Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս երեք ռազմագերի
Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս երեք ռազմագերի։ Նրանց տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Նրանց վերադարձը տեղի է ունեցել՝ շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի և Ադրբեջանի վրա միջազգային աճող ճնշման ֆոնին, հաղորդել են կառավարությունից։
«Հույս ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական շարունակությունը կունենա և շուտով կավարտվի», — նշել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից։
- Ադրբեջանի և անհայտության գերիները․ նրանց գտնելու և վերադարձնելու հայկական կողմի փորձերը
- Ռազմագերիների և Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հարցեր․ Պուտին-Փաշինյան բանակցությունները Մոսկվայում
Տեղեկություններ Երևանից
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել 2021 թ-ի փետրվարի 9-ին։ Այն ժամանակ հայրենիք էր վերադարձել հինգ հայ ռազմագերի։ Ընդհանուր առմամբ, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 66 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 մարդ։ Նրանց թվում էին 2020 թ-ի աշնանը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ գերեվարվածները, ինչպես նաև դրանից տարիներ առաջ Արցախում երեխայի սպանության, լրտեսության և այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Պատերազմից առաջ հայկական կողմը չէր համաձայնում վերադարձնել նրանց։
Ադրբեջանում է դեռ մնում նվազագույնը 59 մարդ։ Նրանք բոլորն, ինչպես այսօր Երևան վերադարձածները, ծնունդով Հայաստանի Շիրակի մարզից են։
Բաքուն ավելի վաղ հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում 62 զինվորական է գերեվարել 2020 թ-ի դեկտեմբերին, այսինքն՝ ռազմական գործողություններից ավարտից հետո։ Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել՝ դիվերսանտներ անվանելով։
Սակայն հայկական կողմը վկայակոչում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը, որի համաձայն՝ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիներն ու պահվող անձինք։
Հայ իրավապաշտպանները պնդում են, որ Ադրբեջանում շարունակում է պահվել ևս մոտ հարյուր ռազմագերի։ Ադրբեջանական կողմը չի հաստատում այս տեղեկությունը։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած հումանիստական քաղաքականության համաձայն՝ ազատ են արձակվել երեք հայ զինծառայողներ, որոնք զինաթափվել են Ղարաբաղում 2020 թ-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո»։
Դա Վարդանյան Ռոբերտն է, Շուխյան Սամվելն ու Թամրազյան Սեյրանը։
«Հետաքննության ընթացքում հաստատվել է, որ այդ անձինք հայ զինծառայողներ են, սակայն նրանց մասնակցությունը հանցավոր գործունեության, որի հետևանքով սպանվել կամ վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք, հաստատված չէ», — ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի դիրքորոշումը պահվող անձանց վերաբերյալ
2020 թ-ի դեկտեմբերին Արցախի Մարտունու շրջանի տարածքում ձերբակալվել է Հայաստանի ԶՈւ 62 զինծառայող։
Նրանց վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը տեղի և արտասահմանյան լրագրողների համար տված ասուլիսում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
«Ռազմական գործողությունների ավարտից հետո, մեր տվյալներով, նոյեմբերի 20-ի կողմերը, Հայաստանի Շիրակի մարզից՝ Գյումրի քաղաքից և հարակից շրջաններից, ավելի քան 60 հոգանոց ջոկատ է ուղարկվել, որը, պարզ չէ, թե ինչպես, Լաչինի միջանցքով անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Պարզվել է, որ դա դիվերսիոն խումբ է, որը գրոհներ է իրականացրել ինչպես մեր զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակիչների վրա […]։
Բնականաբար, մենք հակաահաբեկչական գործողություն ենք իրականացրել, որի արդյունքում մի քանի ահաբեկիչ ամբողջովին վնասազերծվել է, ավելի քան 60-ը՝ գերեվարվել։ Այսօր, երբ նրանց փորձում են ռազմագերի անվանել, կարծում եմ՝ գիտակցաբար աղավաղում են հարցի էությունը […]։
Նրանք ահաբեկիչներ և դիվերսանտներ են։ Եվ Հայաստանի կամ որևէ այլ երկրի կողմից ցանկացած շահարկում տեղին չէ»։