Ադրբեջանը նշում է Խոջալուի ողբերգության 25-ամյակը
Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանում Ղարաբաղի՝ ադրբեջանցիներով բնակեցված Խոջալու քաղաքում տեղի ունեցած ողբերգության հիշատակման օրն է:
Այսօր առավոտյան 40 հազարից ավել մարդ է մասնակցել Բաքվում անցկացված երթին, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևն ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
Մարդիկ զոհերի նկարներ և ադրբեջաներենով, ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով պաստառներ էին պարզել՝ ողբերգության մեղավորներին պատասխանատվության կանչելու և այդ իրադարձություններին միջազգային գնահատական տալու պահանջով:
Կատարվածի վարկածն ադրբեջանական կողմից
1992թ-ի փետրվարի լույս 26-ի գիշերը զինված հայկական ջոկատները ծանր տեխնիկայի և խորհրդային բանակի՝ Ղարաբաղում տեղակայված 336-րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողների օգնությամբ գրոհեցին և գրավեցին ադրբեջանցիներով բնակեցված Խոջալու քաղաքը: Այդ գործողությունը սարսափելի ողբերգության վերածվեց և հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ դարձավ՝ վերածվելով ղարաբաղյան պատերազմի ամենաարյունալի էջերից մեկի:
Կատարվածի վարկածը հայկական կողմից.
Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին տված հարցազրույցում ասել է.
Խոջալուից առաջ ադրբեջանցիները մտածում էին, որ մեզ հետ կարելի է կատակ անել, նրանք մտածում էին, որ հայերն ունակ չեն քաղաքացիական բնակչության վրա ձեռք բարձրացնել: Մենք կարողացանք կոտրել այդ [կարծրատիպը]: Ահա թե ինչ տեղի ունեցավ: Եվ պետք է նաև հաշվի առնել, որ տղաների մեջ մարդիկ կային, որոնք փախել էին Բաքվից ու Սումգայիթից
Աշխարհի ավելի քան 10 երկրներ և ԱՄՆ ավելի քան 20 նահանգի օրենսդրական մարմիններ Խոջալուի իրադարձությունները ճանաչել են որպես ցեղասպանության ակտ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողբերգության սեփական հետաքննությունն է անցկացրել: Զեկույցում իրադարձությունները հետևյալ կերպ են շարադրված.
Մի քանի տասնյակ նահանջող պաշտպաններով ուղեկցվող բնակիչների մի հոծ զանգված փախչում էր քաղաքից այն բանից հետո, երբ այն անցել էր հայկական զինված ուժերին: Երբ նրանք մոտեցան Ադրբեջանի հետ սահմանին, բախվեցին հայկական զինված անցակետին և դաժանորեն գնդակահարվեցին
Մոսկվայում տեղակայված մեկ այլ իրավապաշտպան կազմակերպության՝ «Մեմորիալի» հաշվետվությունում ասված է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական անձանց և գրոհի մասնակիցների խոսքով՝ Խոջալուի բնակչությունը գրոհի սկզբում տեղեկացվել է նահանջի համար «հումանիտար միջանցքի» առկայության մասին
Սակայն այդ տեղեկատվությունը հաղորդած անձինք չէին բացառում, որ Խոջալուի բնակչության մեծ մասը կարող էր լսած չլինել «ազատ միջանցքի» մասին հաղորդագրությունը կրակոցների և բարձրախոսների ցածր հզորության պատճառով»:
Human Rights Watch-ը գրում է, որ հարցված ականատեսներից ոչ ոք չի իմացել միջանցքի գոյության մասին, որով հնարավոր կլիներ լքել քաղաքը:
[yes_list]
- Զոհերի ճշգրիտ թվի մասին մինչ այժմ միասնական կարծիք չկա: Ադրբեջանական կողմի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հայկական զինված կազմավորումների գործողության արդյունքում քաղաքում գտնվող 3 հազար հոգուց սպանվել է 613-ը, այդ թվում՝ 106 կին, 63 երեխա և 70 ծեր: 487 խաղաղ բնակիչ ծանր վիրավորում է ստացել, 1275 մարդ գերի է վերցվել, 197-ի ճակատագիրը դեռևս հայտնի չէ: Ամբողջությամբ ոչնչացվել է 8 ընտանիք: Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալն առավել արժանահավատ է համարում Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի հրապարակած թիվը՝ 485 զոհ (ներառյալ ճանապարհին սառչածները):
- Հայկական կողմի կորուստներն աննշան էին: Ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» տեղեկատվությամբ՝ Խոջալուի գրոհի ժամանակ 7 հայ է սպանվել, 20-ը վիրավորում է ստացել: Հայկական կողմի այլ տեղեկատվության համաձայն, այդ օրը մինչև 10-12 մարդ է զոհվել:
- Խոջալուի ողբերգությունն Ադրբեջանում իշխանափոխության պատճառ դարձավ: 1992թ-ի մարտի 6-ին հանրապետության առաջին նախագահ Այազ Մութալիբովը ստիպված եղավ հրաժարական տալ [/yes_list]
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ