության և և անվտանգության համար»։
«Բաքուն մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը»
Փաշինյանը նման տեսակետ է հայտնել՝ շեշտելով, որ սա արվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր և «քաղաքական շահերի հասնելու» նպատակով։
Վարչապետի փոխանցմամբ՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է անհապաղ փոխանակվեին բոլոր գերիները, այնինչ Ադրբեջանը հարցը կապում է ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ։
Փաշինյանը վստահեցրել է՝ Հայաստանն արդեն իսկ Ադրբեջանին տրամադրել է «ականապատ դաշտերի՝ իր ունեցած բոլոր քարտեզները» և չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ․
«Ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստուգել այս հայտարարությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ»։
Հայաստանի ղեկավարը նշել է, որ քարտեզների տրամադրումից հետո էլ Բաքուն գերիների ազատ արձակման հարցը սկսել է կապել Ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման հետ։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդից հետո՝ 217 մարդ, որոնցից 196-ը զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։
«Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհետ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ»,- հայտնել է նա։
Փաշինյանն ընդգծել է՝ ադրբեջանական կողմը 30 տարի մերժել է մարդասիրական հարցերում համագործակցության առաջարկները, իսկ ականների և անհետ կորած քաղաքացիների մասին «հիշել է միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին»։
Այս փաստն, ըստ նրա, հստակ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները։
«Իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերն անընդունելի են»
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է մուսուլմանական բազմաթիվ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների հետ։
«Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք»,— ընդգծել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Այս գործընթացում «Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է»։
«Ականապատումը մեր իրավունքն է»
Արձագանքելով Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնք հնչել են նույն՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ականապատում է իրականացնում իր սուվերեն տարածքում․
«Եվ դա մեր իրավունքն է` ձեռնարկել անվտանգության ինչ-որ քայլեր` մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։
«Սաբոտաժ է»․ միջանցքային տրամաբանության մասին
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքի» թեմայի շրջանառումը Փաշինյանը որակել է որպես «2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ»։ Հիշեցրել է՝ փաստաթղթում հիշատակվում է միայն մեկ միջանցք՝ Լաչինի միջանցքը։ Այդ միջանցքի հետ զուգահեռներ տանելն, ըստ նրա, մանիպուլյատիվ է։
Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ճանապարհների շուտափույթ բացման, բայց դրանք «պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են»։ Նա վստահեցրել է՝ Երևանը պատրաստ է Բաքվի հետ համաձայնեցնել նաև տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցման հարցը ու հավելել՝ այս հարցում ևս Ադրբեջանից կառուցողականություն է ակնկալվում։
Փաշինյանի ելույթը Աստանայում